Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԽԱՉԵՐ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՈՒՐԲ ՍԱՆԴՈՒԽՏ ՄԱՏՈՒՌԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ

Գավառ քաղաքի Խաչեր թաղամասի մի կորած անկյունում, իրար հանդեպ բավականին խիտ դասավորված տների արանքում, որոնց հազիվ մի արահետաչափ ճանապարհ է բաժանում, հնասեր Թաթուլ Տոնոյանն ինձ առաջնորդեց մի սրբավայր, ուր թաքնված են հրաշաքանդակ մի քանի խաչքարեր ու ժայռի փոսի մեջ երկու կողմերում քանդակված խաչեր։ Ժայռափոսն էլ հիշեցնում է նորածինների համար կնունքի համար ավազան։
                   
Ըստ Թաթուլ Տոնոյանի՝ տների խտությամ մեջ կորած, Արտավազդ Տոնոյանի տան հետնամասում գտնվող այդ սրբավայրի անունը Սուրբ Սանդուխտ է։ Այնտեղ, տասնամյակներ առաջ, խաչքարերի ու ժայռախաչի շրջակայքով մեկ, Խաչեր թաղամասի բնակիչները պատերի շարվածք են արել՝ հին հուշարձանների ու սրբավայրի պահպանության գոտի ստեղծելու նպատակով։ Իսկ շուրջ 10 տարի առաջ մատուռը նորոգել է Գավառ քաղաքի բնակիչ Վիգեն Հովհաննիսյանը՝ տեղադրելով նոր տանիք ու սվաղելով պատերը։
                 
Սուրբ Սանդուխտի մուտքից դեպի արեւելք, դրսի կողմից, տեղադրված է մի խաչքար, որի դիմաց տապանաքար է դրված՝ վրան խաչի ու հավերժության նշանի քանդակով։ Այն իր պատրաստման ոճով նման է 13-րդ դարերի խաչքարերին։ Մատուռի ներսում, արեւմտյան պատի մեջ շարված է խաչքարի գեղաքանդակ բեկոր, որն իր պատրաստման ոճով նման է 9-րդ դարի քանդակներին։ Այդ ժամանակահատվածում են կերտվել նաեւ մատուռի ներսում դրված մի քանի փոքրածավալ խաչքարերը, որոնք եւս արվեստի անկրկնելի գործեր են։ Իսկ առավել մեծ շուք ու արժեք են տալիս մատուռի ներսի արեւելյան կողմի պատին հենված ու իրենց պատվանդանների վրա կանգնած երկու խաչքարերը, որոնք անվիմագիր են, սակայն իրենց պատրաստման ոճով նման են 15-րդ դարի խաչքարերին։ Այս երկու խաչքարերն աչքի են զարնում թե՛ իրենց խոշոր չափեչով, թե՛ քանդակների շքեղությամբ։
Նախնական տվյալներով՝ այս հրաշակոթողներն ընդգրկված չեն հուշարձանների պահպանության պետական ցանկում։
                                                             
Նույն խաչեր թաղամասի Արծրունի եղբայրների փողոցում, ճանապարհի հյուսիսային կողմում, հողամասի ցանկապատին հենված է եւս մի գեղաքանդակ խաչքար կա, սակայն արդեն վիմագիր արձանագրությամբ, որը ժամանակին վերծանել է անվանի հնագետ-վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը։ Ահա տեքստը․ «ՈՀԹ/1230 թվական/ ՍԵԹ ՔԱՀԱՆԱՅԻ ՅԻՇԵՑԵՔ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏՎԱԾ ՈՂՈՐՄԻ, ՈՐՔ ԿԱՐԴԱՅՔ»
Ահա թե ինչու են մարդիկ այս թաղամասը կոչել «Խաչեր», իհարկե, ոչ թե այս մի քանի, այլ բազմաթիվ խաչքարերի առատության համար, որոնց կանդրադառնամ առանձին հոդվածով ու լուսանկար-վավերագրերով։
Խոսրով  Խլղաթյան
4 դիտում