Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հիմնանորոգվում  են Գավառ քաղաքի Սովխոզնիկների և Զարգարյան  փողոցները

 

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են Սովխոզնիկների և Զարգարյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,   հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Գավառ քաղաքի Սովխոզնիկների, Զարգարյան փողոցներում և Զարգարյան փողոցի 1-ին փակուղում։

Սովխոզնիկների փողոցում ասֆալտապատումն արդեն ավարտվել է, ընթանում են մայթերի կառուցման աշխատանքներ։ Զարգարյան փողոցում այժմ ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ, զուգահեռ նաև մայթեր են կառուցվում։

Նշված փողոցներում նաև ջրահեռացման համակարգ է կառուցվել։

Աշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։

Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել նաև Արծրունի եղբայրներ 2-րդ նրբանցքը, Միքայելյան փողոցի 1-ին նրբանցքը, Սիրունյան փողոցը, Գրիգոր Լուսավորչի 1-ին փակուղին, Վաղարշակ Փոշոտյան փողոցը, Ազատության 1-ին նրբանցքը, Ազատության փողոցի 1-ին նրբանցքի 4-րդ շենքի բակը, Ազատության փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղին և Բոշնաղյան փողոցի 1-ին նրբանցքը։

Ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է  600 միլիոն  դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը,  55 տոկոսը՝  Գավառի  համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի ընթացքում։

Գեղամա աշխարհ

9 դիտում