
Արագած լեռան գողտրիկ ու գեղատեսիլ անկյուններից մեկն էլ Գեղարոտի ջրվեժն է, որը շրջապատված է բարձրաբերձ լեռնակատարներով ու ողորկ, ուղղահայաց ժայռաշղթաներով։ Այստեղ բնությունը փայլատակում է ծաղիկների ու քարերի բազմաթիվ երանգներով, ձյան ճերմակ շերտով, որոտում ջրի հզոր գոչյունով, համերգում գետի շառաչով, քամիների սոսափյունով կամ պոռթկումներով։ Հազար անգամ էլ որ ընթերցես Գեղարոտի ջրվեժի շռայլությունների մասին, միեւնույն է, այն տպավորությունը չես կարող ստանալ, ինչ որ ստանում ես քո կյանքում գոնե մեկ անգամ այն սեփական աչքերով տեսնելուց։

Գեղարոտի ջրվեժ մեկնում ենք «Աժդահակ Տուր»-ի ղեկավար Թաթուլ Տոնոյանի հետ։
Գավառից հասնում ենք մայրաքաղաք ու Աշտարակ՝ մեր կազմը համալրելու մարդկանցով, ովքեր ցանկացել են միանալ մեր օրվա երթին։ Դուրս ենք գալիս Թալինի Արագած գյուղից ու ուղղություն վերցնում դեպի Գեղարոտի ջրվեժ, որը գտնվում է այդ բնակավայրից 12 կիլոմետր արևմուտք։
Դեռ հեռվից երեւում են Արագածի արեւելյան կողմի երկու գագաթները, որոնց լանջերին սպիտակին են տալիս ձյան առատ շերտերը։ Մենք առաջ ենք շարժվում նույն Գեղարոտի ձորի միջով, որտեղով էլ հոսում է ջրվեժից թափվող համանուն գետը։ Ալպիական փարթամ բուսականությունը դեռ սքանչելի ու վառ ծաղկունքի մեջ է։ Մեր աչքերի դեմ փռված են սրոհունդի, խռնդատի, ուրցի, սուսամբարի, ճարճատուկի, դաղձի, այլ բույսերի ծաղկաբույլերը։ Առավել տարածված են «իվանչայի» կամ կիպրեայի ծաղկաբույլերը, որոնք ե՛ւ խիտ են , ե՛ւ բարձրահասակ՝ իրենց կապտագույն երանգներով գրավելով մեր ուշադրությունը։ Այս բույսի թեյատու հատկությունների մասին տեղեկությունը հաղորդում է մեր խմբին միացած Աննա Համազասպյանը, ով վարում է «Սիրուն Հայսաստանս» ֆեյսբուկյան էջը՝ ներկայացնելով Հայաստանի բնապատմական հուշարձանների հրապույրներն ու շռայլությունները։

Ճանապարհին անսպասելիորեն խափանվում է մեր մեքենայի աշխատանքը, և Թաթուլ Տոնոյանը, մեր խմբին միացած Հովիկը, Նորայրն ու Արմանը գործի են դնում իրենց իմացությունը՝ վերականգնելու այդ խափանումը։ Ի դեպ, զարմանալիորեն, այսքան երթերի մեջ առաջին անգամ էր պատոհում, որ Թաթուլի «Վայրենագնացը» խափանվեր, այն էլ սովորական ընթացքի պահին։
Աննա Համազասպյանն առաջարկում է մեր խմբի մյուս անդամին՝ Լուսինե Ղադիմյանին՝ բնության մեջ ազգային պար բռնելու, որը պետք է աղոթքի պես տեղ հասնի, ու Արարչի կամոք վերանա մեքենայի անսարքությունը։
Եվ բնության այս գողտրիկ անկյունում երկու շնորհալի, հայրենասեր ու բնասեր հայուհիները, ձեռք ձեռքի տված, երաժշտության ներքո թնդացնում են «Ապարանի գովդնդը», իսկ մենք դարձել ենք այդ հոգեբուխ ներկայացման երջանիկ հանդիսատեսները։

