Գավառ քաղաքի հյուսիսարեւմտյան մասում, նեղլիկ փողոցների արգելքն ու հնաբույր տների անշուք տեսքից առաջացած անբարեհաճ զգացողությունը հաղթահարելուց հետո, հանկարծ հայտնվում ես կախարդական կամ հեքիաթային մի եզերքում, որտեղ հոգիդ պայծառանում է տեսածդ հրաշապարտեզից, արարչագործ մտքի ու ձեռքերի կերտած բարիքներից, ծառ ու ծաղկի փարթամությունից, հնաոճ իրերի ցուցադրությունից, եւ, ի վերջո, այդ զմայլելի տարածքին իմաստ, շունչ ու ոգի տված մարդու՝ Ռուբեն Սեւոյանի հետ զրուցելուց։

Կյանքի վեց տասնամյակը բոլորած, լրջախոհ, լռայկաց, բայց եռանդով, կենսասիրությամբ ու աշխատասիրությամբ լի այս այրը Գեղամա աշխարհի հող ու ջրի զորությունը, շքեղությունն ու խորհուրդն է իր մեջ խտացնում՝ նոր իմաստ ու շուք տալով հայրենի լեռնաշխարհի շռայլություններին, ծաղկեցնելով ու գեղեցկացնելով ժայռեղեն ու հեղեղեն անբույս տարածքները, ժամանակների ավերիչ սլացքից փրկելով ու պահպանելով հնագիտական, պատմամշակութային ժառանգություն համարվող կարեւոր իրերը։
Ռուբեն Սեւոյանի հետ զրույցը վերածվում է մի տպավորիչ, անմոռանալի դասախոսության, կենսափիլիսոփայության, հայրենի աշխարհի մասին ճանաչողական բացահայտումների։
-Մեր քաղաքի մարդկանց մոտ այգեգործության հանդեպ բավարար սեր ու նվիրում քիչ եմ տեսնում,-ծիրանի, դեղձի, սալորի, կեռասի, տանձի, խնձորի, նուշի, այլ տեսակի պտուղներով բեռնված առաջին ծառի կողքին զրույցը սկսում է Ռուբենը,-շատերի մոտ այն կարծրատիպն է իշխում, թե Գավառի հողը ծառերի մշակության համար բերրի չէ, պտուղը նորմալ չի աճում ու հասունանում, մինչդեռ ես ջանում եմ ապացուցել, որ ճիշտ հակառակն է, մեր պտուղն ամենահամեղն է, որ այստեղ կարելի է մշակել ու ստանալ ցանկացած պտուղ։
Իսկ որտեղի՞ց է գալիս այս նախասիրությունը, ծառի ու թփի հանդեպ այդօրինակ նվիումն ու պաշտամունքը։ Պարզում եմ, որ Ռուբենն արմատներով սերվում է Մարտունու շրջանի Զոլաքար գյուղից՝ լույս աշխարհ գալով զոլաքարցի և գավառցի ծնողների ստեղծած ընտանիքում։

-Հայրս՝ Քյարամ Սեւոյանը, Գավառ է եկել 1942 թվականին, 13 տարեկան հասակում, որբացած, շատ դժվարին վիճակում։ Նրա ծնողները մահացել են վաղաժամ, հորեղբորն էլ զորակոչել են բանակ, ինքը մնացել է մենակ, խնամող որևէ հարազատ չի ունեցել, միակ ապավենը մնացել է Գավառում ամուսնացած քույրը, ում հույսով էլ հայտնվել է այս քաղաքում՝ աշխատանքի անցնելով Գավառի կոլտնտեսությունում որպես հովիվ։ Ապրել է շատ չարքաշ, դժվարին կյանքով, սակայն իր կամքի ու աշխատասիրության շնորհիվ կարողացել է տունուտեղ ստեղծել, ընտանիք կազմել, զավակներ ծնել, սնել ու դաստիարակել։ Այս տան տեղը եղել է մի ամայի տարածք՝ նստած կարծր ժայռերի վրա։ Այդ ժայռերը ճեղքելով, քարից հաց քամելով է նա մեզ պահել։ Մայրս՝ Արմենուհի Սուրբնիշանյանը, եւս բազմաչարչար կին էր, առավոտից իրիկուն շարժման մեջ։ Նա կթվորուհի էր մեր սովխոզում, արտադրության առաջավոր։ Մինչ հիմա էլ զարմացած եմ մնում, թե ինչպես էր հասցնում կթել մեր տան ու սովխոզի՝ իր բաժին անասնագլխաքանակը, ինչպես էր հասցնում մշակել կաթնամթերքը, հաց թխելը, մեզ պահել-շահելը։ ԾՆողներս քուն ու դադար չունեին, անգամ՝ մինչեւ խոր ծերություն։ Նրանք հողի անզուգական մշակներ էին, անասնապահության մեջ հմտացած մարդիկ։ Ես ամենայն խնամքով, սրբորեն պահպանում եմ նրանց գործիքները՝ անվասայլակը, գերանդին, մանգաղը, ռափադան, մաղը, թոնրատունը, գոմը, այն ամենը, ինչի հետ Աստծո ամեն օր շփվել են ծնողներս,-պատմում է Ռուբենը։

