Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՇԵՂՅԱՆ․ ՄԵԼԻՔ ՊԵՏՐՈՍ ՊԱՀԼԱՎՈՒՆՈՒ ԵՎ ԻՄ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հովհաննես Իվանի Մուշեղյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում,  1922 թվականի նոյեմբերի  11-ին։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետ ձեռք է բերել տրակտորիստի մասնագիտություն ու աշխատանքի անցել հարազատ գյուղի նորաստեղծ կոլտնտեսությունում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, Խորհրդային բանակի կազմում մարտնչել Տուապսեում, որտեղ եւ ծանր վիրավորում ստացել  ու զորացրվել է 1943 թվականին։ Վերադառնալով հայրենի գյուղ՝ Հովհաննեսն անցել է խաղաղ ու հանրօգուտ աշխատանքի Մարտունու մեքենատրակտորային կայանում՝ միաժամանակ կազմելով ընտանիք ու հոգալով նրա բոլոր հոգսերը։ Համագյուղացի Ռոզայի հետ կազմած ընտանիքում ծնվել, դաստիարակվել ու  ու հասակ են առել  երեք որդի՝ Վազգենը, Զավենը եւ Սամվելը։

1959 թվականին լուծարվում է Մարտունու մեքենատրակտորային կայանը, որից հետո Հովհաննես Մուշեղյանն աշխատանքի է անցնում Մարտունու Շրջկոոպում՝ ավագ վերահսկիչի պաշտոնում։ Այստեղ մի քանի տարի աշխատելուց հետո անցել է վաստակած հանգստի։ Մահացել է 1983 թվականին, 61 տարեկան հասակում։

Չունենալով բանասերի կամ պատմաբանի կրթություն՝ Հովհաննես Մուշեղյանն իր ողջ գիտակցական կյանքի ընթացքում իրեն նվիրել էր հայ գրականության ու պատմության հարուստ էջերի ընթերցանությանն ու ուսումնասիրմանը։ Ավելին, ձեռքի հետ արտագրել է «Աշոտ Երկաթ» եւ «Ճակատագիրն Հայոց» պատմավեպերը շատ գեղեցիկ, պատկերազարդ կազմի մեջ։ Այնքան գեղեցիկ ձեռագրով են արտագրված այդ վեպերը, որ ընթերցողին թվում է, թե գործ ունի ոչ թե ձեռագիր, այլ տպագիր գրքերի հետ։

Բացի այդ, նա ունեցել է ստեղծագործելու  անուրանալի ու շնորհալի ձիրք՝ ամենայն խնամքով շարադրելով  իր տոհմի ու կյանքի պատմությունը մեկ ընդհանուր մատյանի մեջ։

Նա գրողի անուրանալի ձիրք է դրսեւորել նաեւ «Մի ընտանիքի ողբերգություն» վիպակում՝ հուզական, պարզ ու անպաճույճ լեզվով ներկայացնելով Բայբուրդ քաղաքում 1915 թվականին սրի քաշված հայ ընտանիքի պատմությունը, հրաշքով կոտորածից փրկված նույն ընտանիքի անդամ Մարտիրոսի կյանքի ոդիսականը։ Ընդ որում, Հովհաննեսն այդ պատմությունը գրառել ու թղթին է հանձնել 1979 թվականին, Երեւանի հիվանդանոցում բուժում ստանալու ժամանակ՝ լսելով իր հետ հիվանդանոցի նույն պալատում պառկած ութսունամյա Մարտիրոսից։

Տրակտորիստի ու հաշվապահի դժվարին աշխատանքի մեջ նա ոչ մի ակնթարթ չի բաժանվել գրից ու գրականությունից, հայրենի երկրի պատմությունից, ստեղծագործական աշխատանքից, թեեւ դրանք, թեկուզ թերթերում,  տպագրության հանձնելու ոչ մի փորձ չի ձեռնարկել։

Հովհաննես Մուշեղյանն հարազատ տոհմի ու իր կյանքի պատմությունը շարադրել է պարզ ու անպաճույճ լեզվով, պատկերավոր նկարագրությամբ, դեպքերի ու իրադարձությունների, կերպարների բազմազանությամբ։

Ընթերցողը պատկերացում է կազմում ԽՍՀՄ կազմում ընդգրկված գյուղի մարդկանց դժվարին կենցաղի, տառապանքով լի կյանքի, մարդկանց ունեզրկման, պատերազմների բերած արհավիրքների, խաղաղ ուստեղծագործ աշխատանքի ձգտումների, հայրենակերտման բարդագույն ընթացքի մասին։

