Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել 1-ին փողոցի 6-րդ նրբանցքում և 23-րդ փողոցում։
Զոլաքարի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանի տեղեկացմամբ՝ Զոլաքարի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 11 միլիոն 900 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է արտաքին լուսավորության ցանցի կառուցում 1-ին փողոցի 6-րդ նրբանցքում և 23-րդ փողոցում՝ 2400 գծամետր ընդհանուր երկարությամբ, ԼԵԴ համակարգով։
Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2025 թվականի սեպտեմբերին, և հոկտեմբերի ութի դրությամբ ցանցն արդեն պատրաստ է շահագործման։
Ծրագրի իրականացման արդյունքում Զոլաքարի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի և 23-րդ փողոցի բնակիչներն առաջին անգամ արտաքին լուսավորությունից օգտվելու հնարավորություն են ունենում։