Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի շրջանավարտ Արփի Սինանյանը հաղթել է միջազգային վոկալ մրցույթում

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի շրջանավարտ Արփի Սինանյանը Գերմանիայում անցկացված NEUE STIMMEN («Նոր ձայներ») միջազգային վոկալ մրցույթում արժանացել է կանանց անվանակարգի առաջին մրցանակին և 15 000 եվրո դրամական պարգևին։ Oպերային երգչուհի Արփի Սինանյանի տեղեկացմամբ՝  Երիտասարդ օպերային երգիչների աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկում այս հաղթանակը կարևոր ձեռքբերում է իր  մասնագիտական ուղու և հայկական օպերային արվեստի միջազգային ճանաչման համար։

Մրցույթի եզրափակիչ համերգը կայացել է 2026 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Գերմանիայի Գյուտերսլո քաղաքի Stadthalle համերգասրահում։ Արդյունքները հոկտեմբերի 10-ին պաշտոնապես հրապարակել է մրցույթի կազմակերպիչ Լիզ Մոնի հիմնադրամը։ Տղամարդկանց անվանակարգում առաջին մրցանակին արժանացել է Չինաստանը ներկայացնող բարիտոն Ջիաջոու Վանը։

NEUE STIMMEN մրցույթը հիմնադրվել է 1987 թվականին՝ Լիզ Մոնի նախաձեռնությամբ։ Երկու տարին մեկ անցկացվող մրցույթը 2026 թվականին կազմակերպվել է 21-րդ անգամ։ Այն նպատակ ունի՝ բացահայտելու երիտասարդ օպերային տաղանդներին և աջակցելու նրանց մասնագիտական առաջընթացին՝ կապեր ստեղծելով երգիչների և միջազգային օպերային կառույցների միջև։ 

Այս տարվա մրցույթին հայտ է ներկայացրել 1126 երգիչ՝ 69 երկրից։ Տեսագրությունների նախնական ընտրությունից հետո 467 մասնակից հրավիրվել է կենդանի լսումների, որոնք անցկացվել են աշխարհի 12 քաղաքներում։ Գյուտերսլոյի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք է ստացել 41 երիտասարդ երգիչ՝ 18 երկրից։

Նրանցից 16-ն անցել են կիսաեզրափակիչ, իսկ ութը՝ եզրափակիչ։  Մրցութային շաբաթն ընդգրկել է հոկտեմբերի 5–6-ի լսումները, հոկտեմբերի 7-ի կիսաեզրափակիչը՝ դաշնամուրային նվագակցությամբ, և հոկտեմբերի 9-ի եզրափակիչ համերգը՝ նվագախմբի մասնակցությամբ։ Այս ընթացքը երիտասարդ արտիստներին հնարավորություն է տվել՝ ներկայացնելու իրենց երաժշտական մեկնաբանությունն ու բեմական անհատականությունը տարբեր կատարողական պայմաններում։     Եզրափակիչ փուլի ինն անդամից բաղկացած ժյուրին նախագահել է Փարիզի ազգային օպերայի տնօրեն Ալեքսանդր Նեեֆը։ Ժյուրին միավորել է առաջատար օպերային թատրոնների ղեկավարների, արտիստների ընտրության պատասխանատուների և կատարողական մեծ փորձ ունեցող մասնագետների։  Եզրափակիչ համերգին մասնակիցներին նվագակցել է Դույսբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Վիտալի Ալեքսեենոկի ղեկավարությամբ։ Համերգը հեռարձակվել է միջազգային OperaVision հարթակում՝ ապահովելով ելույթների հասանելիությունն օպերային արվեստի համաշխարհային լսարանին։

Արփի Սինանյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի  շրջանավարտ է։ Ծրագիրը երիտասարդ երգիչներին հնարավորություն է տալիս կատարելագործելու երաժշտական և վոկալ հմտությունները, աշխատելու օպերային դերերգերի վրա, ձեռք բերելու բեմական փորձ և պատրաստվելու միջազգային մրցույթների ու մասնագիտական լսումների։

Երգչուհու հաղթանակը հաջորդում է նրա մեկ այլ միջազգային հաջողությանը․ 2026 թվականի սեպտեմբերին նա Հունգարիայում անցկացված Եվա Մարտոնի անվան միջազգային վոկալ մրցույթում արժանացել է երրորդ մրցանակին։ NEUE STIMMEN մրցույթում առաջին մրցանակի նվաճումը նրա ստեղծագործական ճանապարհի նոր կարևոր հանգրվանն էր։

Արփի Սինանյանի հաջողությունը ներկայացնում է հայկական վոկալ դպրոցի ներուժն ու երիտասարդ հայ արտիստների կարողությունը՝ ներկայանալու բարձր մրցակցություն ունեցող միջազգային բեմերում։ Այս ձեռքբերումը նշանակալի իրադարձություն է Հայաստանի երաժշտական հանրության համար և նոր խթան՝ երիտասարդ օպերային տաղանդների զարգացման ու միջազգային առաջխաղացման աշխատանքին։

Արփի Սինանյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից է։

Հետգրություն- Գեղամա աշխարհ թերթը ջերմորեն ու սրտանց շնորհավորում է Արփի Սինանյանին, նրան մաղթում նորանոր հաջողություններ ու ստեղծագործական բարձունքներ։

Գեղամա աշխարհ

6 դիտում