Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառի մարզադպրոցի սան Արտյոմ Մուխսյանը պարածանրամարտի աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել

 

Գեղարքունիքի մարզկենտրոն  Գավառ քաղաքի  Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի սան Արտյոմ Մուխսյանը վերջերս Եգիպտոսում կայացած պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալ է նվաճել։

Գավառի համայքնապետարանի  աշխատակազմի ստացված տեղեկատվության համաձայն՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությանը Արտյոմը հանդես է եկել 65 կգ քաշային կարգում և ձգում պառկած դիրքով վարժությամբ՝ բարձրացրած քաշի և մոտեցումների հանրագումարի արդյունքում , նվաճել արծաթե մեդալ։ Մրցաշարին մասնակցել են վեց տասնյակից ավելի երկրներ։

Միջազգային մրցասպարեզում սա Արտյոմի երկրորդ ձեռքբերումն է․ այս տարվա մայիսին Վրաստանի Թբիլիսի քաղաքում  նա մասնակցեց աշխարհի գավաթի 2025 թվականի առաջնությանը և ոսկե մեդալակիր դարձավ։ Մարզիկի հաջողությունների գործում  մեծ ներդրում ունեն  մարզիչ Ժորա Հովհաննիսյանը, ընտանիքի անդամները, բոլոր այն մարդիկ, ովքեր աջակցում և ոգևորում են։

«Մենք ծնողներով շատ  հպարտ ենք, որ մեր որդին հաղթանակներ է տանում միջազգային հարթակներում, որ բարձր է պահում իր ծննդավայրի անունն ու պատիվը։ միաժանական մեր երախտագիտությունն ենք հայտնում նրա մարզչին, նաև՝  Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին՝ ցուցաբերած բարոյական ու նյութական խրախուսանքների համար»,-նշել է Արտյոմի հայր Դավիթ Մուխսյանը։

«Առկա ձեռբերումներով, սակայն, Արտյոմը չի պատրաստվում սահմանափակվել: Մարզիչ Ժորա Հովհաննիսյանի հետ նա շարունակելու է պարապմունքները՝ պարածանրամարտում հաջողությունները բազմապատկելու նպատակադրումով»,-հավաստեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Գավառի համայնքապետարանում և Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում շուքով են դիմավորել միջազգային հարթակում հաղթանակ ապահոված Արտյոմ Մուխսյանին։

3 դիտում