Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՀՈՒՇ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱԾ ՎԵՐԻՆ ՎԱՐԴԵՆԻԿԸ

Վերին Վարդենիկ գյուղատեղին, որն անմարդաբնակ է 1949 թվականից, գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից 3 կիլոմետր հարավ, Վարդենիկ գետի արեւելյան ափի բարձունքում։ Այս բնակավայրի մասին հայտնի պատմական տեղեկությունները եւս վերաբերում են վաղ միջնադարին ու ավարտվում 20-րդ դարի երկրորդ կեսի մեկնարկում։
Վերին Վարդենիկի մասին հիշատակություն կա Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Սիսական աշխարհի» գրքում, ուր գյուղը նշված է Տաթեւի վանքին հարկատու բնակավայրերի ցանկում։ Բնակավայրի տարածքում պահպանված հուշարձանները փաստում են, որ այն գործել է 8-9-րդ դարից։ Սակայն չի բացառվում, որ այստեղ կարող ենք գործ ունենալ շատ ավելի հին ժամանակաշրջանի հետ, ինչպես որ Գեղարքունիքի մարզի մյուս բնակավայրերի պարագայում է։
Վերին Վարդենիկի կենսագործունեության մասին 1910-ական թվականներին կարճ հիշատակություն է թողել անվանի հնագետ Երվանդ Լալայանը։ «Վերին Գյոզալդարան գտնվում է Ներքին Գյոզալդարայից փոքր-ինչ վերեւ, նույն գետի ձախ ափին։ Հիմնված է 1878 թվականին, ալաշկերտի Քոռուն եւ Մուսուն գյուղերի հայ գաղթականներից։ Գյուղում ուշադրության արժանի առանձին բան չկա։ Բնակիչները 44 տուն են, 178 արական, 177 իգական, 355 հոգի։ Պարապմունքը երկրագործություննն ու անասնապահությունն են»։
Այս վկայությունն էլ մեզ հիմք է տալիս կարծելու, որ Երվանդ Լալայանը Վերին Վարդենիկ չի այցելել անձամբ, այլ բնակչության մասին տեղեկատվությունը փոխանցել է այլ աղբյուրներից, քանի որ դժվար է պատկերացնել, թե նման ականավոր հնագետն ինչպես կարող էր չնկատել Վերին Վարդենիկի Սուրբ Գրիգոր միանավ բազիլիկ եկեղեցին, նրա շրջակայքի բարձրարվեստ քանդակներ կրող խաչքար-տապանաքարերը, քարայր-ճգնարանի ժայռին քանդակված խաչերը։ Մինչդեռ այս բնակավայրի հնագիտական արժեքների մասին ոչ միայն «ուշադրության արժանի բան կա», այլ նաեւ հսկայական ու ծանրակշիռ ասելիք կա։
Վերին Վարդենիկի մասին հաջորդ հիշատակությունը թողել է անվանի հնագետ Սեդրակ Բարխուդարյանը։ «Վերին Վարդենիկը գտնվում է Վարդենիկ գյուղից 3 կիլոմետր հարավ, գետակի ափին։ Սուրբ Գրիգոր եկեղեցին շինված է մեծ եւ ճեղքված քարերով։ Երեք մետր երկարություն ունեցող նեղ դահլիճի կենտրոնում դրված են միակտուր եւ ներքեւից վերեւ լայնացող քարե սյուներ, որոնց վրա, նույնպես միակտուր քարից հեծաններ, ապա ծածկված են մեծ, կիսատաշ քարերով։ Եկեղեցու հարավային մուտքի առաջ եղել է փոքր գավիթ, որի հիմնապատերն են մնում։ Շինության ժամանակը որոշ չէ։ Ներքուստ երեսպատման քարերի վրա եղած հնագույն արձանագրությունը վերաբերում է 1291 թվականին։ Սուրբ Գրիգորի շուրջը տարածված գերեզմանատանը կան գերեզմանաքարեր, որոնցից հնագույն տապանագիր արձանագրությունը գրվել է 1691 թվականին»։
