Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՇԱՏՋՐԵՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑԸ

2026 թվականի սեպտեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք գյուղում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ  նորակառույց դպրոցի բացման արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ   Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Շատջրեքի վարչական ղեկավար Զոյա Գևորգյանը, դպրոցի մանկավարժներն ու աշակետները, բնակիչները, հրավիրված հյուրեր Երևանից ու Հայաստանի այլ մարզերից։

Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 միլիոն դրամ։

Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։

Շատջրեի միջնակարգ դպրոց կհաճախեն նաեւ Գեղամաբակ ու Ջաղացաձոր բնակավայրերի աշակերտները։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին դպրոցի շահագործման հանձնելու առիթով։  «Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է աշակերտներին սովորել, և այո՛, մենք հիմա ունենք այդպիսի դպրոց, որտեղ երեխաները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել և որտեղ ուղղակի կարող են ապրել: Մեր ընկալումն այն է, որ դասերից հետո երեխաները չպետք է պարզապես տուն գնան, այլ պետք է ժամանակ անցկացնեն դպրոցում»,-ասել է երկրի ղեկավարը:

Վարչապետը հավելել է՝ այս ենթակառուցվածքը նաև բնակավայրի համար է շատ կարևոր, քանի որ մշակվում են տարբեր ծրագրեր, որպեսզի մեծահասակները նույնպես այս տարածքներն օգտագործեն իրենց կյանքի որակը բարելավելու, սոցիալական շփման նոր ձևեր և նոր բովանդակություն ստանալու համար:

Անդրադառնալով PISA հետազոտության արդյունքներին, որոնց համաձայն Հայաստանի աշակերտները վատ ցուցանիշներ են արձանագրել, վարչապետը նշել է. «Այդ հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներով դպրոցի բացակայության մասին է: Եվ այո՛, մենք հիմա պետք է, ըստ էության, ստեղծենք Հայաստանի Հանրապետության դպրոցը, Չորրորդ Հանրապետության դպրոցը»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունն անում է հնարավորը երկրում կրթություն ստանալու լավ պայմաններ և հնարավորություններ ստեղծելու համար: Վարչապետը որակյալ կրթություն ապահովելու կարևոր պայմաններից է համարել ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը և նշել, որ այն լինելու է շարունակական:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը նշել է. «Դպրոցը կյանքով պետք է լիքը լինի, որովհետև ի վերջո այն կյանքը, որը մենք ուզում ենք, նախ պետք է դպրոցում կառուցենք: Դպրոցում կառուցած կյանքն է հետո արտահայտվում դրսում, այն կյանքը, որ մենք հիմա ունենք, արտահայտությունն է նրա, ինչպիսի կյանք ենք մենք կառուցել դպրոցներում, դասասենյակներում, ֆիզկուլտուրայի դահլիճներում, հանդիսությունների կամ դպրոցական բեմերում և այլն:

Սովորելու անբաժանելի մաս է ստեղծագործելը։ Հնարավոր չէ սովորել առանց ստեղծագործելու: Ստեղծագործությունը, ստեղծարար միտքն առաջնային է, և իմ կարծիքով՝ նույնը վերաբերում է նաև ուսուցչին։ Ուսուցիչն էլ պետք է ստեղծագործի և ստեղծագործելով սովորի, և մեր բոլոր որոշումներն ու քաղաքականություններն ուղղված են դրան՝ խթանել, խրախուսել ստեղծագործող ուսուցչին: Ուսուցիչը պետք է իմանա, որ իր ստեղծագործական և արդյունավետ աշխատանքը գնահատվում է պետության, Հայաստանի Հանրապետության կողմից:

Վաղը Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձն է, ուզում եմ առիթից օգտվել և բոլորիդ անձամբ շնորհավորել մեզ համար այդ կարևոր տոնի առիթով: Անկախությունն այնպիսին է, ինչպիսին մենք այն կերտում ենք։ Եվ հետևաբար, մեր խնդիրն է ամեն տարվա հետ մեր անկախությունը, մեր պետությունը, մեր համայնքը, մարզը, միջավայրը, դպրոցը դարձնել ավելի լավը, ավելի մրցունակ, ավելի գրավիչ: Եվ այդ գրավչությունը և մրցունակությունը պետք է մեծ ուժ տա մեր երեխաներին, որպեսզի նրանք լավ սովորեն, որպեսզի նրանք լավ ապրեն»:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Շատջրեք բնակավայրում այցելել է նաև «Փռի» փառատոն: Այն կազմակերպել են «Կենարար» հիմնադրամը և Վարդենիս համայնքի գյուղաբնակ երեխաները` մարզային և համայնքային իշխանությունների աջակցությամբ: Փառատոնը կազմակերպվել է հիմնադրամի «Առաջնորդների դպրոց» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է բացահայտել և զարգացնել պատանիների առաջնորդական հմտությունները:

Վարդենիսի տարբեր դպրոցների մարզիկների մասնակցությամբ «Սպորտլանդիա» մարաթոնը տվեց տոնի առաջին ազդակը։ Երեխաների փոխանցած ջահով Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը վառեց փուռը՝ խորհրդանշական կրակով պաշտոնապես ազդարարելով փառատոնի մեկնարկը։

Այդ օրը  մեկտեղվել էին  գյուղական բնակավայրերի երեխաները՝ ներկայացնելու իրենց պատմությունը, մշակույթն ու ավանդույթները, ճանաչելու միմյանց և միասին ստեղծելու տոնական տրամադրություն։

«Գեղամա աշխարհ»

29 դիտում