
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղը գտնվում է Սեւանա լճից մի քանի կիլոմետր դեպի հարավ, Մարտունի խոշորացված համայնքում, Մարտունի գետի երկու ափին, մարզկենտրոն Գավառից 37 կմ հարավ-արեւելք, ծովի մակերևույթից 2060 մետր բարձրության վրա, Վարդենիսի եւ Գեղամա լեռնավահանների ստորոտների հատման կետում ծվարած մի երկար ու լայն ձորի մեջ։ Գյուղը Գեղհովիտ է վերանվանվել 1968 թվականի հուլիսի 3-ին, ՀԽՍՀ մինիստրների խորրհդի որոշմամբ։ Իսկ մինչ այդ այն կրել է Վերին Ղարանլուղ օտարահունչ անունը, որը թուրքերենից բառացի թարգմանությամբ նշանակում է Մթնաձոր։
Գուցե թե հենց սա է այն հնադարյան հայկական անվանումը, որը տրված է եղել պատմական հարուստ միջավայր կրող այս շենին։ Մթնաձոր անունը տրված է եղել նաեւ Մարտունի քաղաքի այն հանդամասին ու ձորին, որը Գեղհովիտի հարավարեւելյան թեւից թեքվում է դեպի արեւելք ու խորանում մի քանի տասնյակ կիլոմետր՝ հասնելով գրեթե Մարտունի գետի ակունքները։ Ու պատահական չէ, որ Գեղհովիտին սահմանակից Մարտունի քաղաքն էլ շուրջ մեկուկես դար կրել է ասպատակող ցեղերի կողմից կնքված Ներքին Ղարանլուղ անվանումը։

Գեղհովիտը հյուսիսից սահմանակից է Մարտունի քաղաքին, հյուսիսարեւմուտքից՝ Ներքին Գետաշեն գյուղին, արեւմուտքից՝ Մադինա ու Վերին Գետաշեն գյուղերին։ Արեւելյան կողմից գյուղը երիզում է Մարտունի քաղաքի հարավային կողմից սկսվող ու մի քանի կիլոմետր դեպի հարավ ձգվող լեռնաշթան, որի բարձունքում էլ հեռավոր ժամանակներում կառուցվել է «Ջոջ կող» կիկլոպյան ամրոցը։ Արեւմտյան ու հարավային կողմերից Գեղհովիտը սահմանակից է Վայոց Ձորի ու Արարատի մարզերին։ Գեղհովիտով է անցնում Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհը։
Հարավային կողմից գյուղի վարչական սահմանն ավարտվում է Գեղարքունիք-Վայոց Ձոր սահմանաբաժանում գտնվող Օրբելյանների հայտնի քարավանատան մոտ։
Գեղհովիտի վարչական տարածքը կազմում է շուրջ 15 հազար հեկտար՝ ներառյալ Գեղհովիտ ու Լեռնակերտ գյուղերի բնակելի գոտիները, արոտները, խոտհարքերը եւ վարելահողերը։
2026 թվականի նոյեմբերի ամսի դրությամբ Գեղհովիտի բնակչության թիվը կազմում է 6373 շունչ, որոնք բնակվում են 1180 տնտեսություններում։
Բնակչության հիմնական մասը, գրեթե 100 տոկոսը ազգությամբ հայեր են՝ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ։

