Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՕԳՈՍՏՈՍ

Ես տեսել եմ քեզ օվկիանոսներում,
ափ է քեզ նետել ծովը անմատյան,
դու ժայռեր ես հին պոկել երկնքից, —
և չես թաքցրել թախիծ ու պարան։
Ես տեսել եմ քեզ Նեղոսի ափին,
անապատներում(դեռ եգիպտական),
երբ սալերն էին թրծվում ավազին, —
դու իմ դեմքն էիր նկարում վրան։
Այրն ես դու եղել իմ հայրենիքի,
ինձ ես պաշտպանել ցրտից դու ձմռան,
խոստացել ես ինձ եղեգներ գտնել
ու ինձ նվիրել քո որսը միայն։
Քոնն եմ ես եղել բյուր հովիտներում,
բյուր բլուրներում, — ու փեշին լեռան,
ինձ համար ոսկե խարույկ ես վառել,
ու չենք ունեցել նույնիսկ մենք վրան։
Պատմությունը իմ պատմությունն է քո,
քո ձեռքերը իմ կյանքն են անկայան,
Աստվածուհի ես կոչել ինձ Հացի,
գործել ինձ համար զամբյուղ ու ուռկան։
Ինձ ես դու փնտրել Բաբելոններում,
ինձ ես դու տվել քո խաչը բռան,
երբ հասկեր էիր հանում քո մոխրից, —
ու դեռ չկային Լեզուներն անգամ…
Անահիտ Մխիթարյան
Զոլաքար
Հետգրություն-Անահիտ Մխիթարյանը ծնվել է 1981 թվականին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։ Մասնագիտությամբ բանասեր -մանկավարժ է։ Աշխատել է Զոլաքարի մանկապարտեզի գործավար, թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանի  դաստիարակ, հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել “Հայաստանում Եվրոպական քոլեջ” հիմնադրամի մասնաճյուղում ։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են մամուլում, առանձին գրքերով։ Բանաստեղծությունների քնարական շունչը, ինքնատիպ ոճը, պատկերավոր մտածողությունը զգացվում է նրա ամեն մի տողում, ամեն մի ստեղծագործության մեջ։
“Գեղամա աշխարհ”
112 դիտում