Տող առ տող փորձում եմ վերհիշել Ավետիք Իսահակյանի «Ալագյազի մանիներ» պոեմը, որտեղ պարզապես կենդանի գույներով ու արարչական շնչով են ներկայացված Արագածի ողջ պերճանքն ու շռայլությունները։
«Ալագյազը` աստղերի մեջ`
Ադամանդե թագը` գլխին`
Սարերեն վեր, ամպերեն վեր,
Թիկն է տվել զմրուխտ-գահին:
Սինամ հավքի թևեր ունիմ,
Թռնիմ, կերթամ Ալագյազ,
Ճակտիս աստղե պսակ ունիմ,
Վարդ ու բլբուլ, սեր ու սազ,-
Արի գիրկս, մարմար Զարոս,
Թռնինք, երթանք Ալագյազ:
Այս տողերը շատ հաճախ եմ սիրով արտաբերել, մտքիս մեջ պատկերացրել Արևագածի հմայքները, սակայն չեմ պատկերացրել, որ մի գեղեցիկ օր էլ պետք է ճամփորդեմ Արագածի արեւելյան կողմում փռված Գեղարոտի ձորի միջով։
Նայում եմ Արագածի՝ մեր կողմից երեւացող գագաթներին, Գեղարոտի ձորի լանջերին, անսահմանորեն տարածվող ծաղիկունքին, լսում գետի շառաչյունն ու գլգլան աղբյուրների քչքչոցը ու ինքս էլ փորձում եմ օրը բնության մեջ գեղեցկացնել իմ շնորհով՝ արտասանելով Իսահակյանի պոեմի սքանչելի շարքը․
«Դու, Արագա´ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ` բյուրեղ վրան
Թափառական ամպերի:
Սեգ ժայռերդ` արծվի բույն,
Լճակներդ` լույս փերուզ,
Առուներդ` մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս:
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ` գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ:
Թիթեռներդ` հուր-հրեղեն
Թռչող, ճախրող ծաղիկներ.
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ:
Ծիրանավառ դու´ն թագուհի,
Բուրումների դու´ն աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր:

Մեր ոտքերի տակից փախչող սառնորակ աղբյուրների զորությունը զգում ենք այն ժամանակ, երբ հացի նստելիս ջրի մեջ ենք դնում մեզ հետ տարած խմիչքները։ Ընդամենը հաշված րոպեների ընթացքում շոգ եղանակի ներքո տաքացած շշերը գրեթե սառույցի չափ սառնություն ու ախորժալի զովություն են պարգեւում մեզ։
Անհամբեր սպասում ենք մեքենայի աշխատանքի վերականգնմանը, քանի որ Թաթուլը որոշել է Գեղարոտի ջրվեժը տեսնելուց հետո մեզ քայլարշավի տանել դեպի Մանթաշի ջրվեժ ու հովիտ։ Իսկ ես մտքիս մեջ շշնջում եմ Իսհակյանի պոեմի այն տողերը, որոնք ձոնված են Մանթաշին․
«Է~յ Մանթաշի երազ-հովի´տ,
Դու´ն զմրուխտե օրորո´ց.
Ծաղիկներդ լուսափթիթ`
Վրաս մետաքս-վառ ծածկոց:
Աղբյուրներդ` բյուրեղ զանգեր,
Հովերդ անուրջ կըբերեն,
Մոռացումի թովիչ երգեր,
Հովերդ անուշ կօրորեն:
Հուր-հավքերդ` թևերն արծաթ,
Կտուցները` լալ-մարջան,
Ինձ կըպատմեն ոսկի հեքիաթ
Աշխարհներեն դյութական:
Ալմաստ առուն` մոր պես անքուն`
Նանիկ կասե, օ´ր-օր, օ´ր.
Անուշ նանին զառ մանկության,
Նանի~, նանի~ , օ´ր-օր, օ´ր…»։
Վերջապես, տեւական ջանքերից հետո, Թաթուլը գործարկում է իր «Վայրենագնացը», ու մենք խորանում ենք Գեղարոտի ձորի մեջ, որը վերջանում է ժայռեղեն բարձրաբերձ շրջագծով, որի կատարներից էլ միատեղվում ու հուժկու շառաչով թափվում է Գեղարոտի ջրվեժը։ Պապանձվել-մնացել ենք նման հրաշք գեղեցկությունից, կախարդական եզերքի գույներից ու աղմուկներից, մեր կյանքի այդ սքանչելի ակնթարթից։ Թափվելով բարձունքից՝ Գեղարոտի ջրվեժը դառնում է շառաչուն գետ ու սրընթաց գնում դեպի ցած, դեպի իր մայր գետ Քասաղը։ Օգոստոս ամսի սկիզբն է, սակայն դեռ Գեղարոտ գետը հորդ ու վարար է, պաղպաջուն ու փրփրադեզ։
Խմբով քայլում ենք դեպի ջրվեժ՝ ավելի մոտիկից զգալու նրա անմահական շունչը։ Ջրվեժ ենք բարձրանում Գեղարոտ գետի հարավային ափից։ Վերելքը շատ բարդ է, մեր աջ կողմում թեք անդունդ է, որը պիտի հաղթահարենք ամենայն զգուշությամբ։

