Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ճամբարակ քաղաքի կենտրոնական փողոցի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի կենտրոնական՝ Գարեգին Նժդեհի փողոցում ավարտին են մոտենում հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Ճամբարակի կենտրոնական փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 608 միլիոն 610 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ճանապարհի երթևեկելի մասի հիմնանորոգում՝ 1400 գծամետր երկարությամբ և 11780 քմ մակերեսով, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրմամբ,  մայթերի վերակառուցում, ջրահեռացման համակարգի տեղադրում, այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի նոյեմբերից ու վերսկսվել 2026 թվականի ապրիլից։ 2026 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ արդեն աշխատանքները գտնվում են ավարտակա փուլում։ Առաջիկա օրերին կիրականացվեն նաև ճանապարհի գծանշման և կահավորման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքներն իրականացրել  է «Ճան Շին» ՍՊԸ-ն։

Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Ճամբարակի կենտրոնական փողոցում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց՝ 182 միլիոն 271 հազար դրամ արժեքով, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով, 54 միլիոն դրամի ներդրմամբ, Ճամբարակի կենտրոնական փողոցում կառուցվել է 145 մետր երկարության հենապատ։

Իրականացված ծրագրերի արդյունքում Ճամբարակի Գարեգին Նժդեհ փողոցը դարձել է միանգամայն բարեկարգ, անվտանգ, լուսավոր, կահավորված ու գեղեցիկ։

Նոյեմբերի 3-ին Ճամբարակի կենտրոնական փողոցում իրականացված աշխատանքների մշտադիտարկում է իրականացրել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Գեղամա աշխարհ

52 դիտում