Ըստ Բարխուդարյանի կողմից կատարված վերծանումների՝ Սուրբ Գրիգոր եկեղեցու բեմի հյուսիսային կողմում , երեսով արեւմուտք, խաչերի արանքում արձանագրված է 3 տող․ «․․․Ողորմին անխափան կատարեց թվ․ ՉԽ/ 1291/։
Եկեղեցու բեմի          հարավային կողմում, երեսով արեւմուտք, խաչերի շուրջը, արձանագրված է 12 տող ․ «Ես, աղբ․․․աբեղա միայբանեցայ սբ․ Գրիգորիս եւ վանակայնիս Զատիկ շաբաթ աւրին Պատարագ ինձ․եյետ ով խափանե, դատի յայ»։ Բարխուդարյանը կարծում է, որ այն գրվել է նույն ժամանակում, ինչը նախորդի պարագայում է՝ 13-րդ դարում։
Վանքի հարավային պատի տակ, գավթի ավերակների մեջ, կա մեծ, օրորոցաձեւ տապանաքար, որն ունի հետեւյալ արձանագրությունը․ « Ես Զոսիմոս քահանայ եւ ամուսին իմ փոխեցաք ի մահվանե ի կեանս եւ զծնողն եմր զվանական եւ զմայրն իմոյ յիշեցեք ի Քրիստոս թվ․ ՉԽԵ/1296/։
Եկեղեցու գավթի արեւելյան պատի մեջ ագուցված խաչքարին հետեւյալ բովանդակության արձանագրությունն է․ «Ես Խոճայդեղս կանկնեցի զխաչս ի փրկություն հոգվոյ որդվոյ իմոյ Ամիրին թվ․Ջ/1451/։
Գավթի արեւելյան պատի մեջ ագուցված մեկ այլ խաչքարին արձանագրված է․ «կանկնեցի Զխաչս փրկութիւն հոգվոյն հաւրն իմ Խոճայդեղին թվ․ Ջ/ 1451։
Անթվակիր մի խաչքարի էլ արձանագրված է․ «Խաչս բարեխոս Մխիթարին եւ կողակցին»։
Վերին Վարդենիկի գերեզմանատանը, որը գտնվում է եկեղեցու հարավային ու հյուսիսային կողմերում, պահպանվել են Աղսուլթանի, Նազարի, Արզունքանի, Միրզախանի, Ճանղուլի եւ Հախնազարի արձանագիր ու պատկերազարդ տապանաքարերը, որոնցից ամենահինը վերաբերում է 1693, ամենանորը՝ 1711 թվականին։
Դժվար է ասել, թե այդուհետ ինչ է կատարվել այս գյուղի հետ, ինչ աղետի պատճառով է գյուղը դարձել անմարդաբնակ։ Ամենայն հավանականությամբ, Սյունիքում ու Արցախում 1722-1730 թվականներին բռնկված ազգային ազատագրական շարժումների պարտությունից ու մահմեդական ցեղերի դաժան ու չընդմիջվող ասպատակությունների արդյունքում է լքվել բնակավայրը, որտեղ կյանքը վերակենդանացել է 1878 թվականից, երբ այստեղ ռուս-թուրքական հերթական պատերազմից ու Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագրի կնքումից հետո վերաբնակություն են հաստատել արեւմտահայ 44 ընտանիքներ, որոնց թիվը 1949 թվականին, բնակիչների՝ այլ բնակավայր տեղափոխելու պահին, հասել է շուրջ 120 տնտեսության։