Որքան մոտենում ենք Գեղարոտին, այն մեր դեմ պատկերվում է վարսերն արձակ հավերժահարսի պատկերով՝ մաքուր, անապական, սլացիկ, երգեցիկ, գեղանի։
Որքան մոտենում ենք ջրվեժի շառաչին, այնքան դժվարանում է շնչելը, քանզի երկնքից թափվող շոգն այստեղ ոչ միայն կոտրվում է, այլ վերածվում սառնաչունչ հովի ու ցողի եւ անարգել նստում մեր մազերին, այտերին, աչքերին, հագուստներին։
Իսկական Վարդավառի հանդեսի մեջ ենք, ու մեզ ցողող, ջրող ուժն ամենազոր բնությունն է, մշտագոչ ու մշտակարկաչ Արագածը։ Բայց , որքան կարողանում ենք շարժվել առաջ, այնքան մեջս թարմություն ու կայտառություն եմ զգում, եռանդ ու վճռականություն։ Ու այդ դժվարին երթի մեջ սկսում եմ ըմբռնել, որ Աստվածային այս լեռների գրկում ինձ ու օրվա ընկերներիս գրկում են Ջրի ոգիները, որոնց հայ մեծանուն բանաստեղծ Միսաք Մեծարենցը կոչել է «Ջրանույշ պայիկներ»։ Տեսնես որտե՞ղ է արդյոք հայ գրականության կուռքերից մեկը, այդ հիվանդ ու հանճարեղ պատանին, ողջ խորությամբ ու հոգու թրթիռներով զգացել Ջրի ոգու կենարար, սիրառատ ուժը, որ այսպիսի տողեր է երկնել․
« Նավակներ մեկնեցան ամենն ալ, բաղձանքով ակաղձուն.
հեռացան ամենն ալ` ծըփանուտ Երազիս ափունքեն.
անձուկին բոցը զիս պաշարե՜ց. Ըսպասման հիվա՜նդն եմ.
հոգեսարս դողերով և հուրքով միշտ ցայգերն են հըղի.
գիշերներն ես համբուն կը սպասեմ ծիրանի այն դարձին.
ու ցայգուն ալ կ’անցնիմ ավազուտ ափունքեն` դողահար`
սրտաթափ ու խանդոտ երազի կայծերով առլըցուն:
Դարձուցե՜ք նավակներս հողմավար, ջրանո՜ւյշ պայիկներ,
դարձուցե՜ք նավակներս դյութավար, իրիկվա՜ն հովիկներ…»։
Ջրանույշ այդ Պայիկների սիրագորով համբույրների մեջ, ոտից գլուխ թրջված, հուզմունքով նստում եմ նույնքան թաց կանաչների վրա՝ աղոթքով ու մրմունջով Մեծարենցյան անուրջներն առ Երկինք առաքելու։
Վերադառնում ենք ձեռք ձեռքի տված, առավել զգուշորեն, երբեմն ընկնելով ու բարձրանալով, քանզի վայրէջքն ավելի վտանգավոր է վերելքից։

