
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում՝ Հայաստանի ազգային պատկերևասրահի Մարտունու մասնաճյուղում բացվել է գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Արամայիս Խլղաթյանի «Հոգու հայրենիք-2» գեղանկարչական անհատական ցուցահանդեսը։
Ինչպես տեղեկացրեց Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Անահիտ Գևորգյանը, ավելի քան կես դար ստեղծագործող Արամայիս Խլղաթյանն իր արվեստով ու նվիրումով անգնահատելի ավանդ է ունեցել Մարտունիում կերպարվեստի զարգացման գործում․ նա հիմնադրել է տեղի գեղարվեստի դպրոցը՝ կրթելով շնորհաշատ սերունդներ, ինչպես նաև հեղինակել մի շարք քանդակագործական ու գեղանկարչական սիմպոզիումներ։
Ցուցահանդեսին ներկայացված շուրջ 50 գեղանկարները մարդկանց ու սերունդներին փոխանցում են հայրենի բնաշխարհի, լեռների ու ձորերի առանձնահատուկ հմայքը։
Ցուցահանդեսի բացմանըՄարտունու համայնքապետարանի, համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչների, արվեստասերների, մասնակցել են նաև 2024 թվականին Մարտունիում կայացած Գեղանկարչական սիմպոզիումի բոլոր 15 մասնակից նկարիչները։

Անահիտ Գևորգյանի բացման խոսքից հետո ելույթ են ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը (Վարպետ Թաթոս) և օրվա հերոսը՝ Արամայիս Խլղաթյանը։
Միջոցառման ընթացքում ազդարարվել է նաև Մարտունիում 10 գեղանկարչի մասնակցությամբ եռօրյա պլեներային աշխատանքների մեկնարկը։
Մարտունու համայնքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող նախագծի ավարտին հեղինակներն իրենց աշխատանքներից մեկական գործ կնվիրեն համայնքին՝ համալրելով սիմպոզիումի արդյունքում արդեն իսկ ստեղծված 47 աշխատանքների հավաքածուն։
«Հոգու հայրենիք- 2» ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 20-ը։
Գեղանկարիչ Արամայիս Խլղաթյանի տեղեկացմամբ՝ օգոստոտսի 18-ի դրությամբ եռօրյա գեղանկարչական պլեներային աշխատանքներն արդեն ավարտված են, ու մի քանի օրից Մարտունի համայնքի բնաշխարհը պատկերող գեղանկարչական աշխատանքները կներկայացվեն ցուցադրության։
Խոսրով Խլղաթյան