
Գավառ քաղաքի տարածքը շրջապատող հնագույն ամրոց-բնակավայրերից մեկն էլ Առվույտի դաշտի ամրոց-բնակատեղին է, որը ուշ միջնադարում կրել է «Յոնջալուխ» օտարահունչ անունը։
Առվույտի դաշտի ամրոցն ու բնակատեղին տարածվում են Գավառ քաղաքից 5-6 կիլոմետր դեպի արեւմուտք, «Գյոզեի կուչ» կոչվող քարափի բարձունքին։ Ամրոցը և շրջակայքի դամբարանադաշտերը թվագրվում են Քրիստոսից առաջ 2-1 հազարամյակով, բնակատեղիի, եկեղեցու ավերակները եւ խաչքարերը՝ 9-17-րդ դարերով։
Առվույտի դաշտի ամրոցի մասին առաջին անգամ համեմատաբար մանրակրկիտ տեղեկություն է հաղորդում Գեդեոն Միքայելյանը․

« Չանդոյի բերդից 1-2 կիլոմետր դեպի հարավ-արեւելք մի գոգավոր, լայնատարած հարթություն է ձգվում՝ Առվույտի դաշտ կամ Յոնջալուխ անունով։ Այդ դաշտն ունի ավելի քան 500 հեկտար մակերես՝ շրջակա բարձրադիր բլրաշարքերով, որոնք փարթամ արոտավայրեր են։ Դաշտի հյուսիսարեւելյան մասում կա ցածրանիստ քառանկյունի համարյա հարթ գագաթով մի բլուր՝ կես հեկտարից պակաս մակերեսով։ Բարձունքի վրա կառուցված է միջնաբերդ՝ շրջապատված անընդմեջ բնակարաններով։ Միջնաբերդի ներսում երեւում են կացարանների ավերակների հետքեր, իսկ կենտրոնում նկատելի է քառակուսի աշտարակի հիմք։ Հավանաբար, այս միջնաբերդն ունեցել է երկու, գուցե եւ երեք շինարարական շրջան։
Քանի որ պաշարվելու դեպքում միջնաբերդը չէր կարող իր մեջ տեղավորել բոլոր բնակիչներին՝ իրենց անասուններով ու գույքով, ուստի միջնաբերդը շրջապատող բնակավայրը նույնպես եղել է պատնեշապատ։ Այդ պատնեշապատումն իրականացվել է շենի ծայրամասերում տների արտաքին պատերի միացումով, որը, իհարկե, այն հզոր պարիսպը չէր կարող լինել, ինչ ամրոցի կամ միջնաբերդի պարսպի հզորությունն է։ Միջնաբերդը, ինչպես վերեւում ասացինք, քառանկյուն տեսք ունի, սկզբնական շրջանում ավելի փոքր տարածություն է զբաղեցրել, սակայն հետագայում, ինչպես պարզ ցույց է տալիս կառուցման տեխնիկան, միջնաբերդն արեւելյան կողմից ընդարձակվել է մեկ երրորդով, արհեստական հողաթումբ պատրաստելու միջոցով, որպեսզի նոր ստեղծված բարձրության մակարդակը հավասարվի բնական բլրի բարձրությանը։

Միջնաբերդն իր պարիսպներում ունի ինը աշտարակներ ու որմնահեցեր, որոնք իրենց դուրս բերված ելուստով այնքան լայն են, որ կարող էին որպես աշտարակ ծառայել։ Աշտարակներն ունեն քառանկյունի ձեւ ու դասավորված են միջնաբերդի բոլոր անկյուններում ու դուրս են գալիս երկու հատվող պատերի կողմերը։ Որմնահեցերը հիմնականում կառուցվել են հարավային պարսպի վրա, սակայն պահպանվել է նաեւ հյուսիսային պարսպում։ Որմնահեցի այդօրինակ դասավորությունը հասկանալի է, քանի որ հարավային պարիսպը, դրված լինելով բնական ժայռերի վրա, կարող էր շուտ քանդվել, եթե չլինեին այդ հենապատերը, որ ծառայել են որպես աշտարակներ։
Մուտքը մինչեւ լրացուցիչ կառուցումը եղել է միջնաբերդի արեւելյան պարսպի հյուսիսային անկյան մոտ։ Լրացուցիչ կառուցումից հետո, երբ ընդլայնվում է միջնաբերդը, մուտքը դարձվել է դեպի հյուսիս, նախկին մուտքին կից։ Ճանապարհը, դուրս գալով միջնաբերդի մուտքից, աստիճանաբար թեքվում է դեպի արեւմուտք եւ ապա, գնալով դեպի հյուսիս, կորչում բնակավայրի ավերակներում։
Պարիսպն ունի 4 մետր լայնություն, բարձրությունը 3-5 մետր է։ Քարերը կիսամշակ եւ ողորկ կողմերով դարձված են դեպի դուրս։ Շարվածքն առանց շաղախի է, քարերը 2-3 խորանարդ մետր մեծություն ունեն, բազալտից են։
Միջնաբերդից 300 մետր հյուսիս- արեւմուտք կա մի ամբարտակ, որը կիսաշրջանաձեւ պատնեշել է կաթսայանման հովիտը հարավ-արեւելքից, եւ ստացվել է մի հսկայական ջրամբար՝ նման Չանդոյի ձորում կամ Պառավի վանքի շրջակայքում եղած ջրամբարներին։ Այդ ջրամբարում են հավաքվել բարձունքներում հալվող ձյուներից կամ անձրեւներից առաջացած ջրերը, որոնք ամռան ամիսներին օգտագործվել են շենի բնակիչների կողմից։ Ջրամբարի հողաթումբն ունի մոտ 350 մետր երկարություն, բարձրությունը ջրահավաքի կողմից մեկ մետր է, իսկ իսկ արտաքին կողմից՝ մինչ երկու մետր, հողաթմբի լայնությունը 4-5 մետր է։ Հողաթմբի մեջ երեւում է քարերով շարվածք»,-գրում է Գեդեոն Միքայելյանը «Սեւանի ավազանի կիկլոպյան ամրոցները» աշխատության մեջ։