Վերին Վարդենիկի Սուրբ Գրիգոր եկեղեցու ճարտարապետական բացառիկ ոճին ժամանակին անդրադարձել է հայ անվանի հնագետ-ճարտարապետ Ստեփան Մնացականյանը՝ իր «Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը» գրքում մանրամասնորեն տալով այս հուշարձանի չափազանց արժեքավոր ու կարեւոր նկարագիրը։ Մանրամասնորեն քննելով ու վերլուծելով Սյունիքի պատմաճարտարապետական հուշարձանների կառուցվածքային ու շինարարական առանձնահատկությունները՝ Ստեփան Մնացականյանը դրանցից առանձանացնում է երկուսը, որոնք իրենց ճարտարապետական մտահղացմամբ ու կառուցաղական տեխնիկայով բացառիկ են ու մյուսներից տարբերվող։ «Դրանցից առաջինը գտնվում է Մարտունու շրջանի Վերին Գյոզալդարա գյուղում։ Հուշարձանն ըստ իր հակատագծային կոմպոզիցիայի մի ուղղանկյուն, արեւմուտքից արեւելք ձգված կառուցվածք է՝ նրա կենտրոնում դասավորված երեք ուժեղ սյուներով։
Այստեղ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն հատակագծային կոմպոզիցիան, որը եզակի երեւույթ է հայկական ճարտարապետության մեջ, այլեւ կառուցողական այն տեխնիկան եւ հատկապես քարային ծածկի այն կոնստրուկցիաները, որոնք օգտագործվել են այստեղ, եւ որոնք այնքան անսովոր են հայկական մոնումենտալ ճարտարապետության համար առհասարակ։
Դահլիճի կենտրոնում, աստիճանավոր խարսխի վրա բարձրանում են հաստահեղույս, կիսամաքուր մշակված, միակտուր բազալտե 0,5*0,6 մետր կտրվածք եւ 2,80 մետր բարձրություն ունեցող սյուներ, որոնց վրա ընդլայնական ուղղությամբ հենվում են դարձյալ միակտուր 0,5*0,7 մետր կտրվածք եւ 3,90*4,10 մետր երկարություն ունեցող ուժեղ հեծաններ։ Ահա այս հեծանների վրա էլ իրենց հերթին հենվում են 0,8*09 մետր լայնության, 0,20-025 մետր հաստության եւ 2-2,20 մետր երկարություն ունեցող ծածկի սալերը։
Յուրահատուկ ձեւ ունեն սյուները, որոնք աստիճանաբար լայնանում են դեպի վեր, ճիշտ այնպես, ինչպես տեսնում ենք ժողովրդական ճարտարապետության մեջ, գլխատան հազարաշեն ծածկը կրող հիմնական սյուների ձեւերում։
Միակտուր սյուներն իրենց հերթին հենվում են աստիճանաձեւ խարիսխների վրա, որոնք բաղկացած են դարձյալ երկու, դարձյալ միակտուր բազալտե սալերից։ Ընդ որում, ներքին սալն անհամեմատ ավելի մեծ է, քան վերինը։ Եկեղեցու աբսիդը նույնպես կառուցված է կոպիտ մշակված բազալտից եւ իր ընդհանուր ձեւով մոտենում է կիսաշրջանագծին։ Աբսիդի՝ դեպի արեւմուտք նայող աբնկյունները ձեւավորված են երկու հաստահեղույս միակտուր սյունանման քարերով, որոնց վերեւի մասերը կորագիծ տաշվածք ունեն եւ կարծես հիշեցնում են աբսիդի կամարի հիմքերը։ Այս մոնոլիտների վրա հենվում է հորիզոնական մեկ այլ քարե հեծան, որն իր հերթին հենարան է ծառայում աբսիդը ծածկող սալերի համար։
Հուշարձանը համարյա թե զուրկ է դեկորատիվ հարդարանքից, եթե չհաշվենք աբսիդի երկու կողմերում կանգնեցված մոնոլիտների վրա փորագրված խաչերը։ Այստեղ եւս առկա է 17-րդ դարի մի արձանագրություն։
Հուշարձանն արտաքինից համարյա թե խրված է բլրալանջի մեջ եւ միայն արեւմուտքից ու հարավից է, որ կարելի է տեսնել ճեղքված քարից շարված նրա ոչ բարձր պատերը։
