Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Պետրովի փողոցում արդեն ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Գավառի համայնքապետարանի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Պետրովի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 229 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է Պետրովի փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 1231 մետր երկարությամբ և 8538 քմ․մակերեսով, մայթերի սալիկապատում՝ 2119 քմ․ մակերեսով, 1374 գծամետր երկարությամբ մայթերի բազալտե եզրաքարերի, 320 գծամետր երկարության ջրահեռացման վաքերի տեղադրում, 325 գծամետր երկարության ջրահեռացման ներքին ցանցի և 156 գծամետր երկարության գաբիոնային հենապատի կառուցում։
Շինարարական աշխատանքները, որոնք իրականացրել է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն, մեկնարկել են 2025 թվականի հունիսից և հոկտեմբերի 8-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։
Գավառի Պետրովի փողոցը վերջին անգամ հիմնանորոգման ենթարկվել է 1980-ական թվականներին։