
Հերթական միջոցառումը Դդմաշեն բնակավայրի գրադարանում կրկին իր շուրջն էր հավաքել գիրքն ու գիրը կարևորող բազմաթիվ ընթերցողների։ Միջոցառումը համընկել էր գրադարանավարի օրվան։ Մի բան, որ շատ կարևոր է մասնագիտությունը գնահատված զգալու համար։
Մշակութային կյանքի ամեն մի երևույթ ունի իր խորհուրդն ու նշանակությունը, որոնք իրենց ներդաշնակությամբ ու տիեզերքի խորությամբ պատկերավոր տեղ են զբաղեցնում մարդուն իր ներաշխարհի հիմքում։ Հազիվ թե հարկ կա ապացուցելու, որ հայոց գրի ու գրչի մեծերը մնայուն ու ասպետական կերպարներով մեզ են ժառանգել իրենց սրտից բխած գոհարները, սկսած վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, դասդասելով ճշմարիտ խոսքի արվեստը, մեր «Առավոտ լուսոները», մեր տաղիկներն ու շարականները, մեր անտունիները ու հորովելները, մեր դյուցազներգությունն ու ժողովրդական էպոսը։
Գրական Հնի ու Նորի որ խաչմերուկում որ կանգ առնենք, այն մեզ ուժ կտա․․․ Այն մեզ կտա էպիկական, քնարերգական, վիպական, առասպելական երգերգություն, գրականից դեպի հնգակամար մշակութային պաթոս՝ երգ, պար, բանահյուսություն ու բանաստեղծական քնարերգություն, խոսքի մշակույթ, ինչը որ բխում է մարդու ներաշխարհից։ Դժվար է բառերով արտահայտել արվեստի ու գրականության անժխտելի կապի ուժը, որով միաձուլվել են հայ գրականության մեծերն ու ձեռք-ձեռքի տված պատմում մեր ազգի անցած ճանապարհի ոտնահետքերը, մեր ազգի օրհնաբանումը, Ի խորոց սրտի՝ ձայն հառաչանացը․․․ Պատմում ու երգաբանում են Մաշտոց ու Նարեկացի, պատմերգում Սայաթ-Նովա ու Կոմիտաս, պատմաբանում Խորենացի, Աբովյան, Թումանյան, Իսահակյան, Լևոն Շանթ ու Վարուժան, Չարենց ու Տերյան, Պարույր Սևակ ու Հովհաննես Շիրազ, Համո Սահյան ու Հրանտ Մաթևոսյան․ Մեծ դասականներից մինչև երիտասարդ ստեղծագործողներ՝ Հովհաննես Գրիգորյան ու Տիգրան Նիկողոսյան, Անատոլի Հովհաննիսյան, Հրաչ Բեգլարյան, Աննա Պետրոսյան ու Անդրանիկ Ավետիսյան և էլի ու էլի այլ գրական դեմքեր․․ Ճանապարհին խոնարհումով խոնարհվել այն կանգառներում ու խաչմերուկներում, ովքեր կերտել են հոգևոր Հայաստան ու Հայագիտական հանրագիտարան։ Ով և ովքեր մեր պանթեոնում լուսավորել ու լուսավորում են իրենց ազգի Տոհմածառով։ Եկեք ծնկաչոքենք մեր յուրաքանչյուր պատարագը, հնչեցնելով նրանց հոգելույս խորհրդին ասելով՝ Խաչը մեր Կենաց Ծառն է՝ Հավերժ Պտղաբերությամբ․․․

Եկեք կյանքի մեր օրը հիշատակենք մշակութային գունագեղությամբ։ Համբուրենք այն Ծնողաց ձեռքը, հայրենիքն ու հայրենի հողը, այն խրճիթն ու Տուն-Օջախը, որտեղ որ ծնվել են մեր ազգի Մեծերը, այդ թվում նաև հայրենի հողի հոգելույս Հերոսները, բոլոր ժամանակների անմահացած Հայորդիները։
Այդ խորհրդով գրադարանում գրական ցերեկույթը կրում էր երեք վերնագրիր՝ «Հայոց էթնոգույները», «Արվեստի և գրականության խաչմերուկներում», «Սասնա Ծռեր» էպոսի ոսկե դարը։
Միջոցառման սկիզբը ազդարարում էր Հայկական էպոսից մի հատված, ինչը Արծվալեզու ու արծվագոչ խոսք ու երաժշտությամբ կարծես բացեց Ագռավաքարի դուռը, որ պատմի Ոսկեդարի խորհուրդը՝ օրվա ասելիքով լեփլեցուն։
Հայ գրականության գանձարանի Ոսկե ֆոնդի ընտրագույներով մեկը մյուսին հաջորդում ու ձայնձայնում էին միջոցառման մասնակից ասմունքողները՝ գրադարանի ընթերցողներ, դպրոցի շնորհալի աշակերտներ՝ Հրաչ Կիրակոսյանը, Արման Մարտիրոսյանը, Ղուկաս Ղուկասյանը, Սամվել Գրիգորյանը, Արինա Ստեփանյանը, Աննա Անտոնյանը, Աննա Հայրապետյանը, Մանե Խաչատրյանը։
Գրքատանը ցուցադրվում էր 2026 թվականի հոբելյանական տարելիցների շարքը։
Պոեզիայի զբոսանքը գրադարակներից դուրս էր եկել ու տարածվել օդում, ունկնդրի լսողության մեջ՝ դառնալով ազգային էթնոգույներ իր գունագեղությամբ։
Արվեստը, գրականությունը, գրատանը հանդիպելով նույն խաչմերուկում, ստեղծել էին գրական ճաշակ ու բարձր տրամադրություն։ Մթնոլորտը շիկացած էր հայոց գրքերի ու գրերի հոգևոր օջախում, որտեղ թևածում էր Տաճարի մաքրությունը։ Օրը հագեցած էր ծով ասելիքով, որը լեցուն էր պոեզիայի շնչով ու ծաղիկների բույրով։ Ներկաները վայելում էին ասմունքի, շնորհավորանքի գեղեցիկ խոսքեր, ուր կար ծափեր ու խոնարհում։
Ներկաները շնորհակալական խոսքեր ուղղեցին միջոցառման մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ կրին հանդիպելու ակնկալիքով։
Ֆլորա Գրիգորյան
Դդմաշենի գրադարանի տնօրեն