Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՉԿԱ ԱՎԵԼԻ ՎԵՀ ԳՈՐԾ, ՔԱՆ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԻ ՇԵՆԱՑՈՒՄՆ Է

/«Գեղամա աշխարհ» թերթի հարցազրույցը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ/

Արդեն բոլորում  է հինգ տարին կամ մեկ ընտրաշրջանը, ինչ ՀՀ Կառավարության որոշմամբ ձեւավորվեց Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքը, իսկ ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովհաննես Հովեյանը։

Սույն հարցազրույցն ամփոփում  է 2021 թվականին կայացած Մարտունի համայնքի ավագանու ընտրություններում հաղթած քաղաքական ուժի, Մարտունու համայնքապետարանի և համայնքի ղեկավարի աշխատանքային գործունեության ընթացքում գրանցած ձեռքբերումներն ու արդյունքները։ Միաժամանակ անդրադարձ է արվում Մարտունի համայնքի ավագանու  հերթական  ընտրություններին, երկրորդ անգամ հաղթելու դեպքում՝ համայնքի ղեկավարի ու  համայնքապետարանի հերթական անելիքներին, ծրագրային առաջնահերթություններին։

Հարց- Պարոն Հովեյան, արդեն բոլորեց 5 տարին, ինչ Մարտունի համայնքը գործում է միավորված բնակավայրերով։ Նույնքան կենսագրություն ունի նաեւ Մարտունու համայնքապետարանը։ Ի՞նչ հաջողություններ ու ձեռքբերումներ է արձանագրել Մարտունին Ձեր ղեկավարությամբ 2021-2026 թվականների ընթացքում, ու որքանով եք արդյունավետ ու արդարացված համարում Մարտունու բոլոր բնակավայրերի միավորումը մեկ ընդհանուր համայնքի մեջ, որը եղավ ՀՀ կառավարության կողմից համայնքների խոշորացման քաղաքականության ներդրման պայմաններում։      

Պատասխան- Սկսենք հարցի վերջին մասից, քանի որ մեր ձեռքբերումները մեծապես կապված են նաեւ համայնքների խոշորացման քաղաքականության հետ։ Սկզբում շատերը դեմ էին նման ընդգրկուն ծավալներ ունեցող խոշորացմանը։ Սակայն ժամանակի ընթացքում գրեթե բոլորը տեսան ու համոզվեցին, թե որքանով է արդյունավետ նման քաղաքականության ներդրումը։ Ժամանակն, այո, ցույց տվեց, որ ամեն ինչ արդարացված ու արդյունավետ է, քանի որ խոշորացմանը նախորդած տարիների ընթացքում մեր ոչ մի բնակավայր նման  թափով ու ծավալներով զարգացում չի ապրել ԽՍՀՄ փլուզումից հետո, քան արձանագրվեց վերջին 5 տարիների ընթացում։ Ինքս երկար  տարիներ ղեկավարել եմ Վարդենիկ համայնքը, ուր բազմաթիվ ծրագրեր է  իրականացվել, նկատելի աշխատանք կատարվել մարդկանց կենսապայմանների բարելավման, սոցիալ –տնտեսական զարգացում ապահովելու  ուղղությամբ, սակայն վերջին հինգ տարիների արդյունքներն անհամեմատելի են 1996-2021 թվականներին գրանցված ցուցանիշների հետ։ Բավական է ասել, որ 2018-2025 թվականների ընթացքում Վարդենիկում պետության և համայնքի կողմից իրականացված  կապիտալ ներդրումները կազմել են 3 միլիարդ 608 միլիոն 372 հազար դրամ, որի առյուծի բաժինը, բնականաբար, բաժին է ընկնում վերջին հինգ տարիներին։ Սա շատ ավելին է, քան մեզ հաջողվել է անել այն տարիներին, երբ Վարդենիկը գործում էր որպես առանձնացված համայնք, այլ ոչ թե խոշորացված բնակավայր, որի պայմաններում մեզ հաջողվել է իրականացվել սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 32 ծրագիր։

Շարունակենք խոսել թվերի լեզվով ու կատարած աշխատանքների արդյունքներով։ Մարտունի քաղաքում վերոնշյալ ժամանակահատվածում պետության ու համայնքի կողմից կատարված կապիտալ ներդրումները կազմել են շուրջ 9 միլիարդ դրամ, Ներքին Գետաշեն գյուղում՝ 6 միլիարդ 399 միլիոն787 հազար դրամ, Գեղհովիտ գյուղում՝ 5 միլիարդ 108 միլիոն դրամ, որոնց արդյունքում յուրաքանչյուր բնակավայրում իրականացվել է 30-ից ավելի սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության ծրագրեր։

