Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ  

Օգոստոսի 12-ին, Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, Գեղարքունիքի մարզի համայնքներում տեղի են ունեցել  տարաբնույթ միջոցառումներ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Գավառ քաղաքի մշակույթի տանը գործող «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում «60 վայրկյան երիտասարդություն» թեմայի շրջանակներում կայացել է հանդիպում, որի ընթացքում երիտասարդներին հնարավորություն  է տրվել՝  արտահայտելու իրենց տեսակետը, ստեղծագործական մոտեցումը և պատմելու իրենց պատմությունը կարճ տեսանյութի միջոցով։

Նույն  կենտրոնում անցկացվել է  «Ձգտումների պատ» թեմայով հանդիպում-քննարկում, որտեղ երիտասարդներն  արտահայտել են  իրենց երազանքները, նպատակները, ցանկությունները և ապագայի վերաբերյալ պատկերացումները։

Գավառ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում տեղի  է ունեցել  հեծանվարշավ։

Մարտունի քաղաքի Ալ․ Մյասնկյանի անվան հրապարակում կյացել է  բացօթյա համերգ։

Ճամբարակ քաղաքում կազմակերպվել է  «Մենք կարող ենք միասին» խորագրով արշավ- ուխտագնացություն դեպի Սուրբ Գրիգոր եկեղեցի, որից հետո «ՃամբԱրԵ» Ճամբարակի երիտասարդական համայնքային կենտրոնում կայացել է  ֆիլմի դիտում և քննարկում։

Վարդենիս քաղաքի Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում, համայնքի տարբեր բնակավայրերի երիտասարդների մասնակցությամբ, անցկացվել է  քաղաքային քվեստ-մրցույթ, որին հաջորդել է  տոնական համերգային ծրագիրը։

Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում երիտասարդների համար կազմակերպվել է քննարկում՝ «Շունչ» թատրոն-«Պատերազմի ցեցը» թեմայի շրջանակներում։

Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի մանկական զբոսայգում «Երիտասարդների ձայնը հանուն ապագայի» թեմայի շրջանակներում տեղի  է ունեցել  հանդիպում-քննարկում՝ բնակավայրի հաջողություններ և ձեռքբերումներ ունեցող երիտասարդների հետ, որն ուղեկցվել է  համերգային ծրագրով։

Սևան քաղաքի «Վահե Ստեփանյանի անվան կենտրոնացված գրադարանների համակարգ» ՀՈԱԿ-ում «Նկարազարդ իրականություն» թեմայի շրջանակներում տեղի է ունեցել  հանդիպում-քննարկում Հ. Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի երիտասարդ նկարիչների հետ։

Սևան քաղաքի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում անցկացվել է  հեծանվարշավ, նույն տարածքում «Գտիր քո ռիթմը, եղիր համարձակ» թեմայի շրջանակներում երիտասարդների համար անցկացվել է բացօթյա երաժշտական միջոցառում։

Գեղամա աշխարհ

10 դիտում