Հուշարձանների պահպանության պետական ցանկում Գեղհովիտում գրանցած է Կիկլոպյան դարաշրջանի երկու ամրոց, 1 մենհիր, 2 ժայռապատկեր-աստղադիտարան, բրոնզեդարյան 3 դամբարանադաշտ, 6 պատմական գերեզմանոց, 4 գյուղատեղի, 3 եկեղեցի, 2 մատուռ, 4 ջրաղաց, 1 ձիթհան, 1 գլխատուն, 1905 թվականին կառուցված 2 կամուրջ։
Գեղհովիտի պատմության սկզբնավորման ժամանակներից մենք հեռացել ենք առնվազն 7 ու ավելի հազարամյակ, որոնց ընթացքում լույս աշխարհ եկած ու անցած սերունդները թողել են մի քանի քաղաքակրթությունների հետքեր, պատմամշակութային երեւելի արժեքներ։
Հավելենք, որ հեռավոր հնադարից մինչ նորագույն ժամանակները Գեղհովիտը գտնվել է քարավանային ճանապարհների հանգուցակետում, որտեղով անցել են մեծ կայսրությունների բանակները՝ պարսկական, սկյութական, ուրարտական, արաբական, բյուզանդական, սելջուկյան, մոնղոլական, ռուսական արշավանքների ժամանակ։ Բնական է, որ ամեն մի աշխարհավեր ու կործանարար արշավանքների ժամանակ տեղի բնակչությունը ենթարկվել է ասպատակության ու բռնագաղթի, կրել անասելի տառապանքներ, ապրել եղերական դժնի ժամանակներ, սակայն ամեն արհավիրքից հետո այս շենն իր մեջ անասելի ուժ է գտել՝ կրկին մոխիրների ու արյան միջից հարություն առնելու համար։
Գեղհովիտը նաեւ ջրերի ուրույն թագավորություն է՝ գետերի, աղբյուրների մշտահոս ու անսպառ պաշարներով։ Այն նաեւ անասնապության համար հսկայական շտեմարան է՝ ալպյան հարուստ մարգագետիններով, մերատու բույսերով ու դեղաբույսեր հանդիսացող հարյուրավոր տեսակի ծաղիկներով։ Ջրերում ու ցամաքում առատ է եղել նաեւ կենդանական աշխարհը, հանգամանքներ, որոնք միշտ մարդկանց պահել են այս գեղեցկագույն աշխարհի տիրույթներում։

Վերջին սոսկալի բռնագաղթին Գեղհովիտը ենթարկվել է 1605 թվականին, երբ պարսից Շահ Աբասը թուրքերի հետ անհաջող պատերազմից հետո իրականացված նահանջի ճանապարհին բռնի տեղահանել ու Իրանի խորքերն է տարել գյուղի ողջ բնակչությանը։ Փրկվել են միայն նրանք, ովքեր հասցրել են պատսպարվել անառիկ լեռներում ու անմատչելի քարանձավներում։
Մեզանից ավագ սերնդի մարդիկ շատ վառ հիշում են ԽՍՀՄ բանակի տեղաշարժը Գեղհովիտ գյուղի միջով դեպի Իրան 1943 թվականին։ Բյուզանդական բանակի արշավանքի ու Ալ-Բերդ ամրոցի կործանման մասին հիշատակել է միջնադարյան հայ նշանավոր մատենագիր Ասողիկը։
Գեղհովիտում մի քանի օր հանգրվանել են Քրիստոնեկան վարդապետության նշանավոր քարոզիչ Մամասի մասունքները, ինչի մասին վկայում է միջնադարյան հայ
Այլ խոսքով, Գեղհովիտի պատմական հարուստ միջավայրի մասին թեեւ ստեղծված է ստվարածավալ գրականություն, սակայն, կարծում ենք, որ այն ամբողջացնելու համար դեռեւս կարիք կա նոր ուսումնասիրություններ կատարելու, նոր գրքեր ստեղծելու համար։
Այս ուսումնասիրությունը մի համեստ փորձ է ընդամենը՝ ամբողջացնելու մինչ այս Գեղհովիտի պատմական միջավայրի մասին պատմող նյութերն ու տեղեկությունները, լրացնելու եւ ներկայացնելու հանրությանը քիչ հայտնի պատմագիտական հետազոտությունների արդյունքները, որոնք տարբեր ժամանակներում կատարվել են տարբեր հնագետների ու պատմաբանների կողմից։