Բայց խոշորացման քաղաքականությունը ոչ միայն խոշոր բնակավայրերի զարգացման վրա է դրական ու էական ազդեցություն թողել։ Առավել քան շահել են նաեւ բնակչությամբ սակավ բնակավայրերը, որտեղ նախորդ տարիներին հազիվ մեկ-երկու ծրագիր էր հաջողվում իրականացնել, քանի որ կառավարության կողմից տրամադրվող դոտացիան հատկացվում էր բնակչության թվաքանակով, ու հատկացված գումարը հազիվ բավարարում էր աշխատավարձերի վճարմանն ու վարչական ապարատի ծախսերի պահպանմանը։

 

Իսկ խոշորացումից հետո կտրուկ փոխվեց իրավիճակը, եւ փոքր բնակավայրերը եւս ընդգրկվեցին սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում։ Այսպես, Մադինա  գյուղում, որն ամենափոքր բնակավայրերից է, վերջին հինգ տարիների ընթացքում ներդրվել է 2 միլիարդ 654 միլիոն 195 հազար դրամ, որի արդյունքում իրականացվել է 16 ծրագիր։ Առավել աչքի զարնող ու խոշոր ծրագիր է արդի չափորոշիչներին համապատասխան կրթահամալիրի կառուցումը, որի բացմանն ականատես կլինենք մոտակա ամիսների ընթացքում։ Համեմատատաբար փոքր բնակավայրերից է Ծակքարը, որտեղ վերջին հինգ-վեց տարիների ընթացքում կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 194 միլիոն դրամ, ինչի արդյունքում իրականացվել է 39 ծրագիր։ Անգամ ամենափոքր բնակավայր համարվող Լեռնակերտում, որը գործել ու գործում է Գեղհովիտ գյուղի վարչական կազմում, աննախադեպ ներդրումներ ու հսկայական աշխատանք է իրականացվել՝ դպրոցի նոր շենքի, ներհամայնքային ճանապարհների, ոռոգման ջրագծերի կառուցման տեսքով։ Այսօր արդեն այդ բնակավայրը դարձել է անճանաչելի, անգամ պետական աջակցության ծրագրով այստեղ նոր բնակարանների կառուցման ծրագիր է ներդրվում։ Ի դեպ, մեզ հաջողվել է հիմնանորոգել Լեռնակերտից Մադինա տանող ճանապարհը՝ այն դարձնելով  ասֆալտապատ ու բարեկարգ, մի բան որ չի կատարվել անգամ ԽՍՀՄ ժամանակներում։ Հիմա այդ ճանապարհը ձեռք է բերել տնտեսական ու զբոսաշրջային նկատելի նշանակություն։

Ավելին, հենց վերջին հինգ տարիների ընթացքում խոշորացման քաղաքականության ու կառավարության կողմից կատարված հսկայածավալ ներդրումների արդյունքում մեզ հաջողվել է լուծում տալ մեր համայնքում կուտակված բազմազան ու բազմապիսի հիմնախնդիրների, որոնք անգամ ԽՍՀՄ ժամանակներում իրենց լուծումները չեն ստացել։ Ի՞նչ հիմնախնդիրներ ենք ի վերջո ժառանգել մենք ԽՍՀՄ ժամանակներից ու նրա փլուզմանը հաջորդած տարիներից՝ քարուքանդ եղած, գիշերային ժամերին չլուսավորված փողոցներ, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության անբարեկարգ, դժվարանցանելի ճանապարհներ, վթարված ջրագծեր, քայքայված կամ չգործող ոռոգման համակարգեր, վթարային վիճակում գտնվող դպրոցների կամ մանկապարտեզների շենքեր, անբարեկարգ վիճակում գտնվող մշակույթի տներ, շենքային անբավարարության պայմաններում  աշխատող առողջապահական ձեռնարկություններ, սահմանված չափորոշիչներին անհամապատասխան, շրջակա միջավայրն ապականող  աղբավայրեր։

Չի եղել մի բնագավառ, որ մենք ժառա նգած լինենք առանց խնդիրների, ու հիմա, հինգ տարի անց, չկա բնագավառ, որտեղ առաջընթաց քայլ արձանագրած չլինենք։

 

Շարունակենք խոսել թվերի լեզվով՝ արդեն ամփոփելով կատարած աշխատանքների ընդհանուր պատկերը։ Նույն 2018-2025 թվականների ընթացքում Մարտունի համայնքում պետության ու համայնքի կողմից իրականացված կապիտալ ներդրումները կազմել են 47 միլիարդ 259 միլիոն 680 հազար դրամ, որի առյուծի բաժինը դարձյալ  պատկանում է վերջին հինգ տարիներին։ Կատարված ներդրումների արդյունքում Մարտունիում իրականացվել է սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության ավելի քան 400 ծրագիր, ինչը համարում եմ աննախադեպ, ահռելի ձեռքբերում։ Այդ ներդրումների հաշվին կառուցվել կամ հիմնանորոգվել է համայնքային, մարզային, միջպետական ու հանրապետական նշանակության շուրջ 220 կլիոմետր երկարության ճանապարհ, 301 կիլոմետր խմելու, 186 կիլոմետր 640 մետր ոռոգման ջրատար ցանցեր, 202 կիլոմետր 569 մետր արտաքին լուսավորության ցանց, 14 կիլոմետր 319 մետր գազատար ցանց,  մի քանի տասնյակ դպրոցների, մանկապարտեզների շենքեր, մշակույթի տներ, մի քանի տասնյակ կիլոմետրերի հասնող մայթեր։ Եվ չկա մի բնակավայր, որտեղ զարգացումն ու առաջընթացը նկատելի չլինեն։

