Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՀՈԳՈՒ ԱԼԵԿՈԾՄԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԻՑ

Կարկաչում են աղբյուրները անդադար

Իմ էության բավիղներում, տարիքում.

Ի՜նչ դժվար է՝ մնալ արդար ու մաքուր

Այս մգլահոտ ճահիճների խութերում:

Ի՜նչ դժվար է՝ ամպի նման որոտալ

Կույր աչքերին, խուլ ականջին հանդիման,

Հոգու խորքից կորուստներդ հեկեկալ

Ստապատիր ու ելուզակ ամբոխին:

Ի՜նչ դժվար է՝ Լույս երազին թեւեր տալ,

Երկրպագել Արեւին ու Աստղերին,

Ճշմարտության բոցերի մեջ լուռ կիզվել

Ու գոհանալ լոկ մեկ անշահ բարեւին:

Ի՜նչ դժվար է՝ արնոտ հողից վերանալ,

Ճախրել դեպի անհունները երկնային,

Աղբյուրի պես ամեն վայրկյան զուլալվել,

Ու համերգել մշտազվարթ, օրնիբուն:

Ի՜նչ դժվար է՝ ժայռի նման մնալ լուռ՝

Բարու հույզին, Սատանայի կանչերին,

Մնալ կանգուն, անկարեկից ու ամուլ՝

Տիեզերական սրտատրոփ երթերին:

Ի՜նչ դժվար է՝ սիրտս պահել անմրմուռ,

Չկարոտել գարնանային զարթոնքին,

Տեսնել հողիդ անտիրությունն օրեցօր,

Ձեռք չզարկել հորս լքված գերանդուն:

Կարկաչում են աղբյուրներս սարն ի վար,

Գիլ ու գլոր, իմ անհանգիստ ջղերում…

Ի՜նչ դժվար է՝ ատելության մեջ սիրել՝

Այսքան Չարքի ճոխ ու առատ հանդեսում…

25.09. 2020 թ.

 

34 դիտում