Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ԹԱՔՆՎԱԾ ԽԱՉՔԱՐԵՐԻ ԵՎ ԼՔՎԱԾ ԳՅՈՒՂԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Գեղարքունիքի եւ Արարատի մարզերի սահմանաբաժան գոտում, Մարտունի համայնքի վարչական տարածքում, Գեղամա լեռնավահանի հարավարեւելյան մասում, Մարտունի քաղաքից շուրջ 30 կիլոմետր դեպի հարավ- արեւմուտք գտնվում է մի լքված բնակավայր, որը 1949 թվականից ի վեր ամառային արոտավայր է ծառայում Զոլաքարի ու Լիճքի տնտեսությունների համար։
Իսկ նրա բնակիչները, որոնք այստեղ հաստատվել են Մեծ Եղեռնից հետո, Արեւմտյան Հայաստանի Մշո գավառի Թեղուտ գյուղից, 1918-1919 թվականներին, մոտ երեք տասնամյակ անց ՀԽՍՀ կառավարության որոշմամբ բնակության են տեղափոխվել Արարատյան դաշտավայր։
Այս բնակավայրը, որը կրում է Սառնաղբյուր անունը, այժմ շատ ավելի ավեր, քան թե շեն վիճակում է, քանի որ անասնապահությամբ զբաղվողների թիվը վերջին տասնամյակների ընթացքում կտրուկ կրճատվել է Զոլաքարում ու Լիճքում, իսկ սարվորների լքված տները փլուզված կամ կիսականգուն վիճակում են։
Մեզ դիմավորող Սեւադա Ավետյանը, որ համարվում է Մարտունի համայնքի Զոլաքար գյուղի բնակիչ, ծնվել է հենց Սառնաղբյուրում, հեռավոր 1965 թվականին, Զոլաքար գյուղի սարվոր մարդկանց ընտանիքում ու մինչ օրս, ամառային ու աշնանային ամիսներին անբաժան է իր ծննդավայրից։
Նա գիտի Սառնաղբյուրի ամեն մի անկյունը ու մեզ սիրով առաջնորդում է դեպի հին ջրաղացներ, բուխարիկով ջեռուցվող հին տներ, եկեղեցու ու մատուռի ավերակների մեջ պատսպարված խաչքարեր։
Դրանցից առաջինը գտնվում է Սառնաղբյուրի հարավարեւմտյան կողմում, մատուռի ավերակի մեջ։ Այն իր պատրաստման ոճով իններորդ դարի կոթող է, գեղաքանդակ, խաղողի ողկույզներով ու այլ զարդամոտիվներով։
Երկրորդ գեղաքանդակ խաչքարը, դարձյալ իններորդ դարում պատրաստված, գտնվում է Սառնաղբյուրից մի քանի կիլոմետր արեւմուտք, “Քյավառի յայլա” կոչվող վայրում, 9-10-րդ դարերում թվագրվող եկեղեցու ավերակների մեջ։
Այս խաչքարը եւս ուրույն կերտվածք ունի, գրավիչ զարդանախշեր։
Ներքեւի մասից թեեւ այն կոտրված է, սակայն հարավային պատին հենված վիճակում կազմում է մեկ ամբողջություն։
Եկեղեցու ավերակներից մի քանի մետր այն կողմ կա բրոնզեդարյան դամբարան, սակայն բացված ու թալանված վիճակում։
Երրորդ խաչքարը Սեւադան մեզ ցույց տվեց Սառնաղբյուրի արեւելյան թեւում՝ կիսավեր անասնագոմի արեւմտյան պատին հենած։ Այն թեեւ չափսերով փոքր է, սակայն երեւելի է իր տեսքով, պատրաստման շատ վաղ թվականով։
Սառնաղբյուրի արեւելյան թեւում, ուղիղ ճանապարհաեզրին, տարածվում է 20-րդ դարի 1920-1948 թվականների գերեզմանոցը, ուր ամփոփված են Մեծ Եղեռնից մազապուրծ ու այս հողի վրա նոր հայրենիք գտած հայ ընտանիքների անդամների աճյունները։ Բոլոր շիրմաքարերը կրում են մահացածների անուն-ազգանունները, ծննդյան ու մահվան ստույգ թվականները, խաչի քանդակներ։
Նրանցից եւ ոչ մեկի հարազատները հիմա չեն բնակվում այստեղ, այս շիրիմներին մոտիկ, սակայն, ինչպես վկայում է Սեւադան, այստեղ ամփոփված հանգուցյալների հարազատներից ոմանք հաճախակի այցելում են իրենց ծնողների կամ պապերի ու տատերի շիրիմներին, գյուղից առնում իրենց պապերի կարոտը։
Սեւադան վկայում է, որ Սառնաղբյուրը ժամանակին եղել է այս տարածքի ամենաշեն, ամենահարուստ գյուղերից մեկը, որի տնտեսություններն ունեցել են մեծ քանակության անասուններ, մշակվող մեծ հողատարածքներ ու գյուղմթերքների բավականաչափ առատություն։