Սակայն համայնքների խոշորացման քաղաքականության առավելության միայն սոցիալ-տնտեսական զարգացման կողմի մեջ չէ։ Այն մեծապես, ես կասեի՝ նաև մեկընդմիշտ, վերջ դրեց Մարտունու նախկին շրջանի բնակավայրերի մեջ հաճակի նկատվող ներքին տարաձայնություններին, մեկը մյուսին ստորադասելու տգեղ խոսույթին, մեր ժողովրդին ոչ հարիր այլ քայլերի։ Մենք, իրոք, դարձանք միախմբված ու կուռ համայնք, որի մարդիկ իրար շատ ամուր կապված են ոչ միայն  սիրով  ու հարգանքով, այլ նաեւ Ալաշկերտ աշխարհից բերված ազգային ավանդույթներով, բարբառով, մշակույթով, ծեսերով, արյունակցական կապերով։ Մեր շատ բնակավայրեր արդեն վաղուց իրար միավորված են թաղամասերով ու տներով, ու մի ժամանակ է գալու, որ այդպես կմիավորվեն  մնացած բոլոր բնակավայրերը, նրանց  արանքում այլեւս ազատ տարածք, սահման չի մնալու։ Մենք ունենք ու կունենանք Հայաստանի Հանրապետության ամենահզոր, ամենածաղկուն  համայնքներից մեկը Սեւանա լճի ափին, գեղատեսիլ լեռների գրկում, կենսասեր  ու արարող մարդկանցով, ովքեր անխաթար կերպով պահում, պահպանում ու հզորացնում են Հայկականությունը, հայկական սրբազան ու հինավուրց աշխարհը։

Հարց- Ի՞նչ էական ձեռքբերումներ արձանագրվեցին կրթության, առողջապահության, եւ  մշակույթի ոլորտներում

Պատասխան- Ես կասեի՝ աննախադեպ ու հսկայական։ Ճիշտ է, այս ուղղությամբ հիմնական ներդրումները եղել են պետության կողմից, սակայն համայնքի կողմից կատարված ներդրումներն էլ քիչ չեն։ Իսկ որ ամենակարեւորն  է՝ ամեն դեպքում շահել են մեր համայնքի բնակիչները, դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները, նախակրթական հաստատությունների դաստիարակներն ու սաները, բուժաշխատողները, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները։ Ներդրված միլիարդավոր դրամների մեծ բաժինը հենց ուղղվել է դեպի ձեր մատնանշած ոլորտներ։ Կառուցվել, հիմնանորոգվել, ժամանակակից գույքով ու պայմաններով ապահովվել են Ծովասարի, Աստղաձորի, Երանոսի, Ծովինարի, Վարդենիկի, Զոլաքարի, Վաղաշենի մանկապարտեզները, որոնք արդեն նորացված վիճակում վերջին երկու տարիների ընթացքում իրենց դռներն են բացել հազարավոր սաների առջեւ։ Ընդ որում, Ծովասարում ու Աստղաձորում առաջին անգամ են մանկապարտեզներ բացվել։ Հիմանորոգման ընթացքի մեջ են գտնվում Մարտունի քաղաքի թիվ 2,3, 4, Արծվանիստի, Ձորագյուղի մանկապարտեզները։

Կառուցման կամ հիմնանորոգման ընթացքի մեջ են գտնվում Երանոսի թիվ 2, Գեղհովիտի թիվ 2, Ծովինարի միջնակարգ, Մարտունու թիվ 2, Ձորագյուղի հիմնական դպրոցների, Մադինայի կրթահամալիրի  շենքերը։ Մադինայի կրթահամալիրի շահագործման պարագայում այստեղ լուծում կստանա նաեւ մանկապարտեզի բացման խնդիրը, որից հետո արդեն մեր համայնքի բոլոր բնակայրերն ապահովված կլինեն գործող մանկապատրեզներով։  Լեռնակերտի նորակառույց դպրոցը գրեթե պատրաստ է շահագործման։ Ներքին Գետաշենի միջնակարգ դպրոցի կառուցումը ժամանակավորապես ընդհատվել է շինարարի կողմից թույլ տրված խախտումների ու դատական պրոցեսների արդյունքում։ Հուսանք, որ խնդիրները կկարգավորվեն առաջիկայում։  Վերանորոգվել  ու արդի չափորոշիչներին համապատասխանեցվել են Վարդաձորի, Վաղաշենի, Ծակքարի, Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցները, Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճն ու նրան կից մասնաշենքը։

 

 

 

 

 

