Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է 8 փողոց։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշենի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը, Ներքին Գետաշենի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 214 միլիոն 385 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Ներքին Գետաշենի Ներքին Դուրան թաղամասի 6-րդ, Վերին Դուրան թաղամասի 7-րդ, Վերին Դեմեր թաղամասի 2-րդ, Ներքին Դեմեր թաղամասի 7-րդ, Վանքի թաղամասի 7-րդ, Կենտրոն թաղամասի 5,6, 7-րդ փողոցների հիմնանորոգում՝ ասֆալտապատմամբ և ջրահեռացման համակարգի մասնակի տեղադրմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի սեպտեմբերից և հոկտեմբերի 8-ի դրությամբ իրականացվել շուրջ 40 տոկոսով։
Շինարարությունը նախաատեսված է ավարտի հասցնել այս տարվա ընթացքում։
Աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։