
Հոկտեմբերի 4–ին Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար, որը նվիրվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գորիս Հովսեփյանի հիշատակին:
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, հուշամրցաշարն անցկացվել է Սևանի ջրային մարզաձևերի դպրոցի նախաձեռնությամբ։
Հուշամրցաշարին մասնակցել են 40-ից ավել մարզիկներ: Հաղթողները պարգևատրվել են հուշամեդալներով և գավաթներով:
Արդեն 6-րդ տարին է, ինչ Սևանի Աշոտ Ավետիսյանի անվան ջրային մարզաձևերի դպրոցը նախաձեռնում և անցկացնում է բոյդարկաների և կանոեների հուշամրցաշարը, որը դարձել է ավանդական։
Գորիսը ծնվել է 2001թվականի փետրվարի 14-ին, Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում։ Զբաղվել է տարբեր մարզաձևերով: Ամենից շատ սիրում էր թիավարությունը։ Մասնակցել է շատ մրցումների ու միշտ զբաղեցրել է առաջատար հորիզոնականներ։ Ստացել է շատ պատվոգրեր, մեդալներ ու մրցանակներ։ Ավարտել է Ցամաքաբերդի թիվ 5 միջնակարգ դպրոցը, այնուհետև Սևանի պետական քոլեջը։
2019 թվականի հուլիսին ուսումը կիսատ թողելով զորակոչվել էր բանակ։
Հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Գորիս Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
Գեղամա աշխարհ