Պետությունը հսկայական քայլեր է կատարել մեր համայնքում առողջապհական համակարգի նորացման ու զարգացման ուղղությամբ։ Այստեղ ներդրված գումարի չափը հատում է 4 միլիարդ դրամը, որից 3 միլիարդ 400 միլիոն դրամը բաժին է ընկնում Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցմանն ու վերազինմանը։ Մնացած մասը բաժին է ընկնում Ծակքարի  եւ Վաղաշենի ԱԱՊԿ ու  Վարդենիկի առողջության կենտրոնի նոր շենքերի կառուցմանը։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ու Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի  միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում հիմնանորոգվել ու վերազինվել են Ծովինարի, Վերին Գետաշենի ու Երանոսի բուժամբուլատորիաների շենքերը։

Այս քայլերի շնորհիվ մեր քաղաքացիներն արդեն կարողանում են իրենց բուժումը ստանալ տեղում՝ ազատվելով մայրաքաղաքի բուժհաստատություններ դիմելու նախկին հոգսերից ու ավելորդ ծախսերից։

Հիմնանորոգվել են Ծակքարի, Ձորագյուղի, Զոլաքարի, Վաղաշենի, Լիճքի, Ներքին Գետաշենի, Ծովինարի, Գեղհովիտի  մշակույթի տները, Վարդենիկի երաշտական դպրոցի եւ մշակույթի տան շենքը, մեկնարկել է Մարտունու կենտրոնական գրադարանի շենքի կառուցումը։ Սա առավել քան կարեւոր ձեռնարկ է, քանի որ գրական հսկայական ֆոնդի  պահպանումը շատ վաղուց մեզ համար դարձել էր օրախնդիր հարց։

Այս ահռելի ծավալի աշխատանքներն իրականություն չէին դառնա, եթե մենք ամեն քայլափոխին չզգայինք ՀՀ կառավարության ու Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությունը, մեր մշտական համագործակցությունը։

 

Օգտվելով առիթից, ուզում եմ իմ ու Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի, Մարտունու ազգաբնակչության անունից մեր երախտագիտությունը հայտնել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, ՀՀ կառավարության անդամներին, մեզ հետ համագործակցած բոլոր գերատեսչություններին՝ մշտապես մեր կողքին լինելու, յուրաքանչյուր բարձրացված խնդրին անմիջապես արձագանքելու համար։

Հարց— Մարտունի համայնքն ունի բավականին բազմամարդ ու ներկայանալի Սփյուռք։ Որքանո՞վ է համայնքապետարանը դարձել կապող օղակ՝ Սփյուքի գործարար մարդկանց ներդրումային կամ բարեգործական ծրագրերում ներգրավելու համար։

Պատասխան —  Այո, մենք արտերկրում ունենք բազմամարդ Սփյուռք, որի  ներկայացուցիչները հետաքրքրված են իրենց ծննդավայրում ձեռնարկներ իրականացնելու հարցերով։ Մենք խրախուսում ենք ինչպես բարեգործական ձեռնարկները, այնպես էլ՝ ներդրումային ծրագրերը։

Բնական է, որ ցանկացած բարեգործություն ինքնին ողջունելի է, սակայն մեզ համար առավել կարեւոր է մեր Սփյուռքի ներկայացուցիչներին տեսնել ներդրումային ծրագրերում, ձեռնարկատիրական գործունեության մեջ, քան թե բարեգործական ձեռնարկներում։ Որովհետեւ մենք մեր համայնքի զարգացումը շատ ավելի շաղկապում ենք նոր ձեռնարկությունների հիմնման, բազմաթիվ կայուն աշխատատեղերի ստեղծման, արտադրական կարողությունների ավելացման ու հզորացման, տնտեսական վերելքի հետ, ոտեղ բարեգործական քայլերը գրեթե դեր խաղալ չեն կարող։ Իսկ ահա  կայուն, օրենքով պաշտպանված ձեռնարկչատիրությունը միանգամայն կարող է փոխել իրավիճակը՝ խթանելով տնտեսության զարգացումը։ Եվ որքան էլ մենք ոգեւորված ենք մեր համայնքի ծաղկմամբ, կառուցապատմամբ, ենթակառուցվածքների ուժեղացմամբ, առողջապահական ու կրթական հաստատությունների արդիականացմամբ, մարդկանց կենսապայմանների բարելավմամբ, այդուհանդերձ, առանց կայացած ու զարգացող տնտեսության մերօրյա ձեռքբերումները չեն կարող լրացնել կամ բավարարել մեր պետության ու երկրի հզորացման պահանջները։