-Ծնողներս ասում էին, որ հենց այս գյուղում են սովի տարիներին մի բուռ գարին փոխանակել մի բուռ ոսկու հետ։ Բացի այդ, այս գյուղի տարածքում ժամանակին նաեւ քրդեր են բնակվել, որոնք տարբեր առիթներով հաճախակի բախումներ են հրահրել հայ բնակչության հետ։ Այս գյուղը դպրոց է ունեցել, ակումբ-գրադարանի շենք, որոնցից միայն ավերակներն են հիմա մնացել։ Անգամ պահպանված մի քանի հղկված քարերից կարելի է եզրակացնել, որ այդ շենքերը գեղեցիկ, ճարտարապետական տեսք ունեին։ Ես այդ շենքերը հիշում են կանգուն վիճակում,-պատմում է Սեւադան։
Այսքանով էլ կարելի է եզրակացնել, որ այս բնակավայրը գործել է անհիշելի ժամանակներից, ուր մարդիկ կարողացել են թողնել պատմամշակութային որոշակի ժառանգություն ու հայկականության անջնջելի հետքեր։
Մի այլ տխուր վիճակագրություն է բերում Սեւադան Սառնաղբյուրի անցած ու ներկա օրերի համեմատության մասին, որը հնչում է ավելի ցավագին, ավելի մտահոգիչ։
-Խորհրդային Միության փլուզումից առաջ Զոլաքարից Սառնաղբյուրում ամառային արոտավայր եկող ընտանիքները, սովխոզի անասնագլխաքանակի հետ միասին, պահում էին մինչեւ 1200 խոշոր, 1000-ից ավել մանր եղջերավոր անասուններ։ Լիճքի տնտեսությունների թվերին թեպետ չեմ տիրապետում, սակայն նրանք էլ հազարին հասնո կամ ավել անասնագլխաքանակ էին բերում այստեղ։ Մինչդեռ հիմա խոշորի թիվը հազիվ անցնում է 40-ը, իսկ մանրի գլխաքանակն իսպառ բացակայում է, ընդամենը մի քանի տնտեսություն է ամռանը գալիս Սառնաղբյուր, անասնակերի բերքահավաքի ծավալներն անասելի կրճատված են, արոտավայրերն ու խոտհարքերն օգտագործվում են ոչ լիարժեք։
Քայլում ենք Սառնաղբյուրի նեղլիկ, ոլոր-մոլոր փողոցներով, որտեղ մի ժամանակ եռացել է կյանքը, սակայն այժմ դրանք պատված են կանաչ կամ կիսաչոր մոլախոտերով, փշերով ու խռիվներով։ Կիսաքանդ վիճակում կամ դեռ կանգուն, սակայն դռներին կողպեքներ կրող տները մեզ վրա թողնում են հերթական ճնշող տպավորությունը։
Սառնաղբյուրի հարավային եզրին, ջրաղացների մոտ, ժայռի կրծքից բխող աղբյուրի կողքին Զոլաքար գյուղի բնակիչ, այս պահին ՌԴ Նիժնի Նովգորոդում ապրող Արայիկ Ռազմիկի Գրիգորյանը ժամանակակից տուն է կառուցել՝ արեւային ֆոտովոլտային կայանով։ Բնության այս սքանչելի անկյունում վեր բարձրացած այս տունը կարող է դառնալ շուրջտարյա գործող հյուրատուն՝ ընդունելով հայ ու արտասահմանցի բազմաթիվ զբոսաշրջիկների, ովքեր այս տարածքում անգնահատելի, անկրկնելի պատմամշակութային ու բնական հրաշալի հուշարձաններ կարող են տեսնել ու միաժամանակ օգտվել բնության ողջ շռայլություններից։
Բավական է ասել, որ Սառնաղբյուրի շրջակայքում է գտնվում Թմբուկայր կամ Նաղարախան ամրոցը՝ հիմնված Քրիստոսից առաջ առաջին հազարամյակում, Սուրբ Վարդան եկեղեցին, հսկայական չափերի բազալտակուռ աղավնու քանդակը, հնագույն բնակատեղիներ, ժայռաքանդակներ։ Բազմաթիվ են
սառնորակ աղբյուրները, ժայռախմբերը, սարավանդներն ու լեռնագագաթները, ձորերը, բլուրները։
Այս հատվածներից են գոյանում Արգիճի գետի ոլորանները, որոնք հսկայական սարահարթի վրա նմանվում են գալարվող, առաջ սլացող , ամեհի ու ահռելի չափերի վիշապօձի։
Գուցե թե Արայիկ Գրիգորյանի քայլը օրինակ ծառայի մյուսներին՝ Սառնաղբյուրին նոր կյանք ու շունչ տալու համար, գուցե թե մի գեղեցիկ օր մեր երկիրն ընթանա մեր լքված բնակավայրերը վերաբնակեցնելու ճանապարհով։
Հեռավոր դարերից մեզ հասած, հազար ու մի արհավիրքից փրկված ու մեր հոգեբուխ աղոթքներն ընդունող այս խաչքարերը մեզնից այդ են պահանջում՝ շենացնել ու մարդաշատությամբ լցնել Հայոց աշխարհը, այլ ոչ թե քայլել ավերակների տխուր, հոգեցունց պատկերների ու դաժան իրականության միջով, ամայության անվերջանալի արահետներով։
Խոսրով Խլղաթյան
29 դիտում