
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ուսուցողական կենտրոնում վարպետաց դաս է անցկացրել ասեղնագործության և թաղիքագործության ժողովրդական վարպետ Մարալ Շեոհմելյան-Բերբերյանը։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մի քանի տարի առաջ Սիրիայի Հալեպ քաղաքից Երևան տեղափոխված Մարալ Շեոհմելյան-Բերբերյանը հանդիպել է կենտրոնի ձեռարվեստի բաժնի սաներին և խմբակավարներին՝ ներկայացնելով հայկական ասեղնագործության հարուստ ավանդույթները, դրանց առանձնահատկություններն ու կիրառական նշանակությունը։
Հանդիպումն ուղեկցվել է վարպետի աշխատանքների ցուցադրությամբ, ասեղնագործության տարբեր տեսակների մասին հետաքրքիր պատմություններով և գործնական աշխատանքով։
Ներկայացվել են սիրիահայ կանանց շրջանում տարածված հայկական ասեղնագործության հիմնական տեսակները՝ Մարաշի, Տիգրանակերտի, Սվազի, Վանի, Մալաթիայի, Ուրֆայի և Այնթապի ասեղնագործությունները։ Գործնական հատվածում մասնակիցներն ուսումնասիրել և սովորել են Ուրֆայի ասեղնագործության տեխնիկան։
Հանդիպմանը մասնակցել են նաև Գավառի համայնքապետարանի առաջատար մասնագետ, մշակութային հարցերով պատասխանատու Հռիփսիմե Զանգիզորյանը, Գավառի ուսուցողական կենտրոնի տնօրեն Մարիա Ղասաբօղլյանը և գավառցի տիկնիկագործ, ժողովրդական վարպետ Անահիտ Ճաթեյանը։
Ասեղնագործության վարպետաց դասն իրականացվել է Գավառի ուսուցողական կենտրոնի տնօրեն Մարիա Ղասաբօղլյանի նախաձեռնությամբ և «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Գեղամա աշխարհ