Վերջին տարիների ընթացքում Սփյուռքի մեր հայրենակիցներից  մենք ստացել ենք բազմաթիվ դիմումներ հողհատկացումների ու ձեռնարկչատիարկան  գործունեություն ծավալելու վերաբերյալ։ Սա արդեն փաստում է, որ հայրենիքում ապրելու ու գործունեություն ծավալելու համար շատերն են ձգտում, որ դեպի հայրենիք ներգաղթի շարժ է նկատվում։ Նրանք հողեր են ուզում ձեռք բերել՝ արեւային ֆոտովոլտային  կայաններ, բազմաբնակարան շենքեր կառուցելու, ինտենսիվ այգիներ, խելացի անասնագոմեր հիմնելու, ձեռնարկչատիարական այլ գործունեություն ծավալելու համար, ինչին մենք ընդառաջում ենք օրենքով սահմանված կարգով։ Շատ մոտ ապագայում մենք կտեսնենք արդյունքները։

 

Բարեգործական քայլերը ևս առկա են, սակայն կուզեի առանձնացնել մեկ դեպք, որը ստացել է հանրային լայն հնչեղություն ու նշանակություն։ Մադինա գյուղի նախկին բնակիչ, արտերկրում գործարարությամբ զբաղվող Մհեր Բաղդասարյանն իր անձնական միջոցներով կառուցեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Այն մեր համայնքի միակ բնակավայրն էր, որտեղ եկեղեցի կառուցելու խիստ անհրաժեշտություն կար։ Եկեղեցու բացումը վերածվեց համաժողովրդական տոնախմբության։

Բարեգործությունը մարդուն գեղեցկացնող, փառաբանող երևույթ է, սակայն հարկ է ավելացնել, որ բարեգործությամբ մեր երկիրը, մեր համայնքը չեն կարողանա ընթանալ դեպի զարգացում ու արժանապատիվ կյանք, իսկ բիզնես ներդրումների միջավայրի ընդլայնումը կարող է ապահովել շատ ավելի ցանկալի ու տեսանելի արդյունքներ։

Հարց- Ի՞նչ ձեռքբերումներ կան արձանագրված մասնավոր ներդրումների ոլորտում ։

Պատասխան- Առաջին էական ձեռքբերումը արեւային ֆոտովոլտային 3 կայանների  հիմնումն է Աստղաձոր գյուղում։ Ներդրումներ կատարել են «Ա-Ս Էներջի»․ «Պրոմ Սան», «Բարի արեւ» ընկերությունները։ Ընդհանուր ներդրումը կազմել է 10 միլիոն 590 հազար ԱՄՆ դոլար։ Երեք կայանների դրվածքային ընդհանուր հզորությունը կազմում է 15,9 մեգավատտ ժամ։

Այժմ 20 մեգավատտ ժամ  հզորության  արեւային ֆոտովոլտային կայան է կառուցվում Ծովինար գյուղում։ Առաջիկա տարիներին այս ուղղությամբ կունենանք շատ ավելի խոշոր արդյունքներ, քանի որ մի քանի բնակավայրերում եւս այս պահին նախապատրաստվում են հերթական նմանատիպ ծրագրերի իրականացմանը։ Նկատելի մասնավոր ներդրումային ծրագրեր են կյանքի կոչվելու նաեւ գյուղատնտեսության ոլորտում, որոնք կխթանեն ինչպես անասնապահության, անպես էլ այգեգործության զարգացումը։

Հարց— Ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել  շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։

Պատասխան-Առաջին լուրջ ձեռքբերումն այն էր, որ վերջապես շահագործվեց Հայաստանում առաջին սանիտարական աղբավայրը Հրազդանում, ուր հավաքվում ու տեղափոխվում  է Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի կենցաղային աղբը։ Մարտունի համայնքը 2026 թվականից անցել է կենտրոնացված աղբահանության՝ ընդգրկվելով «Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի կոշտ թափոնների կառավարում» ծրագրում։ Այս գործընթացի շնորհիվ, որն իրականացվեց ՀՀ կառավարության ջանքերով, Մարտունի համայնքում արդեն փակվեցին նախկինում գործող բոլոր աղբավայրերը։ Դրանք լիովին հողածածկված են մեր հնարավորություններով ու միջոցներով եւ այլեւս շրջապատի  ու Սեւանա լճի համար աղտոտման վտանգ չեն ներկայացնում։

 

 

 

 

 

Քայլեր են ձեռնարկվել նաեւ Սեւանա լճի ջրերի մաքրության պահպանման ուղղությամբ։ Այժմ Մարտունի քաղաքում ու Գեղհովիտ գյուղում  կառուցվում են կեղտաջրերի մաքրման կենսաբանական փոքր կայաններ, որոնք էականաորեն կնվազեցնեն Սեւանա լճի ջրերի աղտոտման վտանգը։

Բացի այդ, Մարտունի համայնքում կոյուղագծերի եւ կենսաբանական մաքրման կայանների կառուցման նպատակով  Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ այժմ ընթանում է նախագծման գործընթաց, ինչը նշանակում է, որ առաջիկա տարիներին մենք կունենանք կենսաբանական մաքրման նոր կայաններ, կոյուղացված խոշոր բնակավայրեր, ինչի շնորհիվ նվազագույնի կհասցվեն Սեւանա լճի ջրերի, Սեւան թափվող գետերի  աղտոտման հիմնական գործոնները։

