
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում 5 փողոցներում։
Ինչպես տեղեկացրեց Ծովինարի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը, Ծովինարի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 130 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցում Ծովինարի 5 տարբեր փողոցներում, երկաթբետոնյա կիսախողովակներով, 1065 մետր ընդհանուր երկարությամբ։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2026 թվականի սեպտեմբերից և նոյեմբերի 18-ի դրությամբ իրականացվել շուրջ 80 տոկոսով։ Աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել այս տարվա ընթացքում։
Ծրագրի իրականացման արդյունքում 2027 թվականի ոռոգման շրջանի մեկնարկից ջուրը Ծովինարի 150 տնտեսություններին կմատակարարվի անկորուստ ու ժամանակին։
Գեղամա աշխարհ