Ի հակադրություն այդպիսի անշուք էքստերյերի, հուշարձանի ինտերյերը՝ նրա ուժեղ եւ հզոր մոնոլիտ սյուներով, նրանց վրա հենվող հսկայածավալ քարե հեծաններով եւ կառուցվածքի կազմը ծածկող մեծադիր սալերով արտակարգ տպավորություն է թողնում։
Դժբախտաբար, ոչինչ հայտնի չէ այս կառույցի թվագրման մասին։ Սակայն այն հանգամանքը, որ պատերի շինարարական տեխնիկան ամբողջությամբ կրկնում է 9-րդ դարի վերջին եւ 10-րդ դարի սկզբին Սյունիքում այնքան տարածված կառուցողական տեխնիկան, որոշ հիմքեր է տալիս՝ այս հուշարձանը թվագրել հենց այդ ժամանակով։
Մյուս հուշարձանը, որ խիստ կերպով անջատվում է վերը բերված թաղածածկ կառուցվածքների ոճական այնքան միասնական խմբից, դա Տաթեւի վանքից ոչ հեռու գտնվող Բղենու Նորավանքի գլխավոր եկեղեցին է։»,-գրում է Ստեփան Մնացականյանը։
Իրոք, արտասովոր տպավորություն են գործում եկղեցու քարե հեծաններն ու ծածկի սալերը պահող քարեղեն սյուները ու հատկապես՝ նրանց վրա քանդակված խաչերը։ Անգամ տպավորություն է առաջանանում, թե այդ սյուները նախապես եղել են հեթանոսական դարաշրջանին բնորոշ վիշապակոթողներ։
Թեեւ ցերեկային ժամ էր, սակայն եկեղեցու ներսում չկար բավարար լուսավորություն, քանի որ հյուսիսային կողմից բացվող միակ մուտքն ունի փոքր չափսեր, իսկ բոլորեքյան ոչ մի տեղից կառույցը չունի պատուհան ու երդիկ։ Ուստի ստիպված էինք նկարահանումներ կատարել մեր հեռախոսների լույսերի օգնությամբ։
Ամենայն հավանականությամբ, եկեղեցու արտաքին պատերը շարվել են ավելի ուշ ժամանակներում, 1878 թվականին գյուղը վերաբնակեցրած հայ գաղթականների կողմից, քանի որ նման կառույցի հզոր կմախքի պատերը դժվար թե լինեին այսքան անշուք շարվածքով, առանց ցերեկային լուսավորության հնարավորության։ Չի բացառվում նաեւ, որ կառույը մեզ հասած լինի նախաքրիստոնեական շրջանից, իսկ սյուների վրայի խաչքանդակներն արված լինեն հետագա ժամանակներում։
Եկեղեցու հյուսիսային պատին մոտիկ վերջերս հողի տակից հանվել ու կանգնեցվել է մի գեղաքանդակ արձանագիր խաչքար՝ 1652 թվականով թվագրված։ Իսկ եկեղեցու արեւմտյան կողմում, ձորաբերանի բարձունքի ժայռերի վրա խաչեր կան քանդակված։ Նույն ժայռերի խոռոչները թողնում են ճգնարանի տպավորություն։ Այստեղից բացվում է խորունկ ձորի սքանչելի համայնապատկերը՝ միաձուլված լեռնային գետի անլռելի շառաչին։ Դիմացը փռված են Վարդենիսի լեռնաշթայի ձյունոտ, բարձրաբերձ կատարներն ու կանաչառատ լեռնափեշերը, ձորերն ու ձորակները։ Այստեղ այցելող մարդն ակամա իրեն զգում է էներգետիկ հզոր դաշտի մեջ, գերող ու հրապուրիչ անկյունում, թեկուզեւ տխրեցնող ու վայրի ամայության մեջ։
Վերին Վարդենիկի նախկին բնակիչների սերունդերն այսօր հիմնականում բնակվում են Արարատի մարզի Ավշար եւ Մարմարաշեն գյուղերում, իսկ հինգ գերդաստան՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում։ Նրանց մեջ, վարդենիկցիների իսկ վկայությամբ, շատ խորն են նստած իրենց նախնիների բնակավայրի հանդեպ ունեցած հիշողությունն ու կարոտը։