Հարց— Ի՞նչ ծրագրեր մնացին անավարտ կամ կես ճանապարհին, որոնք պետք է շարունակվեն հերթական 5 տարիների ընթացքում։

Պատասխան— Եթե մենք խոսում ենք մեր պաշտոնավարման տարիների ընթացքում իրականացված  400 ծրագրերի մասին, ապա հաշվի առեք, որ այժմ ընթացքում դարձյալ մի քանի տասնյակ ծրագրեր կան, որոնց մի մասն այժմ իրականացման, մի մասն էլ մեկնարկային փուլում են։ Բացի ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, որոնց մասին արդեն հիմնականում խոսեցինք, շուտով սկսվելու են նոր ծրագրերը, որոնց մրցույթներն արդեն կայացել են, հաղթող կազմակերություններն էլ՝  ի հայտ եկել։ Հենց այս տարվա հոկտեմբեր ամսից էլ սկսվելու են շինարարական աշխատանքները, որոնց պայմանագրային ընդհանուր արժեքը կազմելու է 8 միլիարդ 255 միլիոն դրամ, որից խմելու ջրակատակարարման համակարգի կառուցման կամ նորացման ուղղությամբ կծախսվի 3 միլիարդ 155 միլիոն դրամ, ոռոգման համակարգերի կառուցման ուղղությամբ՝ 2 միլիարդ 756 միլիոն դրամ, ճանապարհների հիմնանորոգման համար՝ 2 միլիարդ 344 միլիոն դրամ։ Բնական է, որ մեկնարկող ծրագրերի համար ավարտի ժամանակաշրջան կսահմանվի 2027 թվականը։

Սուբվենցիոն ծրագրերից զատ շինարարական աշխատանքները շարունակվում են նաեւ պետական միջոցներով, որոնց մոտ ապագայում կգումարվեն նորերը՝ շատ ավելի խոշոր ներդրումային չափերով ու հանրային հնչեղությամբ։

Առաջին հերթին դա վերաբերում է Մարտունի քաղաքում մարզական համալիրի ու ֆուտբոլի ակադեմիայի կառուցմանը։ Մենք մեր իրավասության շրջանակներում կատարեցինք պահանջվող քայլերը հողհատկացման ուղղությամբ։ Իսկ այժմ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում այս կարեւոր կառույցների շինարարական աշխատանքների մեկնարկը տալու ուղղությամբ։ Մարտունու մարզական համալիրի կառուցման մրցույթը հայտարարվել է 2 միլիարդ 320 միլիոն դրամ նախագծանախահաշվային արժեքով։ Մրցույթը հայտարարվել է արդեն երկրորդ անգամ, քանի որ առաջին դեպքում մասնակիցներ չեն եղել։

Ֆուտբոլի ակադեմիայի կառուցման շինարարական մրցույթն էլ շուտով կկայանա, այն այժմ նախագծման փուլում է։ Ֆուտբոլի ակադեմիան ունենալու է 2 խաղադաշտ, 2 տրիբունայով, միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Սա նշանակում է, որ Մարտունին շատ շուտով կարող է ընդունել նաեւ միջազգային մարզական մրցաշարեր, իսկ մանկապատանեկան ֆուտբոլը կգտնվի զարգացման այլ մակարդակի վրա։ Առհասարակ, մեր համայնքում շատ մարզաձեւեր աննախադեպ զարգացում կապրեն, մարզական հաջողությունները կուղեկցեն մեր շնորհալի մարզիկներին։

Իմ  հաջորդ ակնկալիքը կապված է Ուրցաձոր-Մարտունի հանրապետական նշանակության ճանապարհի կառուցման մեկնարկի հետ։ Տարիներ շարունակ ՀՀ կառավարության ջանքերով ընթացել են նախագծման աշխատանքներ, քանի որ գործ ունենք չափազանց բարդ տեղանքի հետ, սակայն, ի վերջո, մոտեցել է ժամանակը, որպեսզի վերջապես իրականություն դառնա մեր երկրի, մարզի ու համայնքի համար չափացանց պահանջված ու կարեւոր այս ծրագիրը, որով մեր մարզն ու համայնքը ուղիղ գծով ու համեմատաբար կարճ ճանապարհով կապվելու են Արարատի մարզի ու Արարատյան դաշտավայրի բնակավայրերի հետ։ Այդ ճանապարհի շահագործումը մեզանում մեծապես կխթանի գյուղատնտեսության ու զբոսաշրջության զարգացումը։ Այստեղ եւս խոսքը մի քանի միլիարդ դրամի ներդրման մասին է։

Հաջորդ ակնկալիքիս կապված է ջրամբարաշինական ծրագրերի հետ, որոնց մասին տարիներ շարունակ քննարկումներ են ընթանում ՀՀ կառավարությունում։ Խոսքս Աստղաձոր ու Արգիճի գետերի վրա հիմնվելիք ջրամբարների մասին է։ Նման ջրամբարների կառուցումը, որոնք դարձյալ ենթադրում են տասնյակ միլիարդավոր դրամների ներդրումներ, տնտեսական ու բնապահպանական    հսկայական նշանակություն ձեռք կբերեն համայնքի բնակավայրերի համար։ Դրանք հիմնովին կապահովեն մեր բնակավայրերի ոռոգման ինքնահոս ջրամատակարարումը, էականորեն կկրճատեն Սևանա լճից մեխանիկական եղանակով մղվող ջրի քանակն ու էլեկտրաէներգիայի ծախսերը։