ՍԵՎ ՍԱՐԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ
Սեւսար լեռը գտնվում է Գեղհովիտ գյուղից մոտ 15 կիլոմետր դեպի հարավ, Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի արեւելյան կողմում, ծովի մակարդակից շուրջ 3063 մետր բարձրության վրա։ Նրանից մի քանի կիլոմետր դեպի արեւմուտք բարձրանում է Արմաղան գեղատեսիլ լեռը։ Այստեղից սկիզբ է առնում Սեւանա լիճ թափվող ամենաջրառատ գետի՝ Արգիճիի վտակներից մեկը, որը կրում է Գայլաձոր անունը։
Այս լեռնազանգվածը ոչ միայն Գեղամա աշխարհի, այլ նաեւ ողջ հայկական լեռնաշխարհի հրաշագեղ ու կախարդական եզերք հիշեցնող աշխարհ է, որի շրջագիծը գրավում է շուրջ 20 քառակուսի կիլոմետր տարածություն։ Այն ունի մի քանի լեռնագագաթ, որոնք չորս կողմերից առանձակի վեհություն են հաղորդում լեռան ընդհանուր կառուցվածքին։
Տարվա մեծ մասը, նոյեմբերից մինչ հունիսն ընկած ժամանակահատվածում, Սեւսար լեռը թաղվում է ձյան հաստ շերտի տակ, ճերմակ գույնի մեջ, իսկ հունիս-սեպտեմբեր ամիսներին այն վառվռում է ծաղիկների անհամար գույների, ալպյան առատ բուսածածկույթի մեջ, ջրերերի սրընթաց վազքի ու հուժկու շառաչի տիրույթներում։
Երկնքին հպված լեռնակատարների ներքո անդնդախոր ձորերն են, ժայռեղեն կիրճերը, արագահոս գետակների հուները, աջուձախ սփռված քարացրոնները, երկնքի անհունի մեջ սավառնող արծիվներն ու բազեները, ոտքերիդ տակից հանկարծ անակնկալ թռչող լորերը, կաքավների կամ ճնճղուկների երամները։

Լեռան հյուսիսարեւելյան կողմում շառաչում են ջրվեժները, որոնք թափվում են գլխապտույտ բարձունքներից։ Բայց ամեն տեղ չէ, որ քեզ կդիմավորի շքեղ բուսականությունը, հատկապես հարավարեւելյան ու հյուսիսարեւելյան կողմերի որոշ հատվածներ ոչ միայն հիմնովին բուսազուրկ են, այլ նաեւ փայլփլում են դեղնակարմիր, սպիտակ ու սեւ գույների մեջ։ Դժվար չէ եզրակացնել, որ այս դեպքում մենք գործ ունենք բազմատեսակ հանքանյութեր պարունակող տարածքների հետ։
Սեւ սարի բարձունքերից սքանչելի համայնապատկեր է բացվում՝ հյուսիսից Սեւանա լճի ու նրա ափամերձ բնակավայրերի, արեւմուտքից՝ Արգիճիի սարահարթի ու Արմաղան լեռան վրա։ Արեւոտ ու պարզ օրերին, ինչպես ափիդ մեջ, կենդանություն են առնում Մեծ ու Փոքր Մասիսները։ Հարավից ձգվում են Վայոց Ձորի ու Սյունյաց աշխարհի բարձրաբերձ լեռնաշթաները։
Բնության այս անկրկնելի, մշտատրոփ հուշարձանի սրտում, սակայն, շատ ավելի հետաքրքիր, մարդու արարչագործ ոգու փայլատակումն արտացոլող պատմության հուշարձան կա, որը գտնվում է Սեւսար լեռան հյուսիսային լանջին, ծովի մակերեւույթից 2700 մետր բարձրության վրա։ Այն իրենից ներկայացնում է որպես նախնադարյան մարդու տիեզերագիտական իմացությունները պատկերող բացառիկ «աստղադիտարան», որտեղ պատկերված են կենդանակերպի համաստեղությունները:

Ժայռապատկերները դրոշմված են 2 մեծ, իրար կողքի ընկած սալաքարերի վրա: Պատկերների կենտրոնում արևի ժամացույցն է, որի շուրջ զետեղված են կենդանակերպի համաստեղությունների և երկնային այլ մարմինների սիմվոլիկ պատկերները: Այստեղ կան նաև մարդ-հսկաների պատկերներ: Ուշագրավ է արեգակնային ժամացույցի օրը 12 մասերի բաժանված լինելը, որը խորհրդանշում է գիշերվա և ցերեկվա 12 ժամերը:
Այս հուշարձանի մասին ժամանակին տողերիս հեղինակին հոդված է տրամադրել հայտնի հնագետ, պատմաբան Վարշամ Ավետյանը, որը հրապարակվել է «Գեղամա աշխարհ» թերթում։
Ըստ Վարշամ Ավետյանի՝ «Աստղադիտարանի արեւելակողմյան ձորակում նկատելի են կլոր եւ քառանկյուն հատակագծերով բնակարանների կամ կացարանների փլվածքներ եւ դրանց շրջափակող պարիսպների մնացորդներ, որոնք, հավանաբար, համարվում են հին աստղագետների կամ աստղագուշակների բնակատեղին։

