
Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել 2026 թվականին անցկացվող նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի Գեղարքունիքի մարզային փուլում։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ՀՀ Գեղարքունիքի մարզում ռազմամարզական խաղերի ներդպրոցական փուլն անցկացվել է մինչ 2026 թվականի սեպտեմբերի 18-ը։ Այս փուլում ձևավորված դպրոցական թիմերը սեպտեմբերի 24-25-ը մասնակցել են համայնքային փուլին, որն անցկացվել է Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում։ Համայնքային փուլում 1-ին տեղեր գրաված թիմերն իրավունք էին ստացել՝ մասնակցելու մարզային փուլի մրցումներին, որն անցկացվել է հոկտեմբերի 2-ին՝ Գավառի Մ. Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի մարզադաշտում։ Մրցապայքարը տեղի է ունեցել ռազմամարզական խաղերի ծրագրով, որը ներառում է՝ նռնակի նետում հեռավորության վրա, 8 կիլոգրամանոց ուսապարկով փոխանցավազք, ձգումներ պտտաձողից, վազք 1000 մետր, հրաձգություն օդամղիչ հրացանով և ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում վարժաձևերից։ Ծավալվել է հետաքրքիր և համառ պայքար, որի արդյունքում հավաքած 1414 միավորով հաղթող է ճանաչվել Ճամբարակի ավագ դպրոցի թիմը։ 1015 միավորով երկրորդ տեղը գրավել է Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը 750 միավորով զբաղեցրել է Գավառի ավագ դպրոցի թիմը։

Հաղթող թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են համապատասխան կարգի հավաստագրեր։
Մարզային փուլում հաղթած Ճամբարակի ավագ դպրոցի թիմը զինղեկ Նիկալ Ճաղարյանի գլխավորությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզը կներկայացնի հոկտեմբերի 15-18-ը կայանալիք ռազմամարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլում։
Ռազմամարզական խաղերն անցկացվում են 4 փուլով՝ ներդպրոցական, համայնքային, մարզային և հանրապետական։ Ռազմամարզական խաղերին մասնակցում են հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանցիներից ձևավորված թիմերը։ Թիմերի կազմերում հանդես են գալիս 9-ական տղա մարզիկ:
Գեղամա աշխարհ