
78 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել պետական ու քաղաքական գործիչ Վահագն Վլադիմիրի Հակոբյանը։
Վահագն Վլադիմիրի Հակոբյանը ծնվել է 1948 թվականին, ՀԽՍՀ Կամոյի շրջանի Նորատուս գյուղում։ Սովորել եւ ավարտել է Նորատուսի միջնակարգ դպրոցը և Երեւանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել է Կամոյի «Դիպոլ» արտադրական միավորման տեխնոլոգի, ապա՝ ՀԿԿ Կամոյի շրջկոմի երկրորդ քարտուղարի պաշտոններում։
1990-1996 թվականներին ղեկավարել է Կամոյի շրջխորհրդի գործկոմը։ 1996-1997 թվականներին աշխատել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալի, 1997-1999 թվականներին՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնում։
1990-1995 թվականներին ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1995-1999 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
1999-2003 թվականներին աշխատել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում։
2003-2007 թվականներին ղեկավարել է «Երեւանի մետրոպոլլիտենը, ապա անցել վաստակած հանգստի։
Նա աչքի էր ընկնում կազմակերպչական ու ղեկավարման ձիրքերով, մարդկանց հոգսերը ընկալելու, կարիքները գնահատելու համբերատարությամբ, մարդամոտ էր, աշխատասեր, ուշադիր ու հոգատար՝ հարազատների, ընկերների ու շրջապատի նկատմամբ։
Նրա ղեկավարմամբ բազմաթիվ կարեւոր կառույցներ են իրականացվել ու շահագործվել ինչպես Գավառի շրջանում, այնպես էլ Գեղարքունիքի մարզում, որոնք տարիներ շարունակ ծառայում են հանրությանը։
Նրան ճանաչում, հարգում ու գնահատում էին ոչ միայն Գեղարքունիքի մարզում, Գավառի շրջանում, հանրապետության տարբեր մարզերում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, պետական բոլոր գերատեսչություններում, որոնց հետ համագործակցությունը նա ծառայեցնում էր Գեղարքունիքի մարզի բարօրությանն ու զարգացմանը։
Պետական, քաղաքական ու հասարակական գործչի, հմուտ ղեկավարի, արտադրության կազմակերպչի, մարդասեր ու հայրենասեր մարդու, սիրված ծնողի, ամուսնու, լավագույն ընկերոջ՝ Վահագն Հակոբյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։
Գեղամա աշխարհ