«Աստղադիտարան կոչված այս վայրի երկնային մարմիններ պատկերող ժայռապատկերները դրոշմված են կողք կողքի դրված երկու սալաքարերի վրա։ Պատկերների կենտրոնում արեւի ժամացույցն է, իսկ դրա շուրջբոլորը զետեղված են կենդանակերպի համաստեղություններկ եւ երկնային այլ մարմինների խորհրդանշային պատկերներ։
Հետաքրքրական այն է, որ նշված պատկերներից ոչ հեռու, տարբեր ուղղությունների վրա կան նույն հավաքական պատկերների առանձին նմուշներ, որոնք ըստ էության ցույց են տալիս համաստեղությունների ուղղությունները։
Աստղադիտարան կոչված այս վայրը, կարելի է ասել, եղել է գիտական կենտրոն, որը գտնվում է Իշխանագետի /Արգիճի/ կամ Թմբուկայրի/Նաղարախան/ սարահարթի արեւելյան ծայրամասում, որի արեւմտյան վերջավորությունում՝ մեր կողմից անվանված Աղավնասարի վրա, հանքային աղբյուրից քիչ հեռու, կան մարդկանց ու աղավնու հսկա քանդակներ։ Ուշագրավ ընդհանրություններ են նկատվում հորինվածքային ժայռապատկերախմբերի եւ հայկական հնագույն տոմարի միջեւ։

Դեռեւս 19-րդ դարում եւրոպացի նշանավոր աստղագետներ Օլկոտը եւ Մաունդերն այն հիմնավոր ու ընդունելի կարծիքն էին հայտնել, որ որ կենդանակերպի տասներկու համաստեղության ընկալումը եւ անվանումները կարող էին տալ միայն այն մարդիկ, որոնք ապրել են 36-42 աստիճանների միջեւ, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհում։ Եվ քանի որ կենդանակերպի համաստեղություններով է պայմանավորված արեգակնային տարին, տարին 12 ամիսների բաժանելը կարծես թե նույն մարդկանց գաղափարն է։
Ահա այս առանձնահատկությամբ կարող ենք ասել, որ Գեղհովիտի «Աստղադիտարանի» ժայռապատկերներ կերտողները եւ հայկական տոմար ստեղծողները նույն մարդիկ են։ Որովհետեւ Հայկական հնագույն տոմարում եւս տարին բաժանված է 12 ամիսների՝ 30 օրերով, եւ 5 օր ունեցող մեկ ամիս, որը կոչվել է Հավելյաց ամիս։
Երկրորդ ընդհանրությունը ժամերի բաժանումն է։ Արեգակնային ժամացույցի վրա օրը բաժանվում է 12 մասերի, որոնք նշում են ցերեկվա ու գիշերվա ժամերը։ Այսինքն՝ օրն ունի 24 ժամ, որն առկա է նաեւ հնագույն Հայկական տոմարում, ուր ամեն մի ժամ ունի իր անվանումը՝ Այգ, Ցայգ, Վաղվաղակի, Շաղավոտն եւ այլն․․․
Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Գեղհովիտի «Աստղադիտարան»-ժայռապատկերում նշված են տարվա չորս եղանակները, անգամ՝ րոպեները։
Ժամանակագրորեն եւս «Աստղադիտարանի» ժայռապատկերները համաձայնում են հին Հայկական տոմարին։ Դատելով շրջակա ժայռապատկերներից եւ բնակատեղիի հնագիտական նյութերի մնացորդներից , որոնք վերաբերում են Ք․ Ա․ 3-րդ հազարամյակի 2-րդ կեսին, ճաիշտ այն ժամանակին, որում դրվում է նաեւ Հայկական տոմարի ստեղծումը։

