Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Զոլաքարում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  սկսվել և ընթանում են  խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես   տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Զոլաքարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Զոլաքար գյուղի 15 և 16-րդ փողոցներում, 2000 մետր երկարությամբ։  2026 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ շինարարական աշխատանքներն արդեն իրականացված են շուրջ 50 տոկոսով։

Շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականի ընթացքում։

«Ծրագրի շահառու են համարվում նորաստեղծ փողոցներում բնակվող 15 ընտանիք։ Այս ծրագրով էլ Զոլաքար գյուղում ավարտվում է խմելու ջրամատակարարման ներքին ու արտաքին ցանցերի արդիականացման գործընթացը, որի մեկնարկը տրվել էր 2016 թվականից։ Կառուցվել է շուրջ 80 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանց, ինչի արդյունքում ոչ միայն արդիականացվել է ջրամատակարարման ողջ համակարգը, այլ նաև էապես բարելավվել է ջրամատակարարումը։ Ձմռան ամսիներից արդեն անցնելու ենք շուրջօրյա ջրամատակարարման»,-ներկայացրեց Զոլաքար գյուղի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանը։

Գեղամա աշխարհ

6 դիտում