Նա եւ իր եղբայրները եւս մանկուց մասնակից են եղել այդ ֆիզիկական ծանր աշխատանքին, թրծվել կյանքի բովում՝ դասեր առնելով հողագործության ու անասնապահության մեծ, հնադարից եկող մշակույթներից, ձեռք բերել աշխատասիրություն, կամք, կյանքի դժվարություններին տոկալու կարողություն։ Ռուբենն իր պատանության տարիներին, ամառային արձակուրդներին հովվություն է արել հայրենի լեռներում ու դաշտերում, հոգով ու սրտով կապվել հայրենի բնությանը։ Նա Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք, անցել մասնագիտական աշխատանքի, սակայն կարճ ժամանակ անց, շատերի պես, ստիպված է եղել մեկնել արտագնա աշխատանքի՝ Հայաստանի էներգետիկ ճգնաժամի, տնտեսական շրջափակման, արտադրական ձեռնարկությունների փակման ու գործազրկության պատճառով։ Ապա ստիպված է եղել Ուկրաինա տեղափոխել նաեւ կնոջն ու երեխաներին։
-Երբ արտագնա աշխատանքից վերադարձա տուն, ցնցվեցի այն ծանր կենցաղից, որի մեջ ապրում էին ծնողներս, կինս ու երեխաներս։ Ուզում էի նաեւ ծնողներիս տանել Ուկրաինա, սակայն նրանք ոչ մի կերպ չհամաձայնեցին։ Ուկրաինայում սկսեցի զբաղվել ձեռնարկատիրությամբ, նոր տուն ու տնտեսություն ստեղծեցի, ապրելու հարմարավետ պայմաններ։ Մի հրաշք ու մեծ այգի եմ ստեղծել անտեղ, որը ստիպված եղա թողնել ու գալ հայրենիք՝ սկսված ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ Ահա մի քանի տարի է, ինչ ստեղծել եմ այս գեղեցիկ այգին, որը շատ համով, բազմազան պտուղներ է տալիս,-շարունակում է Ռուբենը։
Իր փորձն ու գիտելիքները Ռուբենը սիրով տալիս է համաքաղաքացիներին, իրեն դիմող մարդկանց՝ հաճախակի վարպետաց դասեր անցկացնելով նրանց հետ, ովքեր ուզում են ստեղծել իրենց այգիները, ապահովել նրանց կենսունակությունն ու հետագա խնամքը։ Նա պարզապես հոգի է դնում ամեն մի տնկիի կամ շվի մեջ, նրա ձեռքերը կանաչեցնում-ծաղկեցնում են ցանկացած ծառատեսակից վերցված ճյուղ, որը խաչասերվում է մեկ այլ ճյուղի ու սկսում հասակ նետել, պտղավորվել։
Բույսերն ու կենդանիները Ռուբենի համար պաշտամունքի լիարյուն աշխարհ են, կյանքն իմաստավորող ու գեղեցկացնող միջոցներ, շիտակ ու ազնիվ էություններ, քան թե կարող է լինել Մարդը։
-Մեկ ծառի բնի վրա մեկտեղված են 22 տեսակի մրգեր, մի այլ բնի վրա՝ տաս ու ավելի, ուրիշ բնի վրա՝ մի քանի։ Սակայն բոլորն էլ մերվել են իրար, աճում ու զարգանում են հաշտ ու համերաշխ, առանց իրար ջնջելու, իրար խանգարելու։ Իմ կյանքի ամեն մի վայրկյանն այդ ծառերի ու նրանց շիվերի, ծաղիկների ու նրանց բույլերի հետ է, ուշադրությունս չեմ կարողանում ակնթարթ անգամ զատել նրանցից․ հսկում եմ նրանց աճը, տեսքը, բողբոջումն ու ծաղկումը, պտղակալումը։ Ոչ մի տեսակի թունաքիմիկատ չեմ օգտագործում։ Օգնում եմ ընկերներիս, բարեկամներիս, շրջապատիս, որպեսզի իրենք էլ ստեղծեն իրենց այգիները, որպեսզի մեր քաղաքը, մեր հայրենիքը լինեն շատ ավելի կանաչազարդ, պտղառատ։ Մեկ այլ հաճույք եմ ստանում մեղվապահությունից, մեղուների հետ զբաղվելուց։ Դա մի ուրիշ աշխարհ է, մարդու էությունը զուլալող-ազնվացնող մոլորակ։ Բույսերի ու կենդանիերի հետ շփումը մարդուն միշտ հոգով կայտառ է պահում, երիտասարդ, կենսունակ, արարման անվերջ ձգտումների մեջ,-ինքնագոհ ասում է Ռուբենը։