Հովհաննես Մուշեղյանը սերում է Մելիք Պետրոս Պահլավունու տոհմից, ով Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ Գավառի Կումլիպուճախ գյուղից 1830 թվականին գաղթել ու բնակություն է հաստատել Սեւանա լճի հարավային ափին, ներկայիս Աստղաձոր գյուղում՝ իր հետ բերելով  տպագիր երկու Սուրբ գիրք՝ Նոր Կտակարանը եւ Նարեկը։ Մինչ օրս նրա զարմերից Մուշեղ Սիմոնյանի տանը պահվում է այն Պատվո շքանշանը, որ 1830 թվականին ռուսաց Նիկոլայ Առաջին ցարի կողմից շնորհվել է Մելիք Պետրոս Պահլավունուն, բնական է, ռուսական բանակի շարքերում թշնամու դեմ վեհանձնաբար մարտնչելու ու նշանակալի ծառայություններ մատուցելու համար։

Ամեն դեպքում, նրա հոգում մշտարթուն է եղել ազնվական ծագման գաղափարը, նա միշտ հպարտ ու փառավոր է զգացել իրեն՝ Պահլավունիների ազնվական արյունն իր մեջ կրելու համար։

Այս ձեռագիր մատյանը «Գեղամա աշխարհ» թերթի խմբագրությանն է հանձնել Հովհաննես Մուշեղյանի կրտսեր որդի Սամվելը՝ այն պարզապես փրկելով մոռացության փականքներից ու հանձնելով ընթերցողների դատին եւ դարձնելով հանրության հոգեւոր սեփականությունը։

Ձեռագիր մատյանը կազմվել է 1980 թվականին, հեղինակի կյանքի 58-րդ տարում

Խոսրով  Խլղաթյան

 

Ոչ թե պետք է պահել ազգի մոխիրը, այլ պետք է նրա մոխիրների միջից հայտնաբերած կայծերը բոցավառել եւ դարձնել ամնարելի ջահ եւ պահել ապագա սերունդների ճանապարհը լուսավորելու եւ նրանց հոգին ջերմացնելու համար։

Հովհաննես Մուշեղյան

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

 

Իմ մանկությունից շատ քիչ բան եմ հիշում, որովհետեւ այն անցավ այնքան շուտ, այնքան դատարկ կերպով, որից մեջս այնքան էլ շատ բան չի տպավորվել։

Բայց երբ մտաբերում եմ անցյալը, իմ գիժ, արկածներով լի անցյալը, դրանք երեւում են ընդամենը երեխայական անմեղ տեսիլներով։ Ահա, մեկը մյուսին հաջորդելով, հանդես են գալիս ծանոթ ու անմոռանալի պատկերները։

Ես տեսնում եմ մեր ժառանգական բարձրասլաց ուռիներով շրջապատված, երբեմնի ծաղկազարդ հողամասը, որի մեջ փարթամորեն աճում էին գարին ու ցորենը, առվույտն ու կանաչը, սոխն ու բողկը եւ հազար ու մի բուրմունք տարածող ծաղիկները։ Մեր բախչան մեզ ժառանգվել էր 1830 թվականից, որը, որպես ժառանգական  սեփականություն, շնորհվել էր մեր նախապապ Մելիք Պետրոս Պահլավունուն։

1828-1829 թվականներին բռնկվել էր ռուս-թուրքական պատերազմը։ Ռուսական բանակը մտել էր Արեւմտյան Հայաստան, գրավել Կարսը, Ալաշկերտի դաշտը, Բայազետը։ Մելիք Պետրոս Պահլավունին, բազմաթիվ հայ կամավորների հետ զինվորագրվել է ռուսական բանակին։ Մինչ ռուսների հարձակումը նա  կազմել առանձին ջոկատ, գաղտնի զինել նրանց ու բարձրացրել անմատչելի լեռներ, որտեղից հաճախակի հարձակվել է թուրք-քրդական զինված կազմավորումների վրա՝ ահուսարսափի մեջ պահելով նրանց։ Սակայն, երբ զգացել է, որ հայտնվում է պաշարման օղակի մեջ, նա որոշել է հարձակումով ճեղքել այդ օղակը, կտրել հարյուրավոր կիլոմեըտրեր ու իր ջոկատով միանալ ռուսական բանակին՝ նրա մեջ տեսնելով հայ ժողովրդի՝ դարերով երազած փրկությունը։

