
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նոյեմբերի 20-22-ին անցկացվել է բռնցքամարտի հանրապետական առաջնություն՝ նվիրված Մարտունու մարզադպրոցի հիմնադրման 61-րդ տարեդարձին։
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը, առաջնությանը մասնակցել են շուրջ 450 մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից և մայրաքաղաքից։ Ռինգ են դուրս եկել Մարտունի խոշորացված համայնքի, Երևանի Շահինյանի անվան բռնցքամարտի դպրոցի, Շենգավիթի, Վանաձորի, Հրազդանի, Աշտարակի, Արտաշատի, Սևանի, Իջևանի, Ալավերդու, Եղեգնաձորի, Սիսիանի, Քաջարանի, Նորատուսի, Լճաշենի, Լեռնագոգի, Դալարիկի, Շնողի, Քարագլխի, Աղավնաձորի և մի շարք այլ համայնքների թիմերը։
Թիմային պայքարում առաջին տեղը գրավել է Մարտունու մարզադպրոցը, երկրորդ տեղը՝ Վանաձորի մարզադպրոցը, երրորդ տեղը՝ Երևանի Շահինյանի անվան բռնցքամարտի դպրոցը։ Հաղթողները մրցաշարի կազմակերպիչ հանդիսացող Մարտունու մարզադպրոցի կողմից պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով։
«Բացի այն, որ մեր պատանի բռնցքամարտիկներն այս մրցաշարի շնորհիվ որոշակի փորձ ձեռք բերեցին, այն նաև առաջին ստուգատեսն էր շատ բռնցքամարտիկների համար, ովքեր առաջին անգամ էին իրենց ուժերը փորձում ռինգում»,-ներկայացրեց Գևորգ Սարգսյանը։
Գեղամա աշխարհ