Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սոթքում շահագործման է հանձնվել   ոռոգման նոր  համակարգ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում տեղի է  ունեցել   ոռոգման նորակառույց համակարգի բացման արարողությունը։

Ինչպես  տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից,  արարողությանը մասնակցել են  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիումը, ՀՀ ՏԿԵՆ, ՏԿԵՆ ՋԿ և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ և հյուրեր։

Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, «Հայկը՝ մեր հերոսների համար» ամերիկյան հասարակական կազմակերպության և Վարդենիս համայնքի եռակողմ աջակցությամբ։  Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 20 միլիոն 400 հազար դրամ, որի իրականացման արդյունքում  կառուցվել է 6,2 կմ երկարության  ոռոգման ջրագիծ և 4 400 խմ տարողությամբ ջրամբար։

Արդեն Սոթքում  շուրջ 160 հեկտար ցանքատարածություն ապահովված է  անխափան ոռոգմամբ՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ գյուղատնտեսության զարգացման, բերքատվության բարձրացման և Սոթքի տնտեսությունների ամրապնդման համար։

Ողջույնի խոսքով հանդես է եկել  Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ով մասնավորապես նշել է, որ սահմանամերձ բնակավայրերում, որոնցից մեկը Սոթքն է,  ապրող յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր երեխա իր ներկայությամբ ու իր աշխատանքով ամրացնում է մեր սահմանը, հետևաբար, այս բնակավայրերի նկատմամբ ուշադրությունն ու հոգածությունը պետք է լինեն մշտական և հետևողական։

«Իմ և Վարդենիս համայնքի անունից շնորհակալություն եմ հայտնում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակին և «Հայկը՝ մեր հերոսների համար» բարեգործական հասարակական կազմակերպությանը»,-նշել է համայնքի ղեկավարը։

Միջոցառման ավարտին  Ահարոն Խաչատրյանը պատվոգիր և շնորհակալագիր է հանձնել ծրագրի իրականացմանն իրենց ներդրումն ունեցած գործընկերներին՝ կարևորելով նրանց կատարած աշխատանքը, համագործակցությունն ու աջակցությունը։

Առաջիկայում նմանատիպ ծրագիր կիրականացվի նաև Վարդենիս համայնքի  Գեղամասար գյուղում։

Գեղամա աշխարհ

14 դիտում