Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՄԵԼԻՔ ՊԵՏՐՈՍ ՊԱՀԼԱՎՈՒՆՈՒ ՏՈՀՄԻ ԵՎ ԻՄ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

/սկիզբը՝ նախորդ հրապարակման մեջ /
  
Եղել է այնպես, որ Մելիք Պետրոս Պահլավունու տանուտիրության տարիներին քուրդ քոչվորներն իրենց հոտերն ամռանը բերել են մեր գյուղի հանդամասեր՝ իրենց համար ժամանակավոր նստատեղ ընտրելով Սաքոյ վար կոչվող լեռան ստորոտում։ Ամեն անգամ, ամառային արոտավայր գալիս, նրանք հյուր են հրավիրել Մելիք Պետրոսին, առատ ու ճոխ պատիվներ տվել, ապա վճարել արոտավայրի օգտագործման դիմաց ու պատիվներով ճանապարհել։
Հերթական ամռանը, երբ քրդական ցեղը գալիս է իր արոտավայրը զբաղեցնելու, պատգամախոս է ուղարկում գյուղ՝ Մելիք Պետրոսին հրավիրելու։ Գյուղացիները որոշում են մեկ ուրիշին ուղարկել քրդերի մոտ, չուզենալով քուրդ պատգամախոսին հայտնել Մելիք Պետրոսի մահը։ Այդ ամենը նրանք անում են Սիմոնից ծածուկ։
Այսպիսով, Սիմոնի փոխարեն նրանք ուղարկում են մեր գյուղացի, իշխանական կենցաղից ու սովորույթներից հեռու մի մարդու։ Նրան հագցնում են Պահլավունու իշխանական հագուստները, նստեցնում նրա նժույգին եւ ուղարկում քրդերի մոտ։
Քրդերն այդ ժամանակ իրենց վրանից մինչեւ որոշ հեռավորության վրա փռում են գորգեր, որպեսզի դրանց վրայով ձիով քայլելով առաջանա իրենց պատվավոր հյուրը։ Բայց մեծավոր մարդկանց հարաբերություններից ոչինչ չիմացող հյուրը , հասնելով պարզված գորգերի ծայրին, փոխանակ դրա վրայով անցնելու, իջնում է ձիուց ու ծնրադրում քուրդ բեկի առջեւ։
Քուրդ մեծավորը զարմանում է մեր գյուղացու նման պահվածքից ու հարցնում է նրա հետ գնացած գյուղացիներին, թե արդյո՞ք իրեն հյուրընկալվողը Մելիք Պետրոսն է, մի՞թե նման ողորմելի մարդը կարող է տարածքի գյուղերի իշխան լինել։
Միայն այս հարցից հետո գյուղացիները քուրդ իշխանին հայտնում են Մելիք Պետրոսի մահվան մասին։ Քուրդը հետաքրքրվում է Մելիք Պետրոսի ժառանգներով։ Գյուղացիները պատասխանում են, որ Մելիք Պետրոսն ընդամենը մի արու ժառանգ է թողել, ով դեռ պատանի հասակում է։ Քուրդ բեկը պահանջում է՝ հետ տանել այդ խղճուկ մարդուն ու իր մոտ ուղարկել Մելիք Պետրոսի որդուն։
Սիմոնը հագնում է հոր զգեստները, նստում հոր նժույգը, հրաժարվում իրեն ուղեկցողներից ու միայնակ մեկնում քրդերի մոտ՝ իրեն ուղեկից ունենալով միայն այրիացած մոր արցունքները։
Հասնելով քուրդ բեկի վրանի մոտ՝ նա ձին քշում է փռած գորգերի վրայով, հասնում վրանի մուտքի մոտ, որտեղ բեկը նրան դիմավորում է իր ենթակաների հետ։Բեկը բռնում է ձիու սանձը եւ օգնում Սիմոնին՝ ցած իջնելու։ Ապա քուրդ առաջնորդը համբուրում է Սիմոնի ճակատը, թեւանցուկ արած նրան տանում վրանի խորքը ու նստեցնում թավշյա բարձի վրա։
Ճոխ հյուրասիրությունից հետո Սիմոնը քրդերից բավականին ոսկի է վերցնում՝ փոխարենը նրանց հատկացնելով ամառային արոտավայրերի համար ընդարձակ տարածքներ։
Այդուհետ Սիմոնը հոր տիտղոսով ու տանուտերի պաշտոնով կառավարում է մինչեւ խոր ծերություն ու մահ։ Նա ունենում է 5 տղա, որոնց մեծացնում է, ամուսնացնում, տնավորում, տեղավորում ու հանգիստ խղճով կնքում իր մահկանացուն։
Սիմոնը խելքով ու շնորհքով է կառավարել գյուղը, խաղաղ պայմաններում։ Նրա օրոք արդեն գյուղի ծխերի թիվը հասել է 100-ի, կյանքն աշխուժացել է, ցանքերն ընդարձակվել, անասնագլխաքանակն՝ աճել։ Սիմոնը կարողացել է իր ձեռքում պահել գյուղի վարելահողերի ու խոտհարքերի լավագույն տարածքները, որոնք մեր տոհմի սեփականությունն են մնացել մինչեւ սովետական իշխանության հաստատումը։
Ցավոք, մեր մեծերի զրույցներից այսքանն է պահպանվել Սիմոնի կյանքի ու գործուներության մասին։
