
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այս տարվա սեպտեմբերի տասներկուսը սահմանվել է Գեղարքունիքի մարզի օր, որի համար ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, մաղթում քաջառողջություն, խաղաղ երկինք, աշխատանքային ու անձնական հաջողություններ։
Գեղարքունիքի մարզը ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքով ամենամեծ մարզն է, այլեւ նրա արեւելյան սահմանի ամուր դարպասներից մեկը, հայկական հին ու նոր աշխարհների առհավատչյան, հայոց սրբազան հայրենիքի անբաժան մասը։
Գեղարքունիքի մարզում է գտնվում Հայաստանի մարգարիտն ու գեղեցկուհին` Սեւանա լիճը, որն աշխարհի քաղցրահամ ջրային պաշարներ ունեցող ամենամեծ լճերից է` բազմած գեղատեսիլ լեռների հսկայական թասի մեջ։ Այն նաեւ համայն հայության խորհրդանիշներից մեկն է։ Գեղամ Նահապետից մեզ ավանդված այս երկիրը հարուստ է ոչ միայն բնության սքանչելի հուշարձաններով` բարձր լեռնագագաթներով, անդնդախոր ձորերով, ալպյան մարգագետիններով, արագահոս լեռնային գետերով, սառն ու կարկաչուն աղբյուրներով, այլ նաեւ պատմամշակութային հուշարձաններով, որոնք մեր ժողովուրդն անդուլ տքնանքով ստեղծել է հազարամյակներ շարունակ։ Բայց բնության այդ հրաշալիքների ու պատմամշակութային հարուստ արժեքների կողքին առավել փայլատակում են մեր սրբազան հողի վրա ու ջրի ափին ապրող մարդիկ, ովքեր օրնիբուն Հայոց հայրենիքի կառուցման, շենացման ու պաշտպանության դիրքերում են, արարման ու մաքառման ակունքներում։ Նրանք ոչ միայն կրում են ազգային լեզուն, միտքն ու ոգին, այլ նաեւ փայփայում, զարգացնում ու առաջ են մղում համայն հայության միակ ու անկրկնելի հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը։
Գեղարքունիքի մարզի կազմում ընդգրկված Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սեւան ու Ճամբարակ համայնքները վերջին երեսուն տարիների ընթացքում դարձել են մի կուռ ամբողջություն, օրավուր զարգացող ու բարձրացող, ծաղկուն աշխարհ`համախմբված պետական կառույցների շուրջ, լցված նոր, արդի աշխարհի մարտահրավերներին դիմակայող Հայաստան կերտելու վճռականությամբ։
Օգտվելով առիթից, շնորհավորանքներս հղում եմ օտարության մեջ հայրենի հող ու ջրի կարոտով ապրող մեր քույրերին ու եղբայրներին, սահմանին մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին ու սպաներին, հողի մշակներին, մանկավարժներին, բժիշկներին, պետական ու հանրային ծառայողներին, հայրենիքի պաշտպանության մարտերում աչքի ընկած հերոս այրերին ու կանանց` միաժամանակ խոնարհվելով զոհվածների փառքի ու հիշատակի առաջ։ Գեղամա աշխարհը մեզ է փոխանցվել հազարամյակների հեռվից ու կշարունակի իր հավերժական երթը մեր ու մեզ հաջորդող սերունդների կամքով ու նվիրումով։
Միշտ եղեք միասնական, միակամ, իրար սիրող ու սատարող, ժպտադեմ ու երջանիկ։
Ջերմ բարեմաղթանքներով`
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյան