Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

 

Այսօր  Հրազդան գետում անցկացվել է  բոյդարկաների և կանոեների հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գորիս Հովսեփյանի հիշատակին:

Հուշամրցաշարին մասնակցեցին 40-ից ավել մարզիկներ: Հաղթողները պարգևատրվել են  հուշամեդալներով և գավաթներով:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ Սևանի Աշոտ Ավետիսյանի անվան ջրային մարզաձևերի դպրոցը նախաձեռնում և անցկացնում է բոյդարկաների և կանոեների հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմու հերոսաբար զոհված Գորիս Հովսեփյանի հիշատակին: Գորիսը ծնվել է 2001թվականի փետրվարի 14-ին,  Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում։ Զբաղվել է տարբեր մարզաձևերով: Ամենից շատ սիրում էր թիավարությունը։ Մասնակցել է շատ մրցումների ու միշտ զբաղեցրել է առաջատար հորիզոնականներ։ Ստացել է շատ պատվոգրեր, մեդալներ ու մրցանակներ։ Ավարտել է Ցամաքաբերդի թիվ 5 միջնակարգ դպրոցը, այնուհետև Սևանի պետական քոլեջը։

2019 թվականի հուլիսին ուսումը կիսատ թողելով զորակոչվել էր բանակ։

Հոկտեմբերի 12-ին հերթական մարտական առաջադրանքը գերազանց կատարելուց հետո թշնամին նկատել է իրենց խումբը։ ԱԹՍ-ի հարվածից անմահացել են  խմբի 15 հերոս տղաները, որոնց թվում էր նաև Գորիսը։

Հայրենիքի  սահմանները  պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Գորիս Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Նրա վառ հիշատակը հավերժ կմնա բոլորի սրտում:

Ցամաքաբերդի միջնակարգ դպրոցի ՆԶՊ առարկայի դասարանը կրում է Գորիս Հովսեփյանի անունը:

Սևանի Ցամաքաբերդ թաղամասի բնակիչների նախաձեռնությամբ Ցամաքաբերդում կանգնեցվել է Խաչքար և Արծիվ հուշարձան նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Գորիս Հովսեփյանի հիշատակին։

Արմինե Ղուկասյան

6 դիտում