Ճիշտ է, Մելիք Պետրոս Պահլավունին երկար ժամանակ կռվել է թուրքերի ու քրդերի դեմ, ռուսական բանակի կազմում նրանցից մաքրել իր հայրենի ոստանը, սակայն ստիպված է եղել բռնել գաղթի ճանապարհը, քանի որ ռուսները գրավված տարածքները նորից  հետ են վերադարձրել թուրքերին՝ տեղի հայերին դնելով թուրք-քրդական վրիժառու սրի տակ։ Նրանց այլ բան չէր մնում անելու, քան նահանջող ռուսական բանակի հետ Արեւելյան Հայաստան բնակության տեղափոխվելու։

Մելիք Պետրոս Պահլավունին ռուսական բանակում ունեցել է աչքի ընկնող ծառայություն, որի համար Նիկոլայ ցարի կողմից պարգեւատրվել է «Խիզախության համար» մեդալով։

Բացի այդ, նրան  շնորհվում է տանուտերի պաշտոն։

Մելիք Պետրոս Պահլավունին սկզբում նախընտրել է բնակվել Թիֆլիս քաղաքի Հավլաբար թաղամասում, ուր մի կարճ ժամանակ մնալուց հետո որոշում է տեղափոխվել Սեւանա լճի ավազան։ Նա անցնում է Դիլիջանով ու հասնում Գեղամա գեղածիծաղ ծովակին։

Գյուղը գտնվում է ծովակից երկու վերստ հեռավորության վրա, դեպի հարավ մի բարձրավանդակի վրա ու իր բարձրությամբ իշխում է իր դիմացը տարածվող բերրի ու հարթ հողատարածությունների վրա։ Գյուղի արեւմտյան կողմով մինչեւ Գյունգուրմազ կոչվող լեռը ձգվում է մի ձորակ, որի միջով հոսում է մի բարակ գետակ, որը, քսվելով բնության կողմից կերտված քարե պատնեշներին , քրքջալով հոսում է ներքեւ ու լեռներից բերած սառնորակ ջրերը խառնում Գեղամա ծովակի պարզ ու հայելանման ջրերին։

Ու քանի որ Սեւանի ավազանի գյուղերը երկար ժամանակ եղել են անմարդաբնակ, իշխան, կողակ ու այլ ձկնատեսակները բազմացել են այնքան, որ, լճից բացի,  լցրել են նույնիսկ գետերն ու գետակները, առուներն ու աղբյուրները։ Մեր մեծերի պատմելով՝ ձուկն այնքան առատ է եղել 1830-ական թավականներին, որ դրանց որսալու համար ուռկան չի գործադրվել։ Դրա համար ընդամենը բավական է եղել, որ մարդիկ աղբյուրների կամ գետակների մեջ մտցնեն դույլերը՝ ջուր վերցնելու նպատակով, որի ընթացքում էլ ձկները վտառներով լցվել են դույլերի կամ այլ ամաննների մեջ։ Փաստորեն, մարդիկ կարողացել են վայելել Սեւանի համեղ ձուկը՝ գրեթե առանց փողի ու մեծ ջանքեր գործադրելու։

Այդ  է թերեւս եղել հիմնական պատճառներից մեկը, որ նրանք որոշել են բնակության վայր ընտրել Սեւանի առափնյա գյուղերը։ Մելիք Պետրոս Պահլավունին էլ ընտրել է թուրքերի կողմից բնակավայրին տրված Ալիղըռըղ անունը, որն այժմ կրում է Աստղաձոր բարեհունչ, հայեցի անվանումը։

Ի դեպ, թուրքական Ալիղըռըղ անվանումը շատ դիպուկ է ներկայացնում այն արհավիրքի պատկերը, որը մեր գյուղի հայ բնակչության գլխին բերել են քոչվոր ավարառու թյուրքական ցեղերը։ Ալի Ղըռըղ՝ նշանակում է՝ Ալին բնաջնջեց, ամեն ինչ վերածեց ամայության։

Հիմնավորվելով ներկայիս Աստղաձորում՝ Մելիք Պետրոսը սկսում է որոնել իր ազգականներին, որպեսզի նրանց բնակության տեղափոխի իր գյուղ։ Երկար որոնումներից հետո նա գտնում է Կումլիպուճախում նախկինում բնակված մի քանի տնտեսությունների ու տեղափոխում իր մոտ։ Նրանցից էլ սերվել են այսօրվա Հոխեյի, Փուրթոյի ու Քոչեի տները։

Բավական  է ասել, որ 1831 թվականին մեր գյուղն ունեցել է ընդամենը 7 ծուխ՝ բոլորն էլ Ալաշկերտից գաղթած։