Հնասեր Թաթուլ Տոնոյանի հետ շրջում ենք հնավայրով մեկ։ Այն, իրոք, ընդգրկում է ահռելի տարածություն, որը լոկ աչքերով չափել անհնարին է, եթե ոտքով չփորձես կտրել այդ անհաշիվ բլրաշարքերն ու նրանց ստորոտներում տարածվող բնակարանների կամ շինությունների ավերակները։ Անգամ անհնար է մտքով հաշիվ պահել, թե քանի բնակարան կամ շինություն կարող է եղած լինել այս առեղծվածային բնակատեղիում։ Սակայն մի բան պարզ է, որ այն գործել է հազարամյակներ շարունակ, բավականին բազմամարդ բնակիչներով։ Գեղամա լեռնաշղթայի հյուսիսարեւելյան փեշի ողջ տարածքը անասնապահության ու հողագործության համար անսպառ շտեմարան է իրենից ներկայացնում, ինչն էլ տեւական ժամանակ մարդկանց կապել է այս հեքիաթային հող ու ջրին։ Հնագույն դամբարանների կողքին, որտեղ կատարված թաղումները սկսվել են անհիշելի ժամանակներից, առկա է նաեւ միջնադարյան գերեզմանոց, որը հուշարձանների պահպանության պետական ցանկում թվագրված է 9-13-րդ դարերով։ Այն գտնվում է գյուղատեղիի արեւելյան մասում։ Չի բացառվում, որ գերեզմանոցի շրջակայքում ժամանակին գործած լինի նաեւ եկեղեցի։ Նույն ցանկում հաշվառված է 7 խաչքար, որոնցից 1-ը թվագրվում է 9-րդ , 2-ը՝ 9-10- րդ, 1-ը՝ 10-րդ, 3-ը՝ 14-15-րդ դարերով։
Իհարկե, այս 7 խաչքարերը շատ չնչին մասն են պատմամշակութային այն հսկայական ժառանգության, որոնք կերտվել են դարերի ընթացքում, հայ մարդկանց մտքի ու ձեռքերի շնորհիվ, ու դեռ հայտնի եւ հասանելի են մնում գիտության ու սերունդերի համար։ Սակայն շատ գաղտնիքներ էլ մնացել են հողի տակ կամ պատմության հեռավոր ժամանակների մշուշներում։

Թաթուլ Տոնոյանը ավերակների մեջ աճած փշերի, մասրի թփերի,եղինջների բույլերի, քարակույտերի մեջ բացում ու մատնացույց է անում վաղ միջնադարյան խաչքարերը, որոնք հիմնականում մամռակալած են, սակայն իրենց վրա դեռ պահպանում են քանդակների պատկերավոր գծերը։
Մեզ օգնության են գալիս նաեւ տեղի հովիվները, ովքեր հրաշալի տիրապետում են տեղանքին ու ոգեւորված մատնացույց են անում սովորական աչքի համար դժվարությամբ նկատվող խաչքարերը։ Նրանք մի քանիսն են, որոնք կիսով չափ խրված են հողի մեջ կամ ընկած են շուռ տված վիճակում։ Նույնիսկ դրանցից մեկը փորձում ենք կանգնեցնել, սակայն դա չի տեղավորվում մեր ուժերի սահմաններում։ Վերջում Թաթուլ Տոնոյանը կանգ է առնում թեքությամբ ընկած մի խաչքարին կից հողաթմբի մոտ, որը պատված է առատ աճած կանաչով։
-Մեծերից լսել եմ, որ ժամանակին այս հողաթմբի տակ տասնյակ խաչքարեր են թաքցրել, գուցե ավերող ձեռքերից պաշտպանելու համար։ Ինձ թվում է, որ հողի շերտը հեռացնելու դեպքում հնարավոր է հնագիտական նոր գաղտնիքներ բացել։ Սեփական նախաձեռնությամբ չեմ ուզում քանդել հողաշերտը՝ իսկությունը ստուգելու համար։ Ինձ ոչ միայն օգնող ձեռք է հարկավոր, այլ նաեւ՝ պետական պատկան մարմինների աջակցությունը,-ասաց Թաթուլ Տոնոյանը։
Հովիվներից մեկը պատմեց, որ մի խաչքար էլ ինքը մի քանի տարի առաջ նկատել է հնավայրի արեւելյան կողմում, մեզանից մոտ կես կիլոմետր հեռավորությամբ։ Ապա ձիով սլացավ այդ վայրը՝ հուշարձանը գտնելու ու մեզ ցույց տալու համար։ Սակայն մոտ 10 րոպե անց վերադարձավ ու տեղեկացրեց, որ իր տեսած խաչքարն այլեւս տեղում չէ, գուցե ինչ-որ մեկը տեղափոխել է այլ վայր։

