Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է  

Սեպտեմբերի 9-ից  պաշտոնապես իր դռներն է բացել  Գեղարքունիքի մարզի  Սևան քաղաքի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի նորոգված ու վերազինված դահլիճը։

Ինչպես   տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, դահլիճի վերանորոգումն իրականացվել է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ֆինանսավորմամբ, «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում»  ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացրել է GIZ-ը՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

Սևանի մշակույթի պալատի դահլիճը բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության փոխտնօրեն Ուրսուլա Լոյբլին, GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սոնյա Կուրցը,պաշտոնատար այլ անձինք և ծրագրի գործընկերներ։

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի անունից ողջունելով ներկաներին՝ Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը նշել է, որ իրականացվել է քաղաքացիակենտրոն նախաձեռնություն, որը նոր փուլի սկիզբ է։ Դրան կհաջորդեն նոր ծրագրեր ու գաղափարներ, մշակութային միջոցառումներ և համայնքային կյանքի աշխուժացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն իր խոսքում կարևորել է  GIZ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի նշանակությունը՝ ընդգծելով, որ դրանց շնորհիվ համայնքները դառնում են ավելի հաշվետվողական, թափանցիկ և քաղաքացիներին մոտ։

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը Սևան համայնքի ղեկավարի անունից շնորհակալագրեր է  հանձնել  ծրագրի պատասխանատուներին և իրականացնողներին։

Իսկ միջոցառման հանդիսավոր հատվածը եզրափակվել է գեղեցիկ համերգային ծրագրով, որը պատրաստել էին Սևանի մշակույթի կենտրոնը, Սևանի երաժշտական դպրոցը և «Գամմա Բենդը»։

Վերանորոգված ու նոր գույքով կահավորված տարածքը նախատեսված է արտադպրոցական կրթության,  համերգների, թատերական ներկայացումների, համայնքային միջոցառումների համար։

Գեղամա աշխարհ

35 դիտում