Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի համայնքապետարանի ներկայացուցիչները մասնակցել են Գերմանիայում կայացած աշխատաժողովին

 

Հայաստանի Հանրապետության համայնքներից էներգետիկ կառավարման 16 մասնագետներ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ միասին վերջերս մասնակցել են  Գերմանիայում տեղի ունեցած 7-օրյա աշխատաժողովին։

Ինչպես   տեղեկացրեց աշխատաժողովի մասնակից,  Գավառի պետական համալսարանի դասախոս, Գավառի համայնքապետարանի աշխատակից Լալա Մկրտչյանը, աշխատաժողովի ընթացքում ուսումնասիրվել է  Գերմանիայի Բավարիա երկրամասի Շվաբիա վարչական շրջանում գտնվող Քեմփտեն, Մեմմինգեն և Բոբինգեն քաղաքային համայնքների հաջողված փորձը, քննարկվել են էներգետիկ կառավարման խնդիրների ժամանակակից լուծումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել  հանրային շենքերի էներգաարդյունավետության և ջեռուցման, օդափոխության ու օդորակման խելացի համակարգերի ապահովման, վերականգնվող էներգիայի ստացման, էներգիայի կուտակման մարտկոցների, հողմային և գրունտային ջրերի էներգիայի, ջերմային պոմպերի կիրառման հետ կապված հարցերին։

«Գեղարքունիքի  մարզից աշխատաժողովին մասնակցում էին նաեւ Մարտունու և Վարդենիսի համայնքապետարանների երկուական ներկայացուցիչ։ Ձեռք բերված գիտելիքներն ու փորձը մասնակիցները պատրաստ են կիրառել իրենց համայնքներում՝ նպաստելով կայուն և դիմակայուն էներգետիկ լուծումների ներդրմանը։ Աշխատաժողովն անցավ հետաքրքիր ու բովանդակալից մթնոլորտում, որի ընթացքում մենք հասցրինք շատ բան յուրացնել էներգիայի խնայողության, հանրային շենքերի էներգաարդյունավետության ու մի շարք այլ ուղղություններում»,-ներկայացրեց Լալա Մկրտչյանը։

Աշխատաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի կառավարության և Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ, GIZ-ի կողմից իրականացվող «SE 4 Resilience» ծրագրի՝ մարդկային կարողությունների զարգացմանը միտված միջոցառումների շրջանակում։

Գեղամա աշխարհ

 

0 դիտում