Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Արսեն Ավետիսյանը Ոսկե մեդալ է նվաճել ֆուլկոնտակտ կարատեի միջազգային մրցաշարում

Ֆուլկոնտակտ կարատեի Հայաստանի հավաքականի անդամները 2 ոսկե ու 1 բրոնզե մեդալ են նվաճել  Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայացած «ANTWERP FULLCONTACT KARATE DIAMOND CUP- 2026» միջազգային առաջնությունում։

Ինչպես  տեղեկացրեց Ֆուլկոնտակտ կարատեի Հայաստանի հավաքականի մարզիչ Սևակ Գրիգորյանը, մեր հավաքականից Պատվո պատվանդանի առաջին աստիճանին են  կանգնել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, 80 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ավետիսյանը և  ծնունդով ջավախքցի Վալիկո Պողոսյանը։ 3-րդ մրցանակային տեղ է գրավել նույն ինքը՝ մարզիչ Սևակ Գրիգորյանը։

Մեր հավաքականը մրցավայր է ժամանել 7 մասնակիցներով, որոնցից 3-ը տուն են վերադարձել ոսկե ու բրոնզե մեդալներով։

Մրցաշարին մասնակցել են 26 երկրների ներկայացուցիչներ։

«Հպարտ ենք, որ մեր մարզիկները միջազգային մրցահարթակում բարձր են պահում Հայաստանի պատիվը։ Հաղթանակների արդյունքում մրցավայրում, պարգևատրման արարողության ժամանակ, հնչեց Հայաստանի Հանրապետության Օրհներգը ու վեր պարզվեց հայոց Եռագույն դրոշը։ Այս հաղթանակները տարիների աշխատանքի, նվիրվածության և քրտնաջան մարզումների արդյունք են։ Մեր չեմպիոնները աչքի են ընկնում աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ ու հաղթանակի կամքի դրսևորումով։ Համոզված եմ, որ նրանք նորանոր հաղթանակներով մեզ կուրախացնեն միջազգային այլ ստուգատեսներում»,-ներկայացրեց մարզիչ Սևակ Գրիգորյանը։

Գեղամա աշխարհ

28 դիտում