
Բարձրանում եմ Ջրի ոգուն ընդառաջ՝
Արագածի արեւելյան փեշի մոտ,
Գեղարոտի ձորով ծաղկուն ու կանաչ,
Ժայռերի տակ՝ արեւահար ու հպարտ։
Ապառաժե երկնակարկառ բարձունքից
Ջուրն է թափվում գոռ, միալար շառաչով,
Վարսերն արձակ, անկանգ երթում, սրընթաց՝
Հանց գեղանի հավերժահարս՝ վառ քողով․․․
Լույսի շողն է փարվում ջրի վարսերին,
Գունախաղի պատկերներն են փայլփլում,
Փերիների պարն է ճկուն ալիքվում
Համերգի տակ մշտակարկաչ ջրվեժի․․․
Իսկ ջրվեժը գետ է դառնում շառաչուն,
Ձորով իջնում դեպ իր ճամփան հավերժի,
Ջինջ ու զուլալ իր էությամբ ոգեղեն՝
Արարչական մի զորավոր համբույրի․․․
Ես գնում եմ համառորեն դեպի վեր,
Դեպ Ակունքը վսեմափայլ ջրվեժի,
Ուր Բնությունն անմահ հրաշք է երկնել՝
Հայացքի տակ գաղտնախորհուրդ աստղերի։

Մոտենում եմ․․․Ջրի ոգին սիրահար
Տապ-տոթի մեջ Ցող է դառնում մոգական,
Իջնում դեմքիս կարոտակեզ, դողահար,
Ոտքից գլուխ հպումներով ինձ թրջում։
Հայտնվել եմ կախարդական եզերքում,
Երանության բույրերի մեջ ցանկալի,
Ցողիկը պաղ դիպչում է տաք իմ սրտին,
Ես լսում եմ որոտները Կայծակի։
Հոգիս Կավե ծույլ մարմինն է ինձ թողնում,
Ինքն է գնում Երազային ճախրանքի։
Մայրամուտը ցնծում է ու հմայվում՝
Անհանդերձանք, կայտառ, պայծառ, հոլանի․․․
Ապա հոգիս հողի հետ է համբուրվում,
Քնքուշ ու զով մայրամուտի Հովիկի․․․
Հայրանում է Հայ աշխարհս հողեղեն՝
Ավետելով ծնունդը նոր Վահագնի։
Ապա հոգիս Արագածի բարձունքից
Ճախրով գալիս ու սուզվում է ջինջ գետի
Դիցեր ծնող , հզորազոր , սրբացած
Ջրերի մեջ Մկրտության ավազանի։
Ապա հոգիս վերջին զարկով Մահն է ջնջում,
Ելնում կրկին Ջրի ոգուն ընդառաջ,
Որտեղ կյանքն է արյան եռքով տրոփում,
Որտեղ Սերն է այսքան, զուլալ, մշտագոչ․․․
Խոսրով Խլղաթյան
5-12-08․ 2026 թ․
Արագած-Գավառ