Դեռ մեր համայնքի շատ դպրոցական շենքեր կառուցման կամ արդիականացման կարիք ունեն, շատ ճանապարհներ՝ հիմնանորոգման կարիք, շատ թաղամասեր՝ գիշերային լուսավորության կարիք։ Այդ հիմնախնդիրները պետք է դառնան ծրագրեր ու նախագծեր։

Հարց-Որոնք են լինելու առաջնահերթ ու հրատապ անելիքներն առաջիկա 5 տարիների ընթացքում, եթե Ձեզ հաջողվի երկրորդ անգամ ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում։

Պատասխան- Այս տարվա գարնանը համայնքապետարանի աշխատակազմի կողմից մեր ցուցումով գույքագրվել են համայնքի բոլոր բնակավայրերի հիմնախնդիրները։ Հանդիպումներ են կազմակերպվել բոլոր բնակավայրերի բնակիչների հետ, տեղում քննարկվել են բարձրացված հարցերը, վեր հանվել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, որոնք և ներառվել են մեր ապագա ծրագրերում։ Իսկ դրանք դարձյալ բազմազան են ու բազմաբնույթ։ Մի տեղ ոռոգման համակարգի, մի տեղ խմելու ջրի մատակարարման, մի տեղ լուսավորության ցանցի կառուցման խնդիր կա, մի այլ տեղ՝ մշակույթի տան, երկրորդ մանկապարտեզ ունենալու, ասֆալտապատ ճանապարհ ու մայթ ունենալու խնդիր։

Եվ չկա մի բնակավայր, որտեղ այդ խնդիրները գույքագրված չլինեն, բնակիչների կարծիքները հաշվի առնված չլինեն։ Բնական է նաեւ, որ ամեն մի խնդրի լուծում, ամեն մի ծրագիր միջոց ու ժամանակ է պահանջում։ Սակայն կարեւոր է, որ մենք ոչ մի դեպքում չդանդաղենք, չթերանանք, այլ միշտ լինենք հետեւողական ու ոչ մի գործ չթողնենք կես ճանապարհին։ Բայց մի բան հաստատ է, որ եթե ինձ ու մեր քաղաքական թիմին հաջողվի հաղթել հերթական ընտրություններում, ապա Մարտունի համայնքի բնակավայրերում կշարունակեն գործել տասնյակ ու հարյուրավոր շինհրապարակներ, կյանքի կկոչվեն տարիներ ի վեր կուտակված հիմնախնդիրներին լուծում տվող բազմաթիվ կենսական նշանակության ծրագրեր, մեր համայնքը կշարունակի ծաղկել ու բարգավաճել, գեղեցկականալ ու հզորանալ, մի իրողություն, որին մարդիկ ականատես են լինում տարիներ շարունակ։

Հարց-Քանի՞ տոկոսով են կատարված Ձեր նախընտրական խոստումները, եւ ի՞նչ զգացողությամբ ու պատասխանատվությամբ եք գնում նոր ընտրությունների։

Պատասխան—  Մենք հերթական ընտրություններին գնում ենք շատ ինքնավստահ, համարձակ, մեր անելիքներից  ու ձեռքբերումներից գոհ,  պարզ ու բաց երեսով, քանի որ մեր նախընտրական խոստումները կատարել ենք ամբողջովին ու մի բան էլ առաջ ընկել մեր խոստացած ծրագրերից։

Ասեմ, որ քարոզարշավն էլ շատ հեշտ, քիչ ջանքերի գործադրմամբ կտանենք, քանի որ հիմնական ջանքերը մենք ժամանակին դրել ենք հետեւողական աշխատանքի մեջ։ Չկա մի բնակավայր, մի թաղամաս, մի տուն, որտեղ մարդիկ զգացած չլինեն պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծարար, կյանքի որակը բարձրացնող, տուն ու հայրենիք կառուցող  ներկայությունը։ Սրանից էլ արդյունավետ քարոզչություն ինչպե՞ս կարող է լինել, երբ մարդիկ ամեն օր ու ժամ տեսնում են, թե ինչպես են հրաշքի պես իրենց աչքերի առջեւից չքանում նախկին ցեխակոլոլ, փոշոտ, դարուփոս, գիշերվա մթության մեջ կորած փողոցները ու փոխարենը վեր են բարձրանում ասֆալտապատ, բարեկարգ ճանապարհները, սալիկապատ մայթերը, գիշերային լուսավորության համակարգերը, թե ինչպես են նորացվում, գեղեցկանում ու վերազինվում դպրոցների, մանկապարտեզների, բուժհիմնարկների շենքերը, թե ինչպես են ոռոգելի դառնում հարյուրավոր ու հազարավոր հեկտարներ կազմող անջրդի վարելահողերը, ինչպես են նորացվում խմելու ջրի մատակակարման համակարգերը։ Չկա մի ծրագիր, մի խոստում, որտեղ մեզ կարող են մեղադրել խաբելու կամ թերանալու մեջ։

