Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԳԵՂՀՈՎԻՏԻ ԱԼԲԵՐԴ ԿԻԿԼՈՊՅԱՆ ԱՄՐՈՑԸ

  
Ալբերդ կիկլոպյան դարաշրջանի ամրոցի ավերակները գտնվում են Գեղհովիտ գյուղի արեւմտյան հոտվածի սարահարթ ու ձվաձեւ տեսք ունեցող բլրի վրա, Մարտունի գետի ձախափնյա հատվածում։
Այս ամրոցը շատ վաղուց է հայտնի նույնիսկ միջազգային գիտական շրջանակներին ու հիշատակված է նաև միջնադարյան հայ մատենագրության մեջ։
Ինչպես վկայում է 11-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Ասողիկ Տարոնցի պատմիչը, Ալբերդ ամրոցը մեր թվարկության 830-ական թվականների միջակայքում ենթարկվել է Բյուզանդայի կայսր Թեոփիլոսի բանակի կործանարար արշավանքին, որից հետո դադարել է գոյություն ունենալուց։ «Սա ի խաղալն իւրում յարևելս կոյս ի սահմանս Հայոց՝ առնու զԾմու բերդն հայոց, զԱսաղին և զՄեծկերտ և զԱլրերդ ի գավառին Գեղամայ»։
Դժվար չէ եզրակացնել, որ հունաց կայսեր արշավանքը տեղի է ունեցել արաբաբյուզանդական մրցակցության պայմաններում, ճիշտ նույն ժամանակներում, երբ Հայաստանը դեռ գտնվում էր երկու նվաճող երկրների լծի տակ ու հաճախակի էր ոտքի կոխան դառնում նրանց բանակների արշավանքների ժամանակ։
Դժվար չէ ենթադրել նաեւ, որ բյուզանդական սպառազեն բանակը ամրոցն ու բնակատեղին կործանելուց առաջ այստեղից շատ մեծ ռազմավար է վերցրել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ ժամանակ Ալբերդն ու շրջակա բնակավայրերը, գտնվելով քարավանային ճանապարհների հատման կետում, դարձել էին վաճառաշահ շեներ՝ մեծ եկամուտ ստանալով նաեւ անասնապահությունից, ձկնորսությունից, հողագործությունից։ Այնպես որ, ինչպես արաբական, այնպես էլ բյուզանդական արշավանքները բացառապես կրել են կողոպտիչ բնույթ։
Սա Ալբերդ ամրոցի կործանման փաստն ու տարեթիվն է, իսկ ո՞րն է նրա սկզբնավորման ստույգ ժամանակաշրջանը։
Հայ ու միջազգային հնագիտական կարծիքների համաձայն՝ Ալբերդ ամրոցը կառուցվել է Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակի վերջի ու 1-ին հազարամյակի սկզբում։ Ամրոցն իր գոյության հազարամյակների ընթացքում քանիցս վերակառուցվել է ժամանակների պահանջներին համապատասխան։
Այն իշխող դիրք է գրավում ինչպես Մարտունի քաղաքից դեպի Վարդենյաց լեռնանցք ու Արգիճիի սարահարթ, այնպես էլ Մարտունի գետի ակունքներ ձգվող Մթնաձոր հանդամասի ճանապարհների վրա։
Ալբերդ ամրոցի դիմաց, ձորի հանդիպակաց բաձրձունքում է գտնվում Կիկլոպյան դարաշրջանի մեկ այլ ամրոց, որին տրվել է «Ջոջ կողի ամրոց» անվանումը։
Ալբերդը տեղաբաշխված է Միջնադարյան Հայաստանի հռչակավոր ավաններից մեկից՝ Կոթաքաղաքից ընդամենը հաշվված կիլոմետրերի վրա։ Ալբերդի արեւմտյան թեւում Մադինայի կիկլոպյան ամրոցի ու քարայր կացարանի ավերակներն են՝ դարձյալ հաշվված մի քանի կիլոմետրի վրա։ Նրանից հարավարեւելք տեղաբաշխված է Մթնաձորի կիկլոպյան ամրոցը, որը հնագետ Գեդեոն Միքայելյանի մոտ նշված է «Դաշտադեմի ամրոց» անունով։ Ալբերդի դիմաց է ժամանակին կառուցվել Թուխ Մանուկ մատուռը, ուր օրեր շարունակ հանգիստ են առել Քրիստոնեական եկեղեցու հայտնի քարոզիչ Մամասի մասունքները։ Ալբերդին շատ մոտ է գտնվում նաեւ Գեղհովիտի սուրբ Գեւորգ եկեղեցին, որը թեեւ համարվում է 15-16-րդ դարերի կառույց, սակայն իր տարածքում կրում շատ ավելի վաղ դարաշրջանների մշակութային հետքեր։
