
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձը նշանավորվել է տարաբնույթ միջոցառումներով։
Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, սեպտեմբերի 21-ին Սևան համայնքի պետական և համայնքային հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական և կրթական հաստատությունների սաներն ու աշխատակիցները, համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարներն ու ավագանու անդամները՝ Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանի և Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանի գլխավորությամբ, այցելել են Սևանի քաղաքային պանթեոն, որտեղ հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Հանրապետության Անկախության և հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների հիշատակին։ Կատարվեց պսակադրում և ծաղկեդրում։
Սևան համայնքի հոգևոր հայրերի կողմից կատարվել է նաև անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի օրհնության կարգ։
Սևանի քաղաքային պանթեոնում տեղի է ունեցել նաև Սևանի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանի հուշաքարի բացման արարողությունը։ Արարողությանը ներկա են եղել նրա հարազատները, զինակից ընկերներն ու համայնքի ներկայացուցիչները։

Հարգանքի ու հիշատակի արարողություն է տեղի ունեցել նաև Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում, ուր տեղադրված է 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հուշաքարը։
Ծաղկեդրման արարողություններ են անցկացվել նաև Սևան համայնքի բնակավայրերում գտնվող հուշաքարերի և հուշակոթողների մոտ։
Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձը Սևան համայնքում նշվել է մշակութային բազմաբովանդակ միջոցառումներով՝ միավորելով գրականությունը, արվեստը, երաժշտությունն ու պարը։
«Անկախության սերունդը» խորագրով ցերեկույթ է տեղի ունեցել «Սևան համայնքի ԳԿՀ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում։ Միջոցառումն ուղեկցվել է թեմատիկ ցուցադրությամբ՝ անդրադառնալով անկախության գաղափարին, դրա արժեքին ու նոր սերնդի մեջ դրա պահպանմանը։
«Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի «Քո անունն է Հայաստան» խորագրով ցուցահանդեսն անցկացվել է Սևանի մշակույթային կենտրոնում։ Պատանի ստեղծագործողների աշխատանքներում Հայաստանն ու հայրենիքի հանդեպ սերը ներկայացվել են գույների, կերպարների ու արվեստի լեզվով։
Իսկ Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում տոնական տրամադրությունը շարունակվել է «Անկախության 35-ամյա ճանապարհը» խորագրով համերգային ծրագրով։
Բեմում հանդես են եկել Սևան համայնքի պարային խմբերը և Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները՝ իրենց կատարումներով ու պարային համարներով ներկայացնելով հայկական մշակույթի ողջ հմայքն ու կենսունակությունը։
Միջոցառման ընթացքում ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին ակտիվ մասնակցության համար միջոցառման մասնակիցները արժանացել են շնորհակալագրերի։
Գեղամա աշխարհ