Ապա մոտենում ենք բուն ամրոցին ու միջնաբերդին, որի պարիսպները տեղ-տեղ դեռ մնացել են կիսականգուն վիճակում։ Կարդում ենք միջնաբերդի հյուսիսակողմում տեղադրված ցուցանակը, որն ազդարարում է Ք․ Ա․ 2-1 հազարամյակով թվագրվող ամրոցի ու բնակավայրի գոյությունը։ Նույն ցուցանակից տեղեկանում ենք նաեւ, որ այս բնակավայրը գործել է նաեւ միջին դարերում, ընդհուպ մինչեւ 17-րդ դարը։
Դժվար է ասել, թե ինչ անվանում է կրել այս բնակավայրը մինչ 17-րդ դարը, որից հետո այստեղ թափանցած քոչվոր ցեղերի կողմից անվանափոխվել ու ստացել է օտարահունչ Յոնջալուխ անունը։ Սակայն տասնյակ ու հարյուրավոր հեկտարներ ընդգրկող այս բնակավայրը հազարամյակներ շարունակ հանդիսացել է հայ ժողովրդի ծագման, զարգացման ու ծաղկման, միավորման, պետականության կերտման վայրը, որտեղ բացի խաղաղ ու ստեղծագործ կյանքի ընթացքը, հաճախակի են տեղի ունեցել նաեւ ռազմական արյունալի բախումներ, նվաճումներ ու գերեվարություն, պատմական այլ իրադարձություններ։
Առվույտ դաշտի ամրոցը Վանի թագավորության արքաների թողած սեպագիր արձանագրություններում հիշատակված Վելիքուխի երկրի ամրաշինական հզոր կառույցներից ու մարդաշատ բնակավայրերից մեկն է եղել, որը պաշտպանել է պետական այդ միավորի կենտրոնը արեւմտյան կողմից։ Վանի արքա Արգիշտի Առաջինի թողած մի սեպագիր արձանագրության մեջ կա հիշատակություն այն մասին, որ ինքը Սեւանա լճի ավազանից որպես ռազմավար է տարել 1 միլիոն խոշոր եղջերավոր անասուն։ Դժվար չէ պատկերացնել, որ այդ ահռելի անասնագլխաքանակի մի մասն էլ բռնագրավվել է հենց Առվույտի դաշտի բնակատեղիից։

Բացի Գեդեոն Միքայելյանի հիշատակած արհեստական ջրամբարը, որից շենի բնակիչներն օգտվել են, չի բացառվում, որ գործած լինի նաեւ ջրամատակակարման առանձին համակարգ, որը կարող էր սնվել մոտ կամ հեռու գտնվող աղբյուրներից, ավելի բարձրադիր վայրերում գտնվող բնական լճերից, որոնք ջրառատ են մնում նաեւ մեր ժամանակներում, տարվա բոլոր ամիսներին։
Այստեղ, իհարկե, անսահման ու աներեւակայելի գաղտիքներ դեռ կան թաքնված, քանի որ այս հնավայրը հնագետների կողմից քիչ ուսումնասիրված վայրերից է, գրեթե չպեղված վայրերից, որտեղ, սակայն, թաքնված է պատմամշակութային հարուստ ժառանգություն՝ իր մեջ քաղաքակրթական մի քանի շերտեր ու դարաշրջաններ ամփոփած։
Մեր այցելության պահին հնավայրին շունչ ու ոգի, կենդանություն տվողները հովիվներն էին, իրենց հոտերն ու նախիրները, նրանց հսկող ու մեզ վրա հաչոցներով գրոհող գամփռները, որոնք մեզ հիշեցնում էին հեռավոր դարերը, հովվերգական կյանքով ապրող ու շնչող աշխարհը, այդ ճանապարհով եկած ու անցած սերունդներին։
Խոսրով Խլղաթյան