Պարտեզի հյուսիսային պատը գրեթե ամբողջությամբ զարդարում են հնագիտական արժեքավոր հավաքածուները՝ հնագույն կամ հին սայլերի անիվներն ու փայտյա մասերը, հին ժամանակների դռները, կավե ու պղնձե ամանները, կշեռքները, գյուղգործիքները։ Դրանք Ռուբենը հավաքել է ոչ միայն հայրենի քաղաքի կամ շրջանի տարածքից, այլ նաեւ բերել կամ գնել է աշխարհի տարբեր երկրներից, որպեսզի իր հրաշապարտեզը զարդարի նոր արժեքներով, արվեստի ու մշակույթի գլուխգործոցներով։
-Այս դռները մեր քաղաքի հիմնադիր Արծրունի եղբայրների իշխանական տան դռներն են, այս պղնձե սկահակը կերտվել է Բագրատունիների դարաշրջանում, այս խեցեղեն իրերը պատրաստվել են մեզանից մի քանի հազարամյակ առաջ, այս ժամացույցը պատրաստվել է Ռոմանովների դարաշրջանում, այն գնել եմ 500 ԱՄՆ դոլարով ու տեղափոխել Հայաստան։ Պատից կախված գորգը եւս մի քանի հարյուր տարվա պատմություն ունի, բացառիկ հորինվածք։ Շատ հին ու արժեքավոր, կիրառական արվեստի գեղեցիկ նմուշներ են կավե կամ պղնձե սափորները, սկահակները, թասերը։ Այլ խոսքով, հրաշքների իմ այգում այցելուն կարող է զմայլվել ու հիանալ ոչ միայն բուսական աշխարհի գեղեցկությամբ, այլ նաեւ մարդկային մտքի ու ձեռքերի հրաշագործ զորությամբ,-իր պարտեզի ձեռակերտ արժեքներն է ներկայացնում Ռուբենը։
Ռուբենի հաջորդ սիրելի զբաղմունքը ընթերցանությունն է՝ ինքնակրթվելու եւ մտավոր նոր հորիզոնների բացահայտման արգասաբեր ճանապարհը։ Ահա այսպես է նա համադրել իրար ֆիզիկական ու մտավոր աշխատանքները, կերտել աշխարհաճանաչողության իր ուղին, գտել ծնողներից ժառանգած սուրբ անկյունը շեն ու շքեղ պահելու շնորհները։ Եվ, ինչպես ինքն է խոստովանում, ընթերցասիրությունը նույպես ժառանգել է հորից։
-Հայրս տանը մի հսկայական գրադարան է թողել՝ գեղարվեստական ու մասնագիտական արժեքավոր գրքերով։ Նա մասնագիտությամբ հովիվ էր, սակայն յուրաքանչյուր գրագետ մարդու հետ կարող էր մրցել իր գրագիտությամբ, իմացությամբ, կենսափիլիսփայությամբ։ Այլ խոսքով, նա հիանալի գիտեր թե՛ մեր ժողովրդի պատմությունն ու գրականությունը, թե հայրենի բնության բոլոր անկյունները, բույսերը, շարժերը, քմահաճույքները, գիտեր, թե իր պահած կենդանին երբ է ծնելու, ինչով է հիվանդացել, ինչպես պիտի բուժվի։ Կյանքի դժվարությունների մեջ նա շատ դասեր էր քաղել։ Բնապաշտ ու ազգապաշտ հայրս ինձ այսպես էլ դաստիարակել է՝ ամուր կանգնած հայրենի հողի վրա ու պինդ կառչած նրա արմատներից։ Հորս թողած գրքերն էլ ինձ դաստիարակել են մարդասիրությամբ ու հայրենասիրությամբ։ Ի դեպ, նրա հորեղբայր Խաչիկը, որ զորակոչվել ու մասնակցել էր Հայրենական մեծ պատերազմին, դարձել էր զինվորական, հասել մինչեւ գնդապետի աստիճանի։ Նա ապրում էր Մոսկվայում, մահացել է 2000-ական թվականներին, -իր արմատներով հպարտանում է Ռուբենը։

Հրաշապարտեզում հյուրեր գալիս են հաճախակի, գալիս են աշխարհի տարբեր երկրներից, գալիս են հայեր ու այլազգի մարդիկ, վայելում այս գեղեցիկ անկյունը, Ռուբենի ընտանեկան խոհանոցի անուշաբույր ճաշատեսակները, որոնք եփվում են տիկին Խանումի ձեռամբ։ Նրանք հյուրընկալությունից հեռանում են անջնջելի տպավորություններով։
-Երբ իմ տնկած կամ պատվաստած ամեն մի շիվը կանաչում ու բարձրանում է, ինձ այնպես է թվում, թե մեր աշխարհը լցվում է նոր շնչով, թարմությամբ, սիրով ու երջանկությամբ, թե ես իմ հայրենիքին իմ ավյունից, եռանդից, ապրած կյանքից մի հույս ու հավատ, մի ապրող ու ապրեցնող արժեք եմ թողնում,-մեր զրույցը եզրափակում է Ռուբենը։
Խոսրով Խլղաթյան