Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ձորագյուղի երկու պատանի մարզիկները ոսկե և արծաթե մեդալով են տուն վերադարձել Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությունից

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղի պատանի երկու մարզիկ ոսկե և արծաթե մեդալով են տուն վերադարձել Լոնդոնում կայացած «Այկիդո» կարատեի աշխարհի առաջնությունից։

Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ 2025 թվականի հոկտեմբերի 8-ից 14-ը Լոնդոնում կայացել է «WKO K1» Այկիդո կարատեի  աշխարհի առաջնությունը, որին ՀՀ հավաքականից մասնակցում են նաև Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրից երկու պատանի մարզիկ։ Հավաքականը գլխավորում էր Հայաստանի «Այկիդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը։

Թեժ մրցապայքարի արդյունքում ձորագյուղցի  պատանիներից ութամյա Գրիգոր Սաֆարյանը նվաճել է ոսկե մեդալ և հռչակվել  աշխարհի չեմպիոն, իսկ իննամյա Խաչիկ Խլղաթյանը դարձել արծաթե մեդալակիր։

Սաների մարզիչ Արաքս Մարգարյանի  հավաստմամբ՝ Անգլիայի առաջնությանը մասնակցում էր աշխարհի 36 պետության մոտ 3000 մարզիկ և մարզուհի, ուստի այդ հաղթանակը բավականին դժվար էր վաստակել։

«Մեկ տարի առաջ էլ այս երկու փոքրիկ մարզիկները Ձորագյուղի հռչակը տարածեցին աշխարհով մեկ․ Գերմանիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ Գրիգոր Սաֆարյանը նվաճեց ոսկե, Խաչիկ Խլղաթյանը՝ արծաթե մեդալ։ Ձորագյուղը կրին շուքով դիմավորեց իր հերոսներին»,-նշեց Ձորագյուղի վարչական ղեկավար Արարատ Սաֆարյանը։

“Գեղամա աշխարհ”

13 դիտում