Ըստ գրավոր աղբյուրների՝ Հայկական տոմարը կապված է Հայկ Նահապետի անվան հետ, եւ սկիզբը համարվում է այն պահը, երբ Հայկյան նետից սպանվել է բռնակալ Բելը։
Ղեւոնդ Ալիշանի տոմարագիտական հաշվարկներով՝ այդ պահը Ք․ Ա․ 2492 թվականի օգոստոսի 11-ն է, այսինքն՝ 3-րդ հազարամյակի երկրորդ կեսի սկիզբը»,-եզրակացնում է Վարշամ Ավետյանը։
Սեւ Սարի «Աստղադիտարանի» պատմական միջավայրի մասին հետաքրքիր տվյալներ է հաղորդում նաեւ Գեղհովիտ գյուղի նախկին բնակիչ, լրագրող, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի Քաշաթաղի շրջանի «Մերան» թերթի հիմնադիր խմբագիր, լրագրող Զոհրաբ Ըռքոյանը
Ըստ Զոհրաբ Ըռքոյանի՝ Սեւսար եռան հյուսիսարևելյան ստորոտում՝ ծովի մակերևույթից 2500-2700 մետր բարձրության վրա , ավելի քան 70 հեկտար տարածքում կան ժայռապատկերներ, բնակավայրի հետքեր, դամբարաններ, հնադարյան մարդու թողած այլ հետքեր։ Ի տարբերություն «Աստղադիտարանն» ուսումնասիրած շատ գիտնականների, ովքեր այն համարում են երկու սալաքարերի ամբողջություն, Զոհրաբ Ըռքոյանը որպես «Աստղադիտարան» է ներկայացնում 3 քարերի համալիր ժայռապատկերը:

«Կենտրոնական քարը, որի վրա տարբեր պատկերներ են քանդակված, ուսումնասիրողների կողմից համարվում է երկնքի քարտեզ։ Իհարկե, կարծիքները տարբեր են, բայց մոտ 6 ք/մ մակերեսով քարի վրայի քանդակները ցանկացած մարդու հուշում են՝ այն իր ժամանակի կարեւոր գիտական կենտրոններից է եղել, և միակն է ողջ Հայաստանում, հնարավոր է՝ ամբողջ աշխարհում։ Երեք քարաբեկորները, որոնց վրա է համալիր քանդակը, գտնվում են մեր՝ տեղացիների կողմից «Կազոնի գուփ-փոս» կոչվող լայնահուն ձորակի հարավարեւելյան ոչ բարձր բլրակի վրա։ Տարածքում կան տասնյակ այլ ժայռապատկերներ։ Բացի աստղադիտարանից, որն է հնավայրում հիմնականում այցելուների եւ ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում, կան ուսումնասիրման ենթակա այլ օբյեկտներ եւս։ Սեւսարի հյուսիսարեւելյան ստորոտում է գտնվում Գեղհովիտի «Զոզներ» կոչվող ամառանոց-յայլան, որտեղ ամռանը գալիս էին՝ անասունները պահելու նպատակով։ Քեռիս էլ ամառներն այստեղ էր անցկացնում ու լավ տեղյակ էր հնավայրի ժայռապատկերների մասին։ Նրա ուղեկցությամբ գտանք ժայռապատկերները, լուսանկարեցի։ Հնավայրի տարածքում կան նաև բավականին մեծ չափերով քարաժայռեր։ Նույն օրը բարձրացանք նաև Սեւ սարի գագաթը, որտեղից մի հետաքրքիր տեսարան նկատեցի։ Նշված քարաժայռերի մի շարան՝ 6 քար, գտնվում են մի շարքի վրա՝ միմյանցից գրեթե հավասար հեռավորությամբ։ Առաջին հայացքից՝ դրանք քարեր են ձորալանջի։ Նշված քարերը գտնվում են աստղադիտարանից հյուսիս-արեւելք՝ «Կազոնի գուփ» ձորակի հարավային լանջին՝ արեւելք-արեւմուտք ուղղությամբ։ Վերջին՝ արեւմտյան քարը, որը մնացածից համեմատաբար ավելի մեծ է, տակը պատվանդաններ ունի։ Այն 2 մեծ քարի վրա է։ Կրտսեր եղբորս որդին՝ Մհերը, հանգիստ անցավ քարի տակով։ Իսկ ավագ եղբորս թոռնուհին՝ Մերին, ուրախ-ուրախ կանչեց․ օձի քանդակ էր տեսել մոտակա քարին։ Հողի մեջ է օձաքանդակ քարի մի մասը, իսկ վերին հատվածում օձ-վիշապ է քանդակված։ Հետաքրքիր է՝ նույն օձի քանդակը կա նաև աստղադիտարանի գլխավոր քարի արեւելյան կողմի, այլ քարերի վրա։ Մեծ քարերի շարանը նույնպես պետք է դառնա ուսումնասիրման առարկա։ Հնարավոր չէ, որ քարերը բնականորեն են նույն շարքում հայտնվել, ու վերջինն ունի պատվանդան, որի տակավ մարդը կարող է անցնել։