Մինչ կհասնենք գետափի հարթ տարածք, Թաթուլն ու Արմանն արդեն կրակ են վառել, հացի պատրաստություն են տեսնում։ Արդեն քիչ-քիչ իրիկնանում է։ Թաթուլը ափսոսանքով մեզ հայտնում է, որ դեպի Մանթաշի ջրվեժ քայլարշավը մեկ այլ անգամ կանենք, քանի որ մութը քիչ անց կընկնի, դրա համար մենք շատ քիչ ժամանակ ունենք։
Մեջս անզսպելի ցանկություն է առաջանում՝ հանվել ու պառկել Գեղարոտի սառնաշունչ, զրնգուն ջրերի մեջ։ Երակներիս մեջ արյունը համարյա կանգ է առնում ջրի սառնությունից, բայց փորձում եմ ավելի երկար դիմանալ։ Ու մկրտվում եմ հայրենի սրբազան ջրով, որ ինձ փոխանցվի նրա զորավոր, վարարուն ուժը, սիրառատ կամքը, Հայրենիքի արարչական ոգին։
Ինձ այնպես է թվում, որ որ իմ ծննդյան ակունքը բխում է հենց այստեղից ու հավերժական կանչով գնում է դեպի հեռավոր եթերներ։
Ջրից դուրս գալուց հետո, Հայրենիքի ոգու զգացողության տպավորությունների տակ արտասանում եմ Դանիել Վարուժանի «Նավասարդյան» բանաստեղծությունը, որը ձայնագրում է Աննա Համազասպյանը եւ տեղադրում իր էջում։
Հետո Գեղարոտի ջրվեժ են գալիս այլ բնասեր ուխտավորներ՝ իրենց ընտանիքների հետ։ Մեր թեթեւ ու համեստ հացկերույթը վերածվում է ազգահավաքի ու մտերմության անկրկնելի երեկոյի։ Մի ընտանիք եկել է Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքից։ Վարդանյան ամուսինները ծնվել ու մեծացել են Երեւանում, սակայն այժմ ապրում են օտարության մեջ, ու ժամանակ են գտել՝ հայրենիք այցելելու ու տեսարժան վայրերով հիանալու համար։ Խոսքուզրույցը շատ ավելի կարոտալի երանգ ունի, մանավանդ, որ քիչ հետո հրաժեշտ ենք տալու իրար։

Տուն ենք վերադառնում այնժամ, երբ մութը լրիվ տիրում է Գեղարոտի ձորին։ Վերադառնում ենք անմոռաց տպավորություններով ու այն ակնկալիքով, որ շատ անգամներ ենք դեռ գալու Հայոց պաշտամունքի լեռ ու օրրան համարվող Արագած՝ հմայվելու նրա գաղտնախորհուրդ հրաշքներով։
Գեղարոտի ջրվեժն առաջացել է Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3000 մետր է։ Գեղարոտի ջրվեժի սառնորակ ջրերը գալիս են Արագած լեռան խառնարանից և գահավիժում 25 մետր բարձրությունից: Այն ընդգրկված է ՀՀ բնության ջրագրական հուշարձանների ցանկում:
Խոսրով Խլղաթյան