Ալբերդից մեկ-երկու կիլոմետր հարավ էլ փռված է պատմական մեկ այլ միջավայր՝ Մթնաձորի երեք ավերված գյուղտեղիների պատմական գերեզմանոցներն ու Սուրբ Ստեփանոս եկեղեցին ու «Հերի Բերդ» ամրոցը։
Այս ամրոցի մասին առաջին գիտական ուսումնասիրությունը կատարել է անվանի հանգետ Գեդեոն Միքայելյանը․ «Ամրոցը բռնում է մոտ մեկ հեկտար տարածություն, նրա երկարությունը կազմում է շուրշ 150 մետր, իսկ միջին լայնությունը՝ 65 մետր։ Պարիսպներն անցնում են բարձունքի եզրերով։ Ամրոցը ունեցել է երեք շարք պարիսպներ, որոնց հեռավորությունը միմյանցից 15-20 մետր է։ Վերջին՝ գլխավոր պարսպի չորս անկյուններում երևում են աշտարակների հիմքեր, որոնցից հարավարեւմտյանը մենք մասամբ պեղեցինք։ Աշտարակների քարերը տաշված են, առավել ողորկ կողմերը դարձված են դեպի դուրս։ Շարվածքի տեխնիկան հիշեցնում է Լճաշենի ամրոցի առաջին միջնաբերդի հյուսիսային մուտքի աշտարակը։ Աշտարակի ճակատն ունի 6,8 մետր երկարություն և 3,65 մետր լայնություն։ Աշտարակի պեղման ժամանակ հայտնաբերվել են խեցեղենի բազմաթիվ բեկորներ, օբսիդյան քարի փշրանքներ։ Հողի մեջ կային հում աղյուսի կտորներ։ Ամրոցի ներսում, ինչպես նաև նրա արևմտյան լանջում, երևում են քառանկյունի կացարանների պատերի մնացորդներ։ Բարձունքի հյուսիսային ստորոտում գյուղացիները երկու մետր խորությունից գտել են սյան երկու քարե խարիսխ, սրանց հետ նաեւ միջին մեծության մի կարաս։ Գտնվել է նաեւ կիսափտած մի գերան եւ մի սրբատաշ բազալտ քար (0,63 X 0,55 X 0,24 խորանարդ մետր)։ Քարի մի կողմը կլորացված է, որ հիշեցնում է քիվի քար։ Ամրոցում ջուր չկա, սակայն, գյուղացիների պատմելով, վերեւի լեռնային աղբյուրի շրջակայքում վարելիս գտել են կավե փողրակների կտորներ, եւ ենթադրվում է, որ ջուրը, այդ կավե խողովակներով բերվել է ամրոց։ 1931 թվականին Գեղհովիտ գյուղում գտնվել է մի արամեատառ արձանագրություն, որը գտնվում է Հայաստանի Պետական պատմական թանգարանում։ Ամրոցի շրջակայքում, Գեղհովիտ գյուղի եւ Մարտունի ավանի միջեւ ընկած տարածության վրա կան բազմաթիվ դամբարաններ»,-գրում է Գեդեոն Միքայելյանը «Սեւանի ավազանի կիկլոպյան ամրոցները» գրքում։
Ալբերդ ամրոցում հնագիտական պեղումների եւ ուսումնասիրությունների երկրորդ փուլը սկսվել է 1990-ական թվականների վերջերին, հայ-իտալական հնագիտական միացյալ արշավախմբի կողմից, որը գլխավորում էին հայտնի հնագետ-ուրարտագետներ Սիմոն Հմայակյանը եւ Ռաֆայելե Բիշիոնեն։ Արշավախմբի կազմում էին նաեւ հնագետներ Նեդա Պարմեջիանին, Հայկ Հակոբյանը, Գարիկ Թումանյանը, գեոդեզիստ Ժորա Շեկյանը, ճարտարապետ Հովհաննես Սանամյանը։
Տողերիս հեղինակին բախտ է վիճակվել՝ անձամբ լինելու պեղումների վայրում, զրուցելու պեղող հնագետների ու արշավախմբի ղեկավարների հետ։ Այդ ուսումնասիրությունները եւս մեկ անգամ փաստեցին Ալբերդ ամրոցի պատմամշակութային բազմաշերտության ու հազարամյակներով գրեթե չընդմիջվող մարդկային կյանքի գոյության մասին։