Նշված «Կազոնի գուփ» ձորակի հյուսիսային լանջին մի ժայռ կա, որի վրա դարձյալ եռաշարք 12 փոսորակ է քանդակված։ Գիտնական-ուսումնասիրողների գործն է՝ ճշտել՝ այս քարը կապ ու՞նի արդյոք «Աստղադիտարանի» հետ։ Ամեն դեպքում հավատացած եմ՝ աշխարհում եզակի այս հնավայրը, որի կենտրոնական հուշարձան-«Աստղադիտարանը», ըստ գիտնականների, ունի մոտ 18 հազար տարվա պատմություն, լուրջ ուսումնասիրման ու առավել հռչակման կարիք ունի»,-գրում է Զոհրաբ Ըռքոյանը
Այս խորհրդավոր պատկերների լեզուն առավել լավ կըմբռնեն նրանք, ովքեր երբեւէ առիթ կունենան՝ անամպ գիշերներին Սեւ Սարի գագաթներից դիտելու աստղերի բոցավառ փայլը։ Երկնքի անհունի մեջ սփռված աստղերը, ամենատարբեր համաստեղություններ կազմած, տիեզերական հեռավորություններից մարդկային աչքին երեւում են շատ հստակ, զարմանահրաշ ու գրավիչ, ընթեռնելի ու սիրելի։ Տասնյակ հազարավոր ու շատ ավելի տարիներ առաջ էլ մարդ արարածը երկնքին մոտիկ այս բարձունքներից դիտել է աստղերի փայլը, փորձել թարգմանել նրանց խորհուրդը, գուշակել իր կյանքի ճակատագրի ընթացքը, ապրած ու գալիք ժամանակներիի գաղտնքիները, ցերեկվա ու գիշերվա հաստատուն շարժերը, լույսի ու խավարի հակադրությունների իմաստը, կարդալ տիեզերքի լեզուն աստղաթարթերի կախարդական ակնթարթների մեջ։

Կենդանակերպի այդ նշաններն էլ դաջվել են այս քարերին՝ վկայելով մեր հեռավոր նախնիների տիեզերական գիտելիքների մասին։ Այս նույն վայրից մի քանի կիլոմետր հեռավորությամբ էլ Քարաձի բնակավայրի տարածքում անցած դարի վերջերին գտնվեց ու կանգնեցվեց ցլալկերպ վիշապաքարի կոթողը, որը հանդիսանում է Հին Հայաստանի հեթանոսական մշակույթի խոսուն վկաներից մեկը՝ կերտված մեզանից ավելի քան 4-5 հազար տարի առաջ։ Բնական է, որ այս ամենը կապվում է նախեւառաջ Հին աշխարհի հավատալիքների հետ, իսկ դրանց ծագման ակունքները, բնականաբար, գալիս են նախեւառաջ աստղերից, տիեզերական անքննելի ազդակներից։
Հին աշխարհի աստղագիտությունը քրմերի մենաշնորհն էր, ովքեր այն ուղղակիորեն զուգակցում էին աստղագուշակության ու տոմարագիտության հետ։
Այս առումով էլ Սեւ Սար լեռը պետք է համարել հայ ժողովրդի պաշտամունքային ու սրբազան լեռներից մեկը։
Խոսրով Խլղաթյան
/Շարունակելի/