Սիմոնն ունեցել է 5 որդի՝ Մուշեղ, Եփրեմ, Ռուբեն, Ալեք, Զոհրաբ։
Մուշեղ Պահլավունին եղել է բավականին գեր, բարձրահասակ տղամարդ։ Նա եղբայրներից բաժանվում է 1889 թվականին ու նոր բնակարան կառուցում։ Մինչ փոքր եղբայրների մեծանալը՝ Մուշեղը տնտեսության մեջ զբաղվել է հողագործությամբ ու անասնապահությամբ, այնուհետ հիմնել մի փոքր խանութ ու զբաղվել առեւտրով։
Մուշեղի մանկությունը, պատանությունն ու երիտասարդությունն անցել է ճոխ, անհոգ, պերճանքով ու զվարճություններչով լեցուն պայմաններում, խնջույքների ու մեծարանքների, հարստության անսպառ օվկիանոսի մեջ։
Սակայն երբ բաժանվում է եղբայրներից, արդեն սահմանափակում է իր ճոխ ու առատ կենսակերպը, որպեսզի նոր տնտեսության ստեղծման համար անհրաժեշտ միջոցներ ունենա։
Իհարկե, նա նաեւ չէր մոռանում հայրական տան հոգսերը հոգալու, եղբայրներին օգնելու ու աջակցելու մասին։ Իսկ Սիմոնի մահից հետո Մուշեղն է համարվել բոլորի նահապետն ու խորհրդատուն, բոլոր հարցերի կարգավորողը։ Բոլորը շարժվել են նրա խորհուրդներով ու ցուցումներով, խոնարհաբար լսել նրան, հարգել ու սիրել։
Մուշեղն ունեցել է 5 որդի՝ Հունան, Առաքել, Միրզո, Իվան, Արտուշ անուններով։
Բայց այդ բախտավորությունը Մուշեղը երկար չի կարողացել վայելել։ Ճիշտ այն ժամանակ, երբ սկսում են ծաղկել նրա առեւտրական գործերը, 1913 թվականին գավառով մեկ մի անբուժելի հիվանդության համաճարակ է բռնկվում։
Այդ տարում նրա տղաներից Միրզոն ու Իվանը ծառայելիս են եղել ցարական բանակում, Հունանն ու Առաքելը զբաղված են եղել տնտեսության ու առեւտրի նզարգացման գործերով, իսկ Արտուշը եղել է պատանի տարիքում։
Դժբախտաբար, համաճարակը մտնում է մեր գերդաստան ու իր դաժան հունձն անում մեր դալարող տան կյանքի այգում, ու սուգն ու շիվանը բույն է դնում երբեմն զվարճանքներով ու խիդով լեցուն օջախում։
Առաջինը հիվանդանում է օջախի ավագ որդին՝ Հունանը։ Մի քանի օր է դրանից հետո նա ապրում՝ հավիտյան փակելով աչքերը։ Ընդամենը երեք օր անց կյանքի ծաղիկ հասակում դադարում է բաբախելուց նաեւ երկրորդ որդու՝ Առաքելի սիրտը։ Երկու օր անց մեռնում է Առաքելի կինը, իսկ եւս մի քանի օր անց շատ պատանի հասակում կյանքից հեռանում են նաեւ Հունանի երկու տղաները՝ Խանաղովն ու Բեգլարը։ Այսպիսով, ընդամենը 12 օրվա մեջ Մուշեղ Պահլավունու օջախում համաճարակը հնձելով տանում է 5 երիտասարդ կյանք։
Պապս մորմոքում է ու լաց լինում, արցունքների հետ մելամաղձոտ ձայնով երգում մի երգ, որի միայն երկու տողն է մնացել մեր հիշողության մեջ․
-Կորավ կարողությունս, կորավ ամեն բան,
Ես էլ մեծ մարդ էի, դարձա աննշան։
Այսպես է մի ժամանակ բախտավոր պապիս պատում անասելի դժբախտությունը, որն առավել ծանրանում է մյուս երկու որդիների բանակային ծառայությամբ ու տնտեսության մեջ արդեն աշխատող ձեռքերի բացակայությամբ։
Նա ոչ մի ճար ու հնար չուներ, հոգեկան տառապանքին գումարվել էին նաեւ տնտեսության հոգսերը․ հասած արտերը հնձող չկար, անասուններին խնամող չկար, հաց հասցնող չկար, առեւտրական գործերը շարունակող չկար։ Միակ մխիթարությունը թերեւս այն է լինում, որ բանակից վերադառնում են նրա երկու տղաները՝ Միրզոն ու Իվանը։
Բանակում Միրզոն ուղեղի խանգարում էր ստացել, որն այդպես էլ մնաց անբուժելի։ Այդ ժամանակ մեր տնտեսությունը բաղկացած է եղել 15 անձից՝ Մուշեղը, իր կինը, Հունանի կինն ու իր երեք երեխաները, Առաքելի 4 որբերը, Միրզոն ու իր 4 երեխաները, Իվանի 1 երեխան ու դեռ չամուսնացած Արտուշը։
Համաճարակից հետո մնացած 15 շնչի, վար ու ցանքի, անասունների պահպանման այդ ծանր գործն ընկնում է միայն Իվանի ուսերի վրա։
Հովհաննես Մուշեղյան
/շարունակելի
22 դիտում