Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ճամբարակ համայնքում ոռոգման ջրի օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցվում

 

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով  ոռոգման ջրի  օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցվում:

Ճամբարակ համայնքի  ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանի տեղեկացմամբ՝  որպես ծրագրի առաջնահերթություն, հաշվի են առնվել համայնքի սահմանամերձ լինելն ու արցախցի ընտանիքների՝ այնտեղ բնակվելը: Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից:

Ջրամբարն ունի 11 հազար  խորանարդ մետր  օգտակար ծավալ: Ներկայումս ավարտվել են հողային աշխատնքները: Առաջիկայում պետք է ավարտվի  մեմբրանացումը: Ապա կկատարվի  ցանկապատումը՝ անվտանգությունն ապահովելու նպատակով:

Մեմբրանային տեխնոլոգիայով ջրամբարի կառուցումն առավել արագ և արդյունավետ է՝ ջրի կորուստները կանխելու առումով: Ճապոնիայի կառավարությունը 46 միլիոն դրամ է հատկացրել այս շինարարության համար: Ոռոգման օրվա կարգավորիչ ջրամբարին կից, արդեն երկրորդ փուլով, կկառուցվի նաև ոռոգման ցանց: Այս աշխատանքներն արդեն կիրականացվեն համայնքի համաֆինանսավորմամբ: Պահանջվող 42 միլիոն դրամից 15 միլիոնը կհատկացվի համայնքի բյուջեից:

«Ոռոգման ցանցից կօգտվեն շուրջ 200 տնտեսություն, ավելի քան 400 հեկտար հողատարածություններ կանցնեն ոռոգման համակարգի տակ: Մենք ավանդական մշակաբույսերի մշակումից պետք է անցնենք նաև արդյունավետ, ինտենսիվ գյուղատնտեսություն վարելուն: Եվ հենց ոռոգման համակարգը միտված է , որպեսզի մեր բնակիչները սովորեն  ժամանակակից գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման տեխնոլոգիաներին»,-նշեց Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը:

Նախատեսված է  օրվա կարգավորիչ ջրամաբարի և ոռոգման ցանցի կառուցումն ավարտել այս տարի, որպեսզի հաջորդ տարի հողօգտագործողները հնարավորություն ունենան մշակություն իրակակացնելու նաև այս դաշտերում, որոնք առայժմ, ոռոգման հնարավորությունից զուրկ լինելով, օգտագործվում են որպես խոտհարքեր:

17 դիտում