Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզը ֆրանսիական կողմի հետ կհամագործակցի գյուղատնտեսության ոլորտում  

Գեղարքունիքի մարզը ֆրանսիական կողմի հետ մինչ այժմ իրականացված կրթական, առողջապահական, մշակութային, զբոսաշրջային ծրագրերի կողքին ավելացնում է նաև գյուղատնտեսական  ոլորտի ուղղությամբ մեկնարկող  համագործակցային ծրագրերը։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝   Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն  ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության  Օվեռն-Ռոն-Ալպեր  տարածաշրջանի և Իզերի  Գյուղատնտեսական պալատի փորձագետներին՝ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակում։

Ֆրանսիացի գյուղատնտեսական ոլորտի փորձագետներ Վալերի Մորիե-Ժենուն և Թոմաս Հուվերը 6-օրյա աշխատանքային այցով մարզ են ժամանել՝ ուսումնասիրելու համագործակցության հնարավորությունները և կիսվելու իրենց փորձով։

Հանդիպման ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ այցի և կառուցողական ներգրավվածության համար՝ կարևորելով միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Քննարկումների ընթացքում կողմերը նախանշել են  հնարավոր կոնկրետ ծրագրեր ու նախաձեռնություններ՝ ուղղված մարզում գյուղատնտեսության կայուն և ժամանակակից զարգացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել  ֆերմերների ներուժի բացահայտմանն ու նրանց մասնագիտական կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև ֆերմերային կրթության նոր ձևաչափերի ներդրմանը։

«Առաջիկա օրերին ֆրանսիացի մասնագետները կհանդիպեն Գեղարքունիքի տարբեր համայնքների ֆերմերների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ՝ տեղում գնահատելու կարիքները և համագործակցության հնարավոր ուղղությունները։   Նրանք նաև կիրականացնեն վերապատրաստումներ՝ համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համար։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը շարունակաբար աշխատում է՝ խթանելու մարզի գյուղատնտեսական ներուժը, զարգացնելու համատեղ նախաձեռնություններ և ստեղծելու այնպիսի պայմաններ, որոնք կբերեն ժամանակակից, արդյունավետ ու կայուն գյուղատնտեսության ձևավորմանը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

35 դիտում