Աննա Ջանիբեկյանը՝ Աննե Մարի գրական անունով, ծնունդով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղից է։Հեղինակել է բանաստեղծությունների չորս ժողովածու։ Բազմաթիվ անթոլոգիաների համահեղինակ է։Ստեղծագործել սկսել է մանկուց, բայց տպագրվել է բավականին ուշ տարիքում։ «Հոգու Կանչ» բեմականացման հեղինակն է, որը բազմիցս խաղացել են բեմում։ Բեմականացման սցենարը գրվել է նրա բանաստեղծությունների հիման վրա։ Մասնագիտությամբ մանկավարժ է։ Թարգմանել է Ժոզեֆ Ռոթի «Բարբարա» պատմվածքը։ Ունի նաեւ Հայնեից, Գյոթեից թարգմանված բանաստեղծություններ։
Նրա ստեղծագործություններում նկատելի են քնարականությունը, բանաստեղծական ինքնուրույն ու հմուտ ձեռագիրը, պարզ ու անկեղծ ասելիքը, Վեհի ու Գեղեցիկի հանդեպ անթաքույց պաշտամունքը։
***
Անուրջների չուն ձեռքով էր անում,
Երբ ափին տխուր դեգերում էի․
Ծովի մեղեդին հոգիս գերում էր.
Ինձ տանում հեռու խորքերն անհունի․․․
Ծփանքի ձայնը հանդարտ թովում էր,
Որպես կախարդանք իր գիրկն էր առնում․․․
Ես, ներշնչանքին սիրով խառնված,
Նրա շունչն էի դառնում հիրավի․․․
Չկար բաժանող և ո՛չ մի արգելք,
Դարձել էինք մենք անքա՜ն համահունչ․
Ու կյանքն իրական `օրհնանք էր թվում,
Իսկ հոգիս ՝անուշ բերկրանքով լցվում․․․
***
Ցավը վերմակ մի՛ դարձրու, սիրելի՛ս․
Կյանքը երբեք առանց ամպի չի’ լինի․․․
Կհանդիպես թե՛ լավ, թե՛ վատ օրերի․
Առանց փորձի հոգումդ աճ չի՛ լինի․․․
Ուրախացի՛ր, ցնծա’ ամեն մի պահի,
Որն ապրում ես հմայքներով գարունքի,
Դարձի՛ր կերոն մթնած ու գորշ օրերի
Ու լու’յս վառիր նվիրումով հաճելի․․․
Թրթիռներով երբե’ք, երբե’ք ցած չիջնես,
Վերու’մ մնա քո հույզերով անբասիր,
Որքան էլ որ քարեր նետեն քեզ վրա,
Թե արդար ես, երբեք այն քեզ չի’ դիպչի․․․
Կյանք լի է ուրախ,տխոււր օրերով,
Ապրի’ր միայն քո խղճի հետ ներդաշնակ,
Խրո’խտ հոգով անցիր քարոտ քո ճամփան,
Բյո’ւրեղ դարձիր ու ցոլցոլա հավիտյան․․․
***
Ախ քանի՜ կարոտաբաղձ
գարուններ հուրհրացին,
Ալիքին տվին ու անցան․․․
Ախ քանի ՜֊ քանի՜ հողմահար
հուզումներ սքանչելի,
Անտրտունջ թևին տվին ու անցան․․․
Ախ քանի՜ այգաբացեր
օրհնանքով մշտարթուն,
Ժպտացին սիրագորով ու անցան․․․
Ախ քանի՜ մայրամուտներ
վառվեցին հրաբորբոք,
Բոց դարձան կարմիր ծիրում ու անցան․․․
Երկնքի լաջվարդ գրկում,
ուր սերն էր ծովծովանում,
Ընդունեց ամենն անձայն․․․
Ընդունեց ու հիացավ․․․
***
Ի՜նչ անուշ է իջնում մեղմիկ երեկոն,
Իջնում որպես անուրջների սիրադեղ…
Այնքա՜ն քաղցր երազներ է ինձ բերում՝
Հոգուս տալով թևածումի լա՜յն թևեր…
Հեռվում կաթե սիրագորով լուսնկան
Լույս է սփռում շուրջբոլորը մեղմօրոր…
Կանքի չքնաղ ակնթարթն է ինձ թովում,
Սուրբ շշունջով լցնում հոգիս մեղրածոր․․․
Ի՜նչ խաղաղ է իջնում մեղմիկ երեկոն՝
Հոգուս տալով սքանչումի ջերմ պահեր․․․
Լույսը հանդարտ շաղախվում է հոգուս մեջ
Ու ծովանու՜մ ,ծով֊ծովանո՜ւմ է անվերջ․․․
***
Մաղմաղ անձրև, լուռ թախիծ,
Աշնանաբույր հեծեծանք,
Երկնից թափվող անուրջներ՝
Աստղափոշու պես թեթև․․․
Ոսկեդեղին,բարակ քող՝
Երկար ձգվող քղանցքով
Աշնան արևով լցվել,
Իջնում է լուռ նազանքով․․․
Ճեմում են տաք ծառուղով
Աշնան անձրևն ու քամին,
Գգվում իրար կարոտով․․․
Հրաժեշտի լուռ պահին
Շշնջում են տաք խոսքեր,
Սիրում իրար,գուրգուրում․․․
Աշունը սեր է դարձել,
Աշունը սեր է բուրում․․․
Ողջ աշխարհը գիրկն առած՝
Հեքիաթներ է արարում․․․
Աննե Մարի