Մելիք Պետրոսն ունեցել է ազգականներ, հարազատներ, քույրեր ու եղբայրներ, որոնց մասին, ցավոք սրտի, մեզ տեղեկություններ չեն հասել։ Մի բան միայն հայտնի, որ մեր պապն ունեցել է մեծ ազգատոհմ, բազում հարստություն, կայք ու կարողություն, որի մեծ մասը, բնական է, մնացել է Էրգրում։ Մեկ էլ հայտնի է, որ նրա ազգատոհմը կրել է նաեւ Ալոյան ազգանունը։

Դժվար է ասել, թե որքան հարստություն է իր հետ բերել Մելիք Պետրոսը, քանի շնչով է նա հաստատվել իր նոր հայրենիքում։ Միայն մի բան է հայտնի, որ նա Աստղաձոր է եկել մեն-մենակ, առանց ազգականների։ Չենք բացառում, որ նրա ազգականներն ու ընտանիքի անդամները Արեւմտյան Հայաստանում թուրքերի ու քրդերի կողմից ենթարկված լինեն սպանդի։

Հազարաշեն տունը, որը հատկացվել է նրան, կանգուն է մինչ օրս՝ Աստղաձոր գետակի աջ ափի բարձունքին։ Այդ տանն են պահվել Էրգրից բերված Սուրբ գրքերը, այդ տանն են հասակ առել մեր տոհմի ավագները՝ Սիմոնն ու իր հինգ որդիները։

Ստանձնելով տանուտերի պաշտոնը՝ Մելիք Պետրոսը ժամանակին հոգացել ու կարգավորել է տերունական գործերըօգնել ու կարգավորել գյուղում առաջացած անկարգությունները, հոգ է տարել հողային հարցերը արդարացի լուծելուն, ժողովրդի համար եղել է հոգատար հայր ու կառավարիչ։

Նա հողաբաժանությունը շատ հեշտությամբ է կատարել, քանի որ մատների վրա հաշվվող ծխեր ունեցող գյուղն այդ ժամանակ ունեցել է անսահմանափակ հողատարածքներ։ ԼԿարելի է ասել, որ ով այդ ժամանակ որքան ցանկացել, այնքան էլ հող է մշակել կամ դաշտեր հնձել։

Մելիք Պետրոսն իր բնակարանի դիմաց ընկած մի քանի օրավար տարածքն առանձնացրել է, պարսպապատել, ուռի ծառեր տնկել ու այն դարձրել իր պարտեզը՝ բնազմաթիվ պտղատու ծառեր տնկելով։

Տարիներ անց նրա տնկած ծառերը հասակ են նետել, բերք ու բարիք տվել, ամռան տապին հով ու շուք արել իր ընտանիքի անդամների համար, ու այդ բարիքներն իր աչքով տեսել, վայելել է նաեւ ինքը։

Մելիք Պետրոսի գերդաստանի հարստության մասին  բանավոր զրույցները հասել են մեզ։ Նաեւ մեր մեծերը պատմել են այն մասին, թե ինչ պատճառով է փոշիացվել այդ անտակ հարստությունը։ Ըստ այդ զրույցների՝ գյուղում համաճարակ է բռնկվել, որի հետեւանքով բազմաթիվ մարդկ են մահացել։ Մելիք Պետրոսին ցարական կառավարությունը մեղադրել է այն բանի համար, որ նա իբր ժամանակին իշխանություններին չի տեղեկացրել մահաբեր համաճարակի մասին։ Մեղադրանքն էլ ավարտվել է կալանավորումով ու աքսորի սպառնալիքով։

Բանտից ու աքսորից ազատվելու համար էլ Մելիք Պետրոսը մեծ չափերի կաշառք է տվել ազգությամբ ռուս նահանգապետին։ Այդ ժամանակներից էլ սկսվել է մեր մեծ գերդաստանի սնանկացումը։

Ցավոք, մեզ տեղեկություն չի հասել ոչ միայն  Մելիք Պետրոսի մահվան ստույգ թվականի, այլ նաեւ նրա գերեզմանի գտնվելու վայրի մասին, քանի որ չկա որեւէ արձանագիր տապանաքար։ Դժվար է ասել, թե քանի տարեկանում ու ինչ պատճառով է նա կնքել իր մահկանացուն։

Մելիք Պետրոս Պահլավունին  ունեցել է ընդամենը մեկ արու ժառանգ՝ Սիմոն անունով։ Նրա մահվան պահին Սիմոնն ընդամենը եղել է 16 տարեկան պատանի։ Սա խոսում է այն մասին, որ Մելիք Պետրոսը կյանքից հեռացել է շատ վաղ հասակում, այլ ոչ թե ծեր տարիքում։

Հովհաննես Մուշեղյան

/Շարունակելի/

34 դիտում