Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են 530 գծամետր երկարության ոռոգման ներքին ցանցի և 53 գծամետր երկարության հեղեղատարի կառուցման եւ ներհամայնքային ճանապարհների հիմնանանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրեց Ծովակ գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Ղանդիլյանը, Ծովակի ոռոգման ներքին ցանցի և հեղեղատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 73 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է ոռոգման ներքին ցանցի կառուցում՝ պոլիէթիլենային խողովակներով և հեղեղատարի կառուցում՝ երկաթբետոնյա հատակով ու պատնեշով։
Ծրագրի իրականացման արդյունքում Ծովակ գյուղի շուրջ 80 տնտեսության տնամերձ հողամասերում, շուրջ 20 հեկտար տարածքում, եկող տարվանից ոռոգման ջուրը կմատակակարվի անկորուստ և ժամանակին, իսկ սելավատարն արդեն հեղեղումներից կպաշտպանի մերձակա ճանապարհներն ու հողամասերը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի սեպտեմբերի սկզբից և նույն տարվա հոկտեմբերի 3-ի դրությամբ իրականացվել շուրջ 80 տոկոսով։
-Խորքային հորից սնվող ջրատարը, որը ոռոգման ջուր էր մատակակարում տնտեսություններին, 3-րդ թաղամասի 3-րդ նրբանցքով անցնում էր հողաշեն առվով՝ հեղեղելով ճանապարհը։ Նոր կառուցվող ոռոգման համակարգը պոլիէթիելենային խողովակներով է, հողածածկված, ջրթողերով, ջրընդունիչ հորերով, բաշխիչ ցանցով, ինչի շնորհիվ եկող ոռոգման շրջանից արդեն ջուրը բոլոր տնտեսություններին կմատակարարվի ժամանակին ու անկորուստ, իսկ ճանապարհը պաշտպանված կլինի հեղեղումների ու քանդման վտանգից,-ներկայացրեց Ծովակի վարչական ղեկավարը։
Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Ծովակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմանորոգվում են 5-րդ փողոցը և երկրորդ փողոցի 1-ին և 3-րդ նրբանցքները։
Ծովակի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 240 միլիոն 240 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է 5-րդ փողոցի և երկրորդ փողոցի 1-ին և 3-րդ նրբանցքների ասֆալտապատում, ջրահեռացման առուների տեղադրում, ճանապարհների կահավորում և գծանշում։ Ճանապարհները հիմնանորոգվում են 2310 գծամետր ընդհանուր երկարությամբ և 12 հազար 700 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոսի վերջերին և հոկտեմբերի 6-ի դրությամբ իրականացվել շուրջ 75 տոկոսով։