
Վեց տարի առաջվա սեպտեմբերի 27-ը սեւով ու աղետով գրվեց հայ ժողովրդի պատմության էջերում։
Մեր նենգ ու հավերժական ոսոխը հրով ու սրով եկավ մեզ վրա` իր հետ բերելով հերթական ցեղասպան ոճիրը։
Իհարկե, նա միայնակ չէր կարողանա բնաջնջել ու հայազրկել Արցախը, եթե իր թիկունքում չունենար Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի , Սիրիայի վարձկան մարդասպանների զինական զորակցությունը, Մինսկի խմբի համանախագահ երկրների երկդիմի խաղերը, իսկ ամենագլխավորը, ռուս- թուրքական ներքին պայմանավորվածությունները։
Այո, այդ եղերական օրերին կշեռքի նժարին դրված էր յուրաքանչյուր հայ մարդու կյանքը։

Մեր բանակը մաքառեց, մաքառեց մեր ժողովուրդը, բայց մենք էլի մենակ էինք մնացել ոսոխի գերակշիռ ուժերի դեմ։
Մեր խոնարհումն ենք բերում ոսոխի դեմ մղած գոյամարտերում իրենց կյանքը զոհաբերած հայորդիներին, նրանց ընտանիքներին, մարտադաշտերից ողջ կամ վիրավոր տուն դարձած մարտիկներին, գերության մեջ տառապող մեր եղբայրներին, հուսալով, որ մի գեղեցիկ օր էլ Հայոց հայրենիքի վրա ծագելու է Հաղթանակների արեւը։
Գերված Արցախն էլ մեր հոգիներից անջինջ է մնալու, նրա ցավն ու մորմոքը միշտ կանչելու է մեզ։
Իսկ ոչ մի ոճրագործություն չունի վաղեմության ժամկետ, ոչ մի ոճիր չի մնալու անպատասխան, որքան էլ որ մերօրյա քաղաքական հրեշները փորձեն դիրքավորվել անմեղության, արդարության ճշմարտացիության կեղծ դիմակների ներքո։
Գեղամա աշխարհ