
Հայ մշակութային կյանքը ևս մեկ անդառնալի կորուստ կրեց։ 88 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անվանի արտիստ, ռեժիսոր, մանկավարժ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Հակոբ Աղվանի Ազիզյանը (19.04.1938–17.11.2026)։
Կյանքից հեռացավ հայ թատերարվեստի մի երախտավոր, արվեստագետ, որի անունը տասնամյակներ շարունակ անքակտելիորեն կապված էր հայկական բեմի, Վանաձորի մշակութային կյանքի և հայ թատրոնի հարուստ ավանդույթների հետ։
Հակոբ Ազիզյանը ծնվել է 1938 թվականի ապրիլի 19-ին՝ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում։ Գյուղ, որն այսօր կարող է հպարտությամբ հիշել իր մեծանուն զավակին՝ հայ թատերարվեստում անմոռանալի հետք թողած արվեստագետին։
Նա ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը և 1964 թվականից իր ստեղծագործական կյանքը կապել Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ։ Այդ օրվանից Վանաձորի բեմն ու նրա ճակատագիրը դարձան Հակոբ Ազիզյանի կյանքի անբաժանելի մասը։
Ավելի քան վեց տասնամյակ նա ծառայեց թատրոնին՝ կերտելով բազմաթիվ հիշարժան կերպարներ, հարստացնելով հայ բեմարվեստի ավանդույթները և իր դերասանական վարպետությամբ գրավելով հանդիսատեսի սրտերը։
Նրա կերտած Պեպոն, Արբենինը, Միքայելը, Բոլենբրոքը և բազմաթիվ այլ կերպարներ վկայում էին դերասանի ստեղծագործական լայն ընդգրկման, հոգեբանական խորության ու բեմական բացառիկ ներկայության մասին։
Առանձնահատուկ տեղ ունի Շեքսպիրի «Լիր արքան» ներկայացման մեջ նրա կերտած Լիրի կերպարը։ Այդ դերակատարման համար 2011 թվականին Հակոբ Ազիզյանն արժանացել է «Արտավազդ» թատերական մրցանակի՝ ևս մեկ անգամ հաստատելով իր բացառիկ վարպետությունն ու ստեղծագործական հասունությունը։
Նրա արվեստը չէր սահմանափակվում միայն դերասանական գործունեությամբ։ 1995-2000 թվականներին նա ղեկավարել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ որպես տնօրեն և գեղարվեստական ղեկավար, իսկ 2001-2002 թվականներին եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը։ Իր բեմադրություններով ևս նա նշանակալի ներդրում է ունեցել թատրոնի ստեղծագործական կյանքում։
Հակոբ Ազիզյանը նաև սերունդներ կրթած մանկավարժ էր։ Տասնամյակներ շարունակ իր գիտելիքներն ու մասնագիտական փորձը փոխանցել է երիտասարդներին՝ դասավանդելով խոսքի մշակույթ, արտահայտիչ ընթերցանություն և հռետորական արվեստ։ Նա գիտեր, որ իսկական արվեստագետը ոչ միայն ստեղծում է, այլև իր փորձով ճանապարհ է հարթում հաջորդ սերնդի համար։
Նրա վաստակը գնահատվել է պետական բարձրագույն կոչումներով։ 1979 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, 2004 թվականին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչման։ Նա նաև Վանաձորի պատվավոր քաղաքացի էր։
Հակոբ Ազիզյանը նկարահանվել է հայկական մի շարք սիրված կինոնկարներում՝ «Հեղնար աղբյուր», «Հող և ոսկի», «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Վերադարձ» և այլ ֆիլմերում՝ իր ներկայությամբ հարստացնելով նաև հայկական կինոյի պատմությունը։
Սակայն նրա կենսագրության ամենախոսուն էջերից մեկը, թերևս, Վանաձորին անմնացորդ նվիրվածությունն էր։ Նա ընտրել էր Վանաձորը, իր թատրոնը, իր հանդիսատեսին և իր ստեղծագործական տունը։ Այդ ընտրությամբ ապացուցել, որ մեծ արվեստը միայն մայրաքաղաքներում չէ, որ ծնվում ու ապրում է․ այն ապրում է այնտեղ, որտեղ կան տաղանդ, նվիրում և անսահման սեր սեփական գործի հանդեպ։
Հակոբ Ազիզյանի հեռանալով հայ թատրոնը կորցրեց իր երախտավորներից մեկին, Վանաձորը՝ իր մշակութային կյանքի նշանավոր դեմքերից մեկին, իսկ Գեղահովիտը՝ իր մեծանուն զավակին։
Մեզ համար այս կորուստն ունի նաև առանձնահատուկ խորհուրդ։ Հակոբ Ազիզյանը մեր հայրենի Գեղահովիտի զավակն էր։ Նրա անցած ստեղծագործական ուղին, պետական բարձր գնահատանքի արժանացած վաստակն ու հայ մշակույթին մատուցած ծառայությունները հպարտության աղբյուր են նրա ծննդավայրի, Գեղհովիտ համայնքի և բոլորիս համար։
Այսօր լռել է նրա ձայնը, այլևս չի բացվի բեմի վարագույրը նրա մասնակցությամբ նոր ներկայացման համար, բայց արվեստագետի կյանքը չի ավարտվում նրա հեռանալով։ Այն շարունակվում է կերտած կերպարներում, պահպանված ներկայացումներում, սերունդներին փոխանցած գիտելիքներում և այն հանդիսատեսի հիշողության մեջ, որի համար թատրոնը հոգևոր արժեք էր։
Մեծ արվեստագետները հեռանում են կյանքից, բայց չեն հեռանում ժողովրդի հիշողությունից։ Նրանց թողած հետքը ժամանակը չի ջնջում։
Մեր կենտրոնի և Գեղհովիտ համայնքի անունից խորին ցավակցություն ենք հայտնում Հակոբ Աղվանի Ազիզյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմին և նրա արվեստի բոլոր երկրպագուներին։
Կիսում ենք ձեր վիշտը և զորակցում այս ծանր ու անդառնալի կորստի պահին։ Թող մխիթարություն լինի այն գիտակցումը, որ ձեր հարազատը պատվով անցավ իր կյանքի ու ստեղծագործական ճանապարհը՝ թողնելով անուն, վաստակ և մշակութային հարուստ ժառանգություն։
Հակոբ Ազիզյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, իսկ նրա անունը՝ հայ թատերարվեստի պատմության մեջ։
Հոգին՝ լույսերի մեջ, հիշատակը՝ հավերժ։
Խոնարհում և երախտագիտություն մեծ արվեստագետին։
Գեղհովիտ գյուղի մշակութային կենտրոն
Գեղհովիտ գյուղի վարչական ղեկավարի գրասենյակ
Գեղամա աշխարհ թերթի խմբագրակազմ