Նրանցից շատերը հաճախակի են այցելում իրենց նախնիների գերեզմաններին, կարոտն առնում հայրենի բնօրրանից։ Բացի այդ, իրենց հոգում ամբարել են հետաքրքիր զրույցներ ու պատմություններ իրենց պապերի կամ հարազատների մասին։
Այսպես, Վերին Վարդենիկի բնակիչ Աղաբեկ Վարդանյանն իր հինգ զավակների ու կնոջ հետ բնակության է տեղափոխվել Արարատի մարզի Ավշար գյուղ։ Նրանք Վերին Վարդենիկում ժամանակին զբաղվել են հողագործությամբ ու անասնապահգությամբ, ունեցել եկամտաբեր տնտեսություն։
-Պապս միշտ կարոտով էր խոսում Վերին Վարդենիկի եկեղեցու մասին, ասում էր, որ դրա նման հզոր ու կուռ եկեղեցի աշխարհում չկա, հիշում էր, որ գյուղում աղբյուրի ջրերը չեն բավարարել, մարդիկ հիմնականում ջուրը ձեռքով կրել են ձորով հոսող գետից, շատ են կռիվ տվել հողի ու քարի հետ, սակայն դժվար են բաժանվել իրենց հարազատ բնօրրանից, երբ գյուղը կառավարությայն որոշմամբ տեղափոխել են։ Իսկ պապիս եղբայրը՝ Արտաշ Վարդանյանը, եղել է Վերին Վարդենիկի դպրոցի տնօրենը։ Նա բանակ է զորակոչվել Հայրենական մեծ պատերազմի տարիներին, աչքի ընկել Հունգարիայի տարածքում գերմանաֆաշիստական զորքերի դեմ մղվող մարտերում, ու անձնվեր ծառայության դիմաց անձամբ Ստալինի կողմից պարգեւատրվել Ոսկե գրիչով, ինչի մասին եւ գրվել է խորհրդահայ մամուլում։ Ու երբ այդ թերթը գյուղ է հասել, ձեռքեձեռք անցել, մի չկամ ու մատնիչ մարդ զրպարտագիր է ուղարկել վերին ատյաններ՝ պապիս եղբորը բանադրելով ու ներկայացնելով որպես «ժողովրդի թշնամի»։ Այդ զրպարտագրի հիման վրա էլ հենց Հունգարիայում, առանց դատ ու դատաստանի, Արտաշին գնդակահարել են։ Հետագայում, 1970-ական թվականներին, Արտաշի որդու հասցեով նամակ է ստացվում Հունգարիայից, որով նա հրավեր է ստանում տեղի իշխանությունների կողմից։ Պարզվում է, որ այդ քաղաքում Արտաշ Վարդանյանի անունով փողոց է անվանակոչված, որ նա հետմահու արդարացվել է, ու նրա սխրանքները հավուր պատշաճի են գնահատված, -պատմում է Աղաբեկ Վարդանյանի թոռնուհին՝ Մելսիդա Վարդանյանը, ով հասակ է առել Ավշարում, այժմ բնակվում է Երեւանում։
Իսկ Վարդենիկում բնակություն հաստատած Միրզո Մադոյանը մահից առաջ պատգամել է՝ իրեն ամփոփել Վերին Վարդենիկում՝ իր ծնողների կողքին, ու այդ պատգամը կատարվել է։
Մի պահ պատկերացրի, թե որքան հաճելի կլիներ՝ այս չքնաղ բնաշխարհի մեջ տեսնել ոչ թե ամայացած, այլ բարեշեն մի գյուղաշխարհ՝ իր շեն տներով, մարդաշատ փողոցներով, եռուզեռի մեջ գտնվող մաճկալներով ու հովիվներով, անասնահոտերով, փողոցներում կամ հանդերում խաղացող երեխաներով, դպրոցի ու մանկապարտեզի ժամանակակաից շենքերով, այլ հրապույրներով։ Գուցե թե մի գեղեցիկ օր էլ մի հրաշքով վերածնվեր, վերադառնար այդ աշխարհը։
Խոսրով Խլղաթյան
8 դիտում