«Մեր արշավախմբի գլխավոր նպատակը սկզբնական շրջանում մաքուր ուրարտական հուշարձանների ուսումնասիրությունն էր, պատմագիտական նոր արժեքների բացահայտումը Սեւանա լճ ավազանում, որտեղ ժամանակին Ուրարտու պետությունն ունեցել է բավականին նկատելի ու տեւական ներկայություն։ Սակայն մեր աշխատանքների ընթացքում համոզվեցինք, որ մաքուր ուրարտական հուշարձաններ, որպես այդպիսին, գոյություն չունեն Սեւանի ավազանում, քանի որ ուսումնասիրության նպատակով ցուցակագրված, մեր աշխատանքային ծրագրում ներառված ավելի քան երկու տասնյակ ամրոցներում առկա են պատմամշակութային մի քանի շերտեր, որոնցից մեկի օրինակն էլ Ալբերդ ամրոցն է։ Այսպես, պեղումներով հաստատվեցին, որ ամենավերին շերտում գործ ունենք միջնադարյան, հաջորդ շերտում՝ հետուրարտական Հայաստանի պատմամշակութային շերտի հետ։ Որարտական մշակույթին հանդիպեցինք միայն երրորդ շերտում՝ հասնելով աղյուսե շինություններին, որը յուրահատուկ է միայն ուրարտական ժամանակաշրջանի կառույցներին։ Իսկ դրանից ցած, արդեն չորրորդ շերտում, նախաուրարտական կամ Հին Հայաստանի մշակութային շերտն է, որի վրա էլ բարձրացել է ուրարտական քաղաքակրթական շերտը»,-մարզային «Գեղարքունիք» թերթին տված հարցազրույցում նշեց արշավախմբի համաղեկավար, հնագետ Ռաֆայելե Բիշիոնեն։
Ալբերդ ամրոցը գտնվում է Արգիճի գետի արեւելյան ափին մոտիկ, նրա ստորին հոսանքներում, ուստի եւ անհնար է, որ այն չունենա ջրամատակարարման համակարգ, որը կարող էր սնվել ինչպես գետի վերին հոսանքներից, այնպես էլ հարավային կողմի բարձրադիր լեռնալանջերից բխող հորդ աղբյուրներից։
Իսկ Գեղհովիտից գտնված արամեատառ արձանագրությունը փաստում է այն մասին, որ Ալբերդը շեն ու հզոր ամրոց ու բնակատեղի է եղել նաեւ Արտաշիսյան հարստության օրոք։
Ցավոք, հետագա տարիներին Ալբերդում հնագիտական պեղումները չշարունակվեցին, մեծ ծախսեր պահանջող աշխատանքների պատճառով հնարավոր չեղավ ամրոցը հողից մաքրել ամբողջությամբ կամ մասամբ, բացահայտել նոր իրողություններ։ Սակայն եղածն էլ քիչ չէ՝ գաղափար կազմելու այն մասին, որ գործ ունենք միջազգային հնչեղություն ունեցող պատմական հուշարձանի հետ, որ այստեղ դարավոր գաղտնիքներ կան դեռեւս թաղված հողի հաստ շերտի տակ, որոնց մի մասը ժամանակի ընթացքում, հատկապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, պատահաբար գտել են մարդիկ, որոնց մասին եւ վկայում է Գեդեոն Միայելյանը։ Սա միաժամանակ խոսում է այն մասին, որ Ալբերդ ամրոցի տարածքը միշտ եղել է խիտ բնակեցված, ապրել եռուն ու ստեղծագործ ընթացքի մեջ, ստիպված է եղել նաեւ հաճախակի դիմագրավել նվաճող ու ասպատակող բանակներին։
Թե՛ ամրոցի վրա նստած հողի հաստ շերտը, թե՛ նրա շրջակա տարածքներում պահպանված հնագույն դամբարանները պեղելու դեպքում, համոզված եմ, որ մեր դեմ կբացվեն ավելի հարուստ, հետաքրքիր տեղեկություններ ու պատմագիտական արժեքներ այս առեղծվածային, Աստծո տարիքին հավասար տարածքի մասին։
Խոսրով Խլղաթյան
15 դիտում