.
2025 թվականին անցկացվող «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը կազմակերպվում է առաջին անգամ։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովը՝ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ։
Լողի մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբով՝ 3-6-րդ և 7-12-րդ դասարանների աշակերտների միջև, և երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ, որին կարող են մասնակցել հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների աշակերտները, ովքեր լողով զբաղվելու համար հակացուցում չունեն:
Գեղարքունիքի մարզային փուլին հայտ ներկայացրած 37 դպրոցականները, մարզում փակ լողավազնների բացակայության պատճառով, մրցումներն անցկացրել են Ծաղկաձորի մարզական համալիրում։
Փոքր տարիքային խմբի մասնակիցները մրցել են 50, իսկ մեծերը՝ 100 մետր տարածությունում՝ ազատ ոճով։
Մրցումների ամփոփումից հետո մրցանակային տեղեր գրաված մասնակիցներին ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անտոնյանը հանձնել է համապատասխան կարգի հավաստագրեր։
Հաղթողներից կձևավորվի մարզի հավաքական թիմը, որը 2025 թվականի նոյեմբերի 22-ին կմասնակցի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի հանրապետական փուլին։
Գեղամ Չարվադարյան