Այնպես որ, մեր կատարածը յուրօրինակ ու բացառիկ հաշվետվություն է մեր ժողովրդի մեր ընտրողների առաջ։ Իրենք էլ լավ գիտեն, թե ով է իրական կառուցողը եւ ով է երկիր ավերողը։

Ժողովրդի տված գնահատականը մենք տեսանք այս տարվա հունիսին կայացած ՀՀ Աժ համապետական ընտրություններում, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողացավ կրկին ապահովել խորհրդանական մեծամասնություն ու ձեռք բերել կառավարություն կազմելու իրավունք։

Մեր ընտրողները քաջ գիտեն նաեւ, թե ինչ ենք մենք ծրագրել առաջիկա տարիներին, ինչ հիմնախնդիրների լուծումներ ենք դրել մեր առջեւ, ինչպիսի պատասխանատվություն ենք ստանձնել։ Այս առումով էլ համոզված եմ, որ այս անգամ էլ պատվով ենք դուրս գալու ՏԻՄ հերթական  ընտրություններում, հաղթողի, առավել շատ ձայներ հավաքողի կարգավիճակում։

Հարց-Ի՞նչպես եք պատկերացնում Մարտունի համայնքը 5 տարի հետո, եթե   Ձեզ կրկին հաջողվի ստանձնել նրա ղեկավարման պատասխանատվությունը։ Ի՞նչ զգացողություն ունեք հայրենաշինության մեջ ձեր ներդրած ավանդի շուրջ։

Պատասխան – Անկեղծ ասած, երբ 5 տարի առաջ ստանձնում էի Մարտունի համայնքի ղեկավարի բարդ ու պատասխանատու աշխատանքը, չէի էլ պատկերացնում, որ մեր քաղաքական թիմով, մեր աշխատակազմով, ՀՀ Կառավարության ու Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ նման հսկայածավալ աշխատանքներ կկարողանանք իրականացնել։ Հիմա, երբ բոլոր գործերը իրական հողի վրա են, բոլորի համար տեսանելի, դարձյալ չեմ կարողանում պատկերացվել, թե 5 տարի անց որքան բան կհասցնենք անել։ Բայց հաստատ հավատում եմ, որ մինչ մեր հաջորդ պաշտոնավարման ավարտը Մարտունի համայնքը կլինի շատ ավելի ծաղկուն, գեղեցիկ,  տնտեսապես ավելի հզոր, զարգացած, մարդաշատ, հանրահռչակված։

Ի՞նչ զգացողություն ունեմ հայրենաշինության մեջ ունեցած իմ ավանդի շուրջ։ Երբ ամեն անգամ մենք մի հաստատության կամ նորոգված ճանապարհի, հանրային այլ կառույցների բացման ժապավեններ ենք կտրում  Հայաստանի Հանրապետության վարչապետի, նախարարների կամ Գեղարքունիքի մարզպետի ու այլ պաշտոնյաների հետ, ինձ մի զարմանալի հուզմունք ու ուրախություն է պատում, մի անսահման հպարտություն այն բանի համար, որ մեզ հաջողվում է դարերի ու սերունդների համար մնայուն գործեր թողնել, շեն ու նորոգ հայրենիք։ Միեւնույն է, պատմությունն արձանագրելու է բոլոր կառուցողների անունները։ Բայց շատ ավելի մեծ ձգտում է ծնվում իմ ներսում՝ շարունակելու այն առաքելությունը, որին նվիրվել եմ շատ տարիներ առաջ՝ սկսած Վարդենիկ  համայնքի ղեկավարի պաշտոնից և Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում  վերջացրած։ Ես առավել քան համոզված եմ, որ տասնյակ տարիների իմ կուտակած փորձը համայնքի ղեկավարի բարդ ու պատասխանատու պաշտոնում  ավելի արդյունավետ կարող է ծառայել հայրենաշինությանը, մեր համայնքի բարօրությանը, ու այդ համոզմունքն էլ արդեն ինձ պարտավորեցնում  է՝ հերթական անգամ մասնակցել ընտրություններին, ստանալ ժողովրդի քվեն ու շարունակել նույն առաքելությունը՝ հայրենի երկրի կառուցումն ու վերաշինումը։ Ես քաջ գիտակցում եմ, թե ինչ կարեւոր ոլորտում եմ ներդրել իմ ջանքներն ու կարողությունները  եւ դեռ որքան կարող եմ պիտանի լինել հայրենակերտման սուրբ գործին։

Հարցազրույցը վարեց      Խոսրով   Խլղաթյանը     

 

 

1 դիտում