Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Բերդկունքի  ամրոցի  հնագիտական պեղումների արդյունքները  

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղում շարունակվում են Բերդկունքի ամրոցի պեղումները, որոնք սկսվել են այս տարվա հոկտեմբերի սկզբից, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ հնագիտական արշավախմբի կողմից։

Հնագիտական արշավախմբի անդամ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, հնագետ Լևոն Մկրտչյանը, պեղումները տալիս են նկատելի և հետաքրքիր արդյունքներ։

«Աշխատանքներն իրականացվում են պարսպապատի հյուսիսարևելյան հատվածում և հրվանդանի ափամերձ բարձունքում։

Պարսպապատի շարունակության բացման աշխատանքներում տեսանելի են դարձել ևս մեկ բրգաշտարակի հիմնապատեր։ Պարսպապատը, ըստ օդալուսանկարների, տեղ-տեղ պահպանված հատվածներով շարունակվում է դեպի արևմուտք։ Այն հնարավոր կլինի բացել հետագա պեղումներով։

Առափնյա հրվանդանում հայտնաբերվել են քառապատրույգ ճրագաման, խեցեղեն բեկորներ և վանակատից ցլեպներ։ Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ հայտնաբերված նյութը վերաբերում է երկաթի դարից մինչև զարգացած միջնադար ժամանակահատվածին։

Պեղումների արդյունքում բացվել է նաև ժայռափոր թաղում՝ անհատի ոսկորներով և երկու ամբողջական ծովախեցիով»,-ներկայացրեց Լևոն Մկրտչյանը ։

Ցամաքային պեղումներից զատ իրականացվել են նաև ստորջրյա հնագիտական աշխատանքներ։ Ստորշրջյա ուսումնասիրություններն արվել են Սևանա լճի գաղտնիքները բացահայտող սուզորդ Աննա Մարտիկյանի օգնությամբ և հնագետ, արշավախմբի անդամ Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ։

«Խնդիր էր դրված՝ որոնել լճից դեպի բերդ տանող որևէ ուղի  և մարդկային կենսագործունեության որևէ հիշատակում (հաշվի են առնվել նաև տեղացիներների պատմություններն ու հիշողությունները)։ Դիտարկվել է Բերդի հարավային կողմից դեպի հյուսիս մոտ 10000 քմ ստորջրյա տարածք (ափի երկայնքով մոտ 500 մ․)։ Ստորջրյա աշխատանքներ են իրականացվել 3-7 մ խորություններում։

Ուսումնասիրության արդյունքում 3-5 մ խորորություններում հայտնաբերվել է որմնասյուն հիշեցնող բեկոր, որից էլ մի քանի մետր դեպի արևելք գտնվել է քանդակի բեկոր։ Ակնհայտ է, որ գտածոներն իրենց նախնական տեղում չեն։ Դիտարկված տարածքում նշմարվել են քարաբեկորներ, որոնց տաշվածքը ենթադրում է մարդկային գործոնի ազդեցություն»,-զրույցն ամփոփեց պեղող հնագետը։

Բերդկունքի ամրոցի պեղումները կշարունակվեն առաջիկա օրերի ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

43 դիտում