Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը հյուրընկալվել է Կարմիրգյուղի արվեստի դպրոցում  

 

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ գյուղի արվեստի դպրոցը հյուրընկալել է  ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, ժողովրդական և աշուղական երգերի կատարող, բանահավաք ու մանկավարժ Թովմաս Պողոսյանին։ 

Ինչպես  տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  հանդիպումը կազմակերպվել է Կարմիրգյուղի արվեստի դպրոցի տնօրեն Օվսաննա Գևորգյանի նախաձեռնությամբ և Կարմիրգյուղի բնակիչ Վահագն Հովհաննիսյանի աջակցությամբ։

Հանդիպման ընթացքում Կարմիրգյուղի N 2 միջնակարգ  դպրոցի աշակերտները՝ ուսուցչուհի Արփինե Ջրաղացպանյանի ղեկավարությամբ, ներկայացրել են Թովմաս Պողոսյանի կյանքի և գործունեության մասին տեղեկություններ, իսկ արվեստի դպրոցի սաները հանդես են  եկել  գեղարվեստական կատարումներով։

Աշուղական արվեստի առանձնահատկությունների, դրա պահպանման ու տարածման կարևորության մասին հետաքրքիր և բովանդակալից ելույթով հանդես է եկել  Թովմաս Պողոսյանը՝ ներկայացնելով իր հարուստ փորձն ու տարիների գործունեությունը։

Անվանի արվեստագետի կատարած աշխատանքի, մշակութային նշանակալի ավանդի և ծավալած գործունեության մասին իրենց գնահատանքի ու երախտագիտության խոսքն են  ասել  Գավառի համայնքապետարանի առաջատար մասնագետ, մշակութային հարցերով պատասխանատու Հռիփսիմե Զանգիզորյանը, Կարմիրգյուղի արվեստի դպրոցի տնօրեն Օվսաննա Գևորգյանը, Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Արմինե Գափոյանը, Կարմիրգյուղի բնակիչ, Ռուսաստանի Դաշնության Տոլյատի քաղաքում «Հայեցի դաստիարակություն» կրթամշակութային կենտրոնի հիմնադիր-ղեկավար Սուսաննա Վարդանյանը և Գավառի պետական երաժշտական քոլեջի դասախոս Նաիրա Պետրոսյանը։

«Հանդիպումն անցավ  ջերմ ու անմիջական մթնոլորտում՝ դառնալով սերունդների միջև մշակութային կապի ամրապնդման, ազգային երգարվեստի արժևորման և աշուղական արվեստի նկատմամբ հետաքրքրության խթանման գեղեցիկ առիթ»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

28 դիտում