Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Քննարկվել են Գավառի պետական համալսարանի ուսանողների ինքնուրույն հետազոտական աշխատանքները

 

Գավառի պետական համալսարանում տեղի է ունեցել  ուսանողների ինքնուրույն հետազոտական աշխատանքների շրջանակում իրականացված՝ «Աշակերտների մաթեմատիկական գրագիտության զարգացումը Բլումի տաքսոնոմիայի և PISA-ի մեթոդաբանության կիրառմամբ. տեսական ուսումնասիրությունից մինչև դպրոցական փորձարկում» թեմայով խմբային նախագծային աշխատանքի առաջին մասի պաշտպանությունը։

Ինչպես   տեղեկացրին Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնից,  նախագծային աշխատանքը կատարել են  Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ Զաբելա Ավետիսյանը, Ամալյա Խոստեղյանը և Աննա Վարդանյանը։ Նախագծային աշխատանքի ղեկավարն է ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Կուտուզյանը։ Աշխատանքի շրջանակում ուսանողներն ուսումնասիրել են Բլումի տաքսոնոմիայի ճանաչողական մակարդակները, PISA-ի մաթեմատիկական գրագիտության գնահատման սկզբունքներն ու մեթոդաբանական առանձնահատկությունները, ինչպես նաև մշակել են համապատասխան ուսումնական առաջադրանքներ՝ ուղղված սովորողների վերլուծական, քննադատական և կիրառական մտածողության զարգացմանը՝ կոտորակներ թեեմայի ուսումնասիրման համար, նախագծել էին PISA-ի ստուգատեսի մեթոդաբանությանը համապատասխանող իրավիճակային առաջադրանքներ։

Նախագծի պաշտպանության ընթացքում ուսանողները ներկայացրել են  կատարված հետազոտության հիմնական արդյունքները, հիմնավորել  ընտրված մեթոդաբանական մոտեցումները և պատասխանել  նախագիծը գնահատող հանձնաժողովի անդամների հարցերին։ Քննարկմանը մասնակցել են  նաև այն դպրոցների մանկավարժները, որոնց հետ նախատեսվում է համագործակցել նախագծի գործնական իրականացման փուլում՝ ուսանողների մանկավարժական պրակտիկայի ընթացքում։ Քննարկման մասնակիցների թվում են եղել  նաև Գավառի թիվ 3, Նորատուսի թիվ 1, Արծվաքարի և այլ հիմնական դպրոցների դասվարներ, ԳՊՀ շրջանավարտներ։

«Նախագծային աշխատանքի իրականացումը նպաստում է ուսանողների հետազոտական, մեթոդական և համագործակցային կարողությունների զարգացմանը, տեսական գիտելիքների գործնական կիրառմանը, ինչպես նաև համալսարան–դպրոց համագործակցության ամրապնդմանը։

Քննարկումը կարևոր էր նաև կրթական գործընթացում հետազոտահեն և կիրառական ուսուցման մոտեցումների զարգացման տեսանկյունից՝ միավորելով համալսարանական գիտելիքը և մանկավարժական հմտությունները, դպրոցներում սովորողակենտրոն կրթության կազմակերպման փորձը։

Նախագծի 2-րդ փուլում կիրականացվի մշակված մեթոդական նյութերի փորձարկումը դպրոցական միջավայրում։ Այս փուլը հնարավորություն կտա՝ գնահատելու առաջադրանքների գործնական կիրառելիությունը, ուսումնասիրելու սովորողների կողմից դրանց կատարման առանձնահատկությունները և ստացված արդյունքների հիման վրա կատարելագործելու առաջարկվող մեթոդական մոտեցումները»,-ներկայացրին ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնից։

